Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Ազգային Պաշտպանության նախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Ազգային Պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Ռայմունդաս Կարոբլիսին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև 2002 և 2012 թվականներին ստորագրված պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի արդյունքում ձևավորվել է ինտենսիվ և կայուն փոխգործակցություն, որի առավել զարգացման համար առկա են համապատասխան նախադրյալները:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ համատեղ ջանքեր է գործադրում, որպեսզի ստեղծվեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմաններ։ Դեսպանը հավելեց, որ պարբերաբար հրադադարի ռեժիմը խախտելով՝ Ադրբեջանն այդ կերպ ավելի է հետաձգում հակամարտության խաղաղ հանգուցալուծման հնարավորությունը:

Նախարար Կարոբլիսը վերահաստատեց ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանն ուղղված Լիտվայի սկզբունքային դիրքորոշումը:

Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց պաշտպանական ոլորտի կրթական ծրագրերի շրջանակներում լիտվական կողմից ցուցաբերվող աջակցության և փորձի փոխանակման պատրաստակամության համար:

Լիտվայի պաշտպանության նախարարը և ՀՀ դեսպանը ընդգծեցին երկու երկրների պաշտպանության նախարարությունների տարբեր պաշտոնյաների փոխայցելություններին շարունակական բնույթ հաղորդելու կարևորությունը։




Լրահոս