Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ՝ «Ժողովուրդը» շարունակում է ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորների գործունեությունը: Այսօր կանդրադառնանք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի օրենսդրական աշխատանքին: Նկատենք, որ խմբակցության ղեկավարը ԱԺ-ում իր կուսակցությունների փաստացի ղեկավարն է, եւ կոնկրետ այս դեպքում կարծես կասկած չկա, որ կհայտնվի նոր ԱԺ-ում:
Վահրամ Բաղդասարյանը հայաստանյան քաղաքական դաշտի հնաբնակներից է: ՀՀ ԱԺ պատգամավոր է 1995 թվականից, այնժամ խորհրդարանական «Բարեփոխումներ» խմբի կազմում: Հիշենք, որ վերջինս այն պատգամավորների հավաքատեղին էր, որոնք ՀՀՇ-ի անդամ չէին, սակայն ԱԺ-ում գերազանցապես քվեարկում էին իշխանության նախագծերի օգտին:
1999թ. Բաղդասարյանն արդեն «Միասնություն» դաշինքի պատգամավորն էր, այնուհետեւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ: 2003-07թթ. խորհրդարանում Բաղդասարյանը խուսափում էր ՀՀԿ-ի անդամատոմս ստանալուց, սակայն 2011թ. կուսակցականացվեց ու ՀՀԿ համամասնական ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր: 2014թ. մայիսից ղեկավարում է ՀՀԿ խմբակցությունը: Նշենք, որ Բաղդասարյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ: Նա ակտիվորեն սատարում է Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններին` խորհրդարանում կազմակերպելով ՀՀԿ-ականների կողմ քվեարկությունները:
Բաղդասարյանի՝ վերջին տարիներին հնչեցրած տարբեր աղմկահարույց հայտարարություններից հանրությունը, թերեւս, երբեք չի մոռանա ապրիլյան պատերազմից հետո նրա արած հայտարարությունն առ այն, որ պատերազմի արդյունքում հայկական կողմի կորցրած 800 հեկտարը «ամայի ու չմշակվող տարածք էր»:
Եվ, ահա, դիտարկելով նրա քաղաքական կենսագրությունը` ամենեւին էլ զարմանալի չէ, որ նա խորհրդարանում ներկայացված օրինագծերի 95 տոկոսին կողմ է քվեարկել: Բաղդասարյանը բացակայել է ԱԺ 31 նիստերից, դեմ քվեարկել 7 անգամ: Հատկանշական է, որ 5 տարվա ընթացքում նա ձեռնպահ է եղել 2 անգամ, քվեարկությունից հրաժարվել 4 անգամ: Վ. Բաղդասարյանը հարցերով հանդես է եկել 22, ելույթով` 49 անգամ:
Ի դեպ, նա համահեղինակներից է ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի, որով խմբակցությունների ղեկավարներն այլեւս իրավասու են քվեարկել բացակա պատգամավորների օգտին: Սա ՀՀԿ-ի առջեւ ծառացած լրջագույն հարցերից մեկն էր, երբ ԱԺ գալու ժամանակ չունեցող պատգամավորները երբեմն-երբեմն խնդիրներ էին ստեղծում: Վահրամ Բաղդասարյանի համահեղինակությամբ կատարված օրենսդրական այս փոփոխությամբ Սերժ Սարգսյանը ազատվեց ԱԺ-ում քվորում ապահովելու գլխացավանքից:
Ն. Հովսեփյան