Շառից-փորձանքից հեռու սկզբունքով. ինչու իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը Սերժ Սարգսյանի հրամանագիրը չեղարկելու տակ չեն ստորագրում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց հրամանագիրը՝ մահմեդական բնակչությամբ 7 երկրներից փախստականների մուտքը կասեցնելու վերաբերյալ, փաստորեն դառնում է լուրջ փորձաքար նրա վարչակազմի համար: Նախօրեին ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը միաձայն որոշեց մերժել այն վերականգնելու՝ Սպիտակ տան պահանջը եւ անփոփոխ թողեց Սիեթլի դաշնային դատարանի՝ անցած շաբաթ կայացրած որոշումը:

Դատարանի 29 էջանոց որոշման մեջ նշվում է՝ Թրամփի վարչակազմը չի ներկայացրել որեւէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հրամանագրում ներառված 7 երկրների քաղաքացիները սպառնում են հանրային անվտանգությանը: Այս որոշմանը Թրամփն արձագանքել է թվիթերյան գրառմամբ՝ «կհանդիպենք դատարանում»՝ հավանաբար նկատի ունենալով գերագույն դատարանը, որտեղ նրա հաղթանակի հավանականությունը 50/50 է գնահատվում:

Այս սկանդալային հրամանագրի կասեցման հարցում նշանակալի դերակատարում ունեցած Վաշինգտոնի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնն ասել է. «Ամերիկան օրենքի երկիր է, եւ այդ օրենքները վերաբերում են յուրաքանչյուրին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահին: Մենք ընդունում ենք, որ նախագահն ունի հրամանագրեր արձակելու լայն լիազորություններ, սակայն դրանք պետք է համապատասխանեն Սահմանադրությանը»:

Երկրում գործադիր եւ դատական իշխանությունների նման անկախությունն ու հակակշռումը հենց ԱՄՆ հզորության հիմքն է. մի բան, որը մեզանում իսպառ բացակայում է: Նախագահի հրամանագրերի սահմանադրականության շուրջ այս օրերին Հայաստանում էլ կար վիճահարույց հարց: Խոսքը առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին անցկացնելու մասին է:

Ինչպես հայտնի է՝ Ս. Սարգսյանի այս հրամանագիրը մի շարք քաղաքական ուժեր եւ փորձագետներ համարում են հակասահմանադրական եւ ներկայացնում դա փաստող հստակ հիմնավորումներ: Ինքը՝ Սերժ Սարգսյանն անգամ այս հարցի հետ կապված նշեց, որ սկզբունքորեն դեմ չէ իր հրամանագրի վերանայմանը, եթե քաղաքական բոլոր ուժերը նման ցանկություն հայտնեն /նա, իհարկե, շեշտը դրեց առավելապես խնդրի բարոյական կողմի վրա/:

Եվ, ահա, այս, թվում է, ոչ այնքան բարդ եւ քաղաքական ցնցումների չհանգեցնող որոշման վերանայման նպատակով ՀԱԿ-ի կողմից նախաձեռնված ստորագրահավաքը՝ ՍԴ դիմելու եւ հրամանագիրը վիճարկելու շուրջ, չհավաքեց անհրաժեշտ թվով ստորագրություններ: Իսկ պատճառը շատ պրիմիտիվ է. հայրենի պատգամավորների գերակշիռ մասը, «շառից-փորձանքից հեռու», չի ցանկանում իր ստորագրությունը դնել մի փաստաթղթի տակ, որով վիճարկվում է Սերժ Սարգսյանի հրամանագիրը: Էլ ուր մնաց, թե հարցը հասնի դատարան եւ այնտեղ ստանա անաչառ լուծում: Ինչպես շատ դիպուկ ձեւակերպել էր գեներալ Մանվելը՝ Հայաստանում մուրճն էլ է Սերժ Սարգսյանի ձեռքին, նալն էլ, մեխն էլ: Եվ այս իրողությունը վիճարկելու փորձ անողներ առայժմ չկան՝ անկախ իրենց ընդդիմադիր հռետորաբանության սրությունից:




Լրահոս