Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ՝ «Ժողովուրդը» շարունակում է ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորների գործունեությունը: Այսօր կանդրադառնանք ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների ղեկավարներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Ռուստամյանի եւ Հեղինե Բիշարյանի օրենսդրական աշխատանքին: Նկատենք, որ խմբակցությունների ղեկավարները ԱԺ-ում իրենց կուսակցությունների փաստացի ղեկավարներն են, եւ կոնկրետ այս դեպքում կարծես կասկած չկա, որ կհայտնվեն նոր ԱԺ-ում:
Վահրամ Բաղդասարյանը հայաստանյան քաղաքական դաշտի հնաբնակներից է, որը հասցրել է լինել գաղափարական առումով միմյանցից շատ հեռու Կոմկուսի եւ ՀՀԿ-ի անդամ: ՀՀ ԱԺ պատգամավոր է 1995 թվականից, այնժամ խորհրդարանական «Բարեփոխումներ» խմբի կազմում: Հիշենք, որ վերջինս այն պատգամավորների հավաքատեղին էր, որոնք ՀՀՇ-ի անդամ չէին, սակայն ԱԺ-ում գերազանցապես քվեարկում էին իշխանության նախագծերի օգտին: Թեեւ դա ամենեւին չխանգարեց, որ «Բարեփոխումների» անդամները 1998թ. նույնպես մեկ գիշերում փոխեն կողմնորոշումը` ՀՀՇ-ից դեպի «Երկրապահ»: 1999թ. Բաղդասարյանն արդեն «Միասնություն» դաշինքի պատգամավորն էր, այնուհետեւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ: 2003-07թթ. խորհրդարանում Բաղդասարյանը խուսափում էր ՀՀԿ-ի անդամատոմս ստանալուց, սակայն 2011թ. կուսակցականացվեց ու ՀՀԿ համամասնական ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր: 2014թ. մայիսից ղեկավարում է ՀՀԿ խմբակցությունը: Նշենք, որ Բաղդասարյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ: Նա ակտիվորեն սատարում է Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններին` խորհրդարանում կազմակերպելով ՀՀԿ-ականների կողմ քվեարկությունները: Բաղդասարյանի՝ վերջին տարիներին հնչեցրած տարբեր աղմկահարույց հայտարարություններից հանրությունը, թերեւս, երբեք չի մոռանա ապրիլյան պատերազմից հետո նրա արած հայտարարությունն առ այն, որ պատերազմի արդյունքում հայկական կողմի կորցրած 800 հեկտարը «ամայի ու չմշակվող տարածք էր»: Եվ, ահա, դիտարկելով նրա քաղաքական կենսագրությունը` ամենեւին էլ զարմանալի չէ, որ նա խորհրդարանում ներկայացված օրինագծերի 95 տոկոսին կողմ է քվեարկել: Բաղդասարյանը բացակայել է ԱԺ 31 նիստերից, դեմ քվեարկել 7 անգամ: Հատկանշական է, որ 5 տարվա ընթացքում նա ձեռնպահ է եղել 2 անգամ, քվեարկությունից հրաժարվել 4 անգամ: Վ. Բաղդասարյանը հարցերով հանդես է եկել 22, ելույթով` 49 անգամ: Ի դեպ, նա համահեղինակներից է ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի, որով խմբակցությունների ղեկավարներն այլեւս իրավասու են քվեարկել բացակա պատգամավորների օգտին: Սա ՀՀԿ-ի առջեւ ծառացած լրջագույն հարցերից մեկն էր, երբ ԱԺ գալու ժամանակ չունեցող պատգամավորները երբեմն-երբեմն խնդիրներ էին ստեղծում: Վահրամ Բաղդասարյանի համահեղինակությամբ կատարված օրենսդրական այս փոփոխությամբ Սերժ Սարգսյանը ազատվեց ԱԺ-ում քվորում ապահովելու գլխացավանքից:
ՀՅԴ խմբակցությունը ղեկավարում է Արմեն Ռուստամյանը, որը ՀՀ ԱԺ պատգամավոր է 1999 թվականից: Ռուստամյանը ՀՀՇ-ի երդվյալ հակառակորդներից է, որի կամոք մոտ երեք տարի անց է կացրել բանտում` 1998թ. Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով ազատվելով «իրադրության փոփոխության» պատճառաբանությամբ: Նա ՀՅԴ-ի հայաստանյան քաղաքականության մշակողներից է երկար տարիներ եւ նույնիսկ 2008թ. հավակնում էր դառնալ ՀՅԴ-ի թեկնածուն նախագահական ընտրություններում: 2005թ. Արմեն Ռուստամյանը Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների շտաբի ղեկավարն էր` ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ: 2009-ից ընդդիմադիր ճամբարում հայտնվելուց հետո ինչպիսի փութաջանությամբ Ռուստամյանը քննադատում էր իշխանությունների քաղաքականությունը, նույնպիսի ոգեւորությամբ էլ այսօր սատարում է նրանց: Ռուստամյանն ու իր կուսակցությունը մշտապես հանդես են եկել ընտրությունների գործընթացի կազմակերպման քննադատությամբ, սակայն նաեւ շտապել են պաշտպանել դրանց արդյունքներն ու կոալիցիա կազմել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հետաքրքիր է, որ կոալիցիոն գործընկերության շրջանակներում Արմեն Ռուստամյանը Վահրամ Բաղդասարյանի հետ համահեղինակել է ԱԺ կանոնակարգ-օրենքի վերոնշյալ փոփոխությունները: 5-րդ գումարման ԱԺ-ում նա կողմ է քվեարկել 342 անգամ, դեմ` 66: Ռուստամյանը թերեւս ամենաշատը ձեռնպահ քվեարկած պատգամավորներից է` 236 անգամ: Դրա հետ մեկտեղ նա բացակայել է 278 նիստերից` քվեարկությունից հրաժարվելով 42 անգամ: ՀՅԴ խմբակցության ղեկավարը 10 անգամ հանդես է եկել հարցապնդումներով, ելույթ ունենալու համար 24 անգամ մոտեցել ԱԺ ամբիոնին: Բնական է, որ ՀՅԴ-ի` խորհրդարանում հայտնվելու դեպքում մանդատի տեր կդառնա նաեւ Ռուստամյանը` շարունակելով անմնացորդ կերպով ծառայել ժողովրդին:
«Հայկական վերածնունդի» վերածված ՕԵԿ-ը Ազգային ժողովում ղեկավարում է Հեղինե Բիշարյանը: Վերջինս քաղաքական դաշտում նավարկում է Արթուր Բաղդասարյանին զուգահեռ: Եթե Բաղդասարյանը ընդդիմադիր է, նույն կեցվածքն է նախընտրում նաեւ Բիշարյանը: 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում Բիշարյանը իր կուսակցության հետ բռնել էր արմատական ընդդիմության ուղեգիծը: Դրա վառ վկայություններից էին նաեւ քվեարկությունից հետո Բիշարյանի միանալը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին եւ ընտրությունների կեղծման մասին արված հայտարարությունները: Սակայն 2008թ. փետրվարի 29-ին Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ կնքված համաձայնությամբ Բիշարյանը մոռացավ, որ ընտրությունները կեղծվել են, եւ լծվեց մարտի 1-ի արյունահեղությանը գնացած իշխանությանը սատարելու «սուրբ» գործին: Ավելին` ԱՄՆ դիվանագետների հետ գաղտնի զրույցներում Բիշարյանը բացահայտել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալու պատճառը եղել է Արթուր Բաղդասարյանին վարչապետի պաշտոն չխոստանալը: ԱԺ-ում Հեղինե Բիշարյանը կողմ է քվեարկել 558 օրինագծերի, դեմ եղել 64 անգամ, ձեռնպահ` 163: ՕԵԿ խմբակցության ղեկավարը բացակայել է 63 անգամ, 104 անգամ էլ հրաժարվել քվեարկություններից: Իր հռետորական յուրահատուկ ձիրքով հայտնի Բիշարյանը 156 անգամ հանդես է եկել հարցերով, 124 անգամ խոսել ԱԺ ամբիոնից: Անժխտելիորեն, նա ՕԵԿ-ի առանցքային ներկայացուցիչներից է, որի ներկայությունը խորհրդարանում երաշխավորված է, եթե, իհարկե, հանկարծ Սերժ Սարգսյանը վերջին պահին չորոշի, որ ՕԵԿ-ն իրեն այլեւս պետք չէ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
«ՓԱՐՈՍԻ» ՊԵՏԻ ՇՆՈՐՀԻՎ
Նոր տարվա շեմին՝ 2016թ. դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով, որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Բերդի տարածքային գործակալության (ՍԱՏԳ) պետ Անդրանիկ Շառյանին շնորհել քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան; 53-ամյա Ա. Շառյանը 2016թ. սեպտեմբերի 29-ին է նշանակվել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Բերդի ՍԱՏԳ-ի պետ: Նա Բերդի նախկին քաղաքապետն է, ով քաղաքը ղեկավարել է 10 տարի՝ 2002-2012թթ.: Ա. Շառյանը Բերդի գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանին պարտվել է 2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Դրանից հետո՝ 2013թ. հուլիսի 16-ին, Տավուշի մարզպետ (այժմ՝ նախկին) Արմեն Ղուլարյանը որոշում է ընդունել Ա. Շառյանին իր խորհրդական նշանակել՝ նրա համար սահմանելով 150 հազար դրամ աշխատավարձ: Ա. Շառյանը որպես մարզպետի խորհրդական մի քանի ամիս աշխատել է նաեւ 2015թ. մայիսի 15-ից՝ Հովիկ Աբովյանի Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո: «Ժողովրդի» տեղեկություններով՝ իր նախկին խորհրդականին Բերդի «փարոսի պետ» նշանակելով՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նպատակ ունի խորհրդարանական ընտրություններից առաջ Բերդի տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը: Ընտանեկան նպաստ եւ միանվագ, հրատապ դրամական օգնություններ տրամադրող սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի պաշտոնը շատ կարեւոր է: Այդ պաշտոնը տնօրինողը ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում կարող է շատ ձայներ ապահովել: Մանավանդ նախկին քաղաքապետը, ով 10 տարի ղեկավարել է Բերդը, որտեղ բազմաթիվ կողմնակիցներ ունի: «Ժողովրդի» տեղեկություններով՝ առաջիկա ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով Տավուշի մարզում առաջադրվողների թվում է «Գրանդ հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ տոբակո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը: Նա ծագումով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղից է: Բերդի տարածաշրջանի բնակիչները ընտրություններում միշտ ընտրում են իրենց հայրենակիցներին: Առավել եւս, որ «Գրանդ հոլդինգը» Տավուշի մարզում, այդ թվում Բերդի տարածաշրջանի համայնքներում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Հովիկ Աբովյանի համար, սակայն, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առավել նախընտրելի թեկնածուն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն է: Նա երիտասարդ է, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ: Իսկ Բերդի տարածաշրջանի համայնքների բնակիչները նրան այնքան էլ լավ չեն ճանաչում, որպեսզի պատգամավոր ընտրեն: Եվ ահա Բերդի «փարոսի պետ» Անդրանիկ Շառյանը կարող է մեծապես աջակցել Կարեն Նազարյանի ընտրությանը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
«ՆԱԻՐԻՏԸ» ՊԱՐՏՔ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԷԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Նաիրիտ գործարան» ընկերությունը բավականին գումար է պարտք նաեւ Երեւանի քաղաքապետարանին: Ընկերության պարտքը քաղաքապետարանին կազմում է ավելի քան 166 մլն 722 հազար դրամ: Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 28-ի վճռով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցի հիման վրա: Իսկ ընկերության ՀԷՑ-ի ունեցած պարտքը կազմում է ավելի քան 1,23 մլրդ դրամ, միեւնույն ժամանակ տուգանք եւ տույժ՝ 160 մլն դրամի չափով:
ԳՈՐԾԱՐԱՐԻ՞ ՕՐ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը առաջիկայում կառավարությանը կներկայացնի գործարարի օր նշելու մասին որոշման նախագիծ: Եթե կառավարությունը հավանություն տա այս նախագծին, ապա գործարարի օրը նախատեսվում է նշել մարտի 3-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում գործարարի օրը մարտի 3-ին նշելու առաջարկը ներկայացրել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Բանն այն է, որ այս տարվա մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար եւ բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175 ամյակը: «Չանախ» պանրի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր Ղուկաս Բունիաթյանի կարծիքով՝ կառավարության այդ ժեստից իրենք իրենց լավ կզգան. «Այդ օրը մենք կարող ենք նույնիսկ մեր աշխատողներին պարգեւատրումներ անել»: