ՀՀ առողջապահության նախկին նախարար, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը մի շարք նորարարություններ է անում, որոնք հասցրել են ձանձրացնել ու անհարմարություններ առաջացնել կոլեկտիվի մի մասի մոտ: Մասնավորապես աշխատակիցներին հանձնարարվել է խորհրդակցությունների ժամանակ անջատել բջջային հեռախոսները, մտցրել է dress code. տղամարդկանց համար փողկապը պարտադիր է: Ստիպում է աշխատակիցներին աշխատավայրում մնալ մինչեւ ժամը 20:00-ն, երբեմն առանց հանգստյան օրերի: Բոլոր դասախոսներին, անկախ նրանց լեզվական կարողությունները հաշվի առնելու, ստիպում է անգլալեզու հոդվածներ տպագրել հեղինակավոր միջազգային գիտական հանդեսներում՝ հիմնավորելով, թե բուհի միջազգայնացման համար է պետք: Ամբիոնների վարիչներին պարտադրում է անիմաստ եւ անհասկանալի կանոնակարգեր մշակել: Գիշերային ժամերին սպիտակ խալաթով ցուցադրական ստուգայցերի է գնում համալսարանական հիվանդանոցներ, ամեն օր տարբեր միջոցառումներ է կազմակերպում եւ հանրայնացնում դրանք:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մուրադյանն այս աժիոտաժը կազմակերպել էր, որպեսզի ՀՀԿ համամասնական ցուցակում, հատկապես թոփ տասնյակում տեղ զբաղեցներ, բայց չստացվեց: Փոխարենը այնտեղ կան 3 այլ բժիշկներ: Իսկ Մուրադյանի ամբիցիոզ պահվածքը վկայում է այն մասին, որ իրեն զգում է նախարար կամ թերեւս ապագա նախարար: