Այսօր առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրի Ալեքսեյի Գագարինը ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու է, առաջին մարդը, ով եղավ տիեզերքում։ Գնդապետ, Խորհրդային Միության հերոս (1961թ.-ի ապրիլի 14)։

Ծնվել է գյուղացու ընտանիքում 1934թ. մարտի 9-ին։ 1951թ. գերազանց ավարտել է արհեստավորների ուսումնարանը և Աշխատավոր երիտասարդների դպրոցը, 1955թ.-ին` Սարատովի ինդուստրիալ տեխնիկումը։ Այս տեխնիկումում սովորելիս արել է առաջին քայլերն ավիացիայում։

1957թ.-ին ավարտել է Վալերի Չկալովի անվան օդաչուների I ռազմաավիացիոն ուսումնարանը և ծառայել Կարմիր դրոշի շքանշանակիր հարավային տորմիղի ոչնչացնող ավիացիայի բաժանմունքում։ 1960թ.-ին Գագարինը՝ որպես ամենատաղանդավոր օդաչուներից մեկը, ընդունվեց տիեզերագնացների խումբ։

1968թ.-ին գերազանց ավարտեց Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ 1961 թվականի ապրիլի 12-ին Գագարինն աշխարհում առաջինը թռավ երկրագնդին մոտ տիեզերային տարածություն «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով և 1 ժամ 48 րոպեում պտտվեց երկրագնդի շուրջը։

Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել երկրի վրա և այդ պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվեց տիեզերանավից և իջավ գետնին։ Այս փաստը երկար ժամանակ թաքցվում էր համաշխարհային հասարակությունից։

Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործում էր իր ունակությունները, սովորեցնում և մարզում էր տիեզերագնացներին, ղեկավարում էր տիեզերանավերի թռիչքները, դրա հետ մեկտեղ կատարում էր մեծ հասարական-քաղաքական աշխատանք։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի VI և VII գումարումների պատգամավոր էր, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ էր։

1966թ.-ից աստղագնացության և տիեզերային տարածության ուսումնասիրության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ էր։ Պարգևատրվել է Լենինի և բազմաթիվ այլ երկրների բարձրագույն շքանշաններով։ Զոհվել է Վլադիմիրի մարզի Նովոսելովո գյուղի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ։

Մահվան վերաբերյալ գոյություն ունեն մի քանի չփաստարկված տեսակետներ։ Թաղված է Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում։ Նրա հիշատակն անմահացնելու համար Սմոլենսկի մարզի Գժատսկ քաղաքը վերանվանվել է Գագարին, իսկ նույն մարզի Գժատսկի շրջանը՝ Գագարինի շրջան։




Լրահոս