ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍ ՉԷ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ՀՀԿ-ականների հայտարարություններից տպավորություն է, թե գործ ունենք ժողովրդավարության հայրերի հետ:

Oրինակ՝ Սերժ Սարգսյանը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում ասել է, թե ՀՀԿ ընտրացուցակում չի ընդգրկվել՝ ընդդիմության մտահոգությունները հաշվի առնելով: Պատասխանելով հարցին` ՀՀԿ համամասնական ցուցակում իր չընդգրկվելն արդյո՞ք նշանակում է, որ դուրս է գալիս քաղաքականությունից, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում այն մտահոգությունը, որն արտահայտում է մեր ընդդիմությունը՝ կապված ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների օգտագործման առումով… Արդեն 10 տարի է՝ ես Հանրապետական կուսակցության ղեկավարն եմ ու ես մնում եմ կուսակցության ղեկավար»:
Համաձայնեք՝ հուզվելու աստիճան գեղեցիկ է ասված: Նման դեպքերում դասականը կարձագանքեր` «իյա, իրո՞ք»: Միայն թե, հետաքրքիր է՝ իսկ երբվանի՞ց է ՀՀԿ-ն սկսել հաշվի առնել ընդդիմության մտահոգությունները, երբվանի՞ց են իշխանություններն այդպես ժողովրդավար ու հանդուրժող դարձել:
Եւ հետո, ՀՀԿ ցուցակը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը: ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, երրորդ հորիզոնականում` ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Էլ չենք ասում ՀՀԿ ցուցակում ընդգրկված մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Ասել է, թե վարչական ռեսուրսն, այնուամենայնիվ, կիրառվում է: Առավել եւս, երբ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակը նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնիսկ արձակուրդ չի մեկնելու, այլ պաշտոնական պարտականությունների կատարումը զուգակցելու է ընտրարշավի հետ:
Եւ հետո, ի՞նչն է խանգարելու Սերժ Սարգսյանին, որ ՀՀԿ ցուցակում չլինելով հանդերձ՝ վարչական ռեսուրսները ծառայեցնի ՀՀԿ-ի օգտին. չէ՞ որ Սերժ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել որպես նախագահ, միաժամանակ նույն այդ կուսակցության նախագահն է, հետեւաբար շահագրգռված է, որ ՀՀԿ-ն ավելի շատ ձայն ստանա: Հիշում եք՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությամբ նրա հայտնի հայտարարությունը, երբ 2018թ. ապրիլից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավանականության մասին խոսելիս Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե դրա համար ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններում առնվազն պետք է «շատ լավ քվե ստանա»:
Այնպես որ, հիմա Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թե ԱԺ այս ընտրություններում ՀՀԿ ցուցակում չի ընդգրկվել՝ ընդդիմության մտահոգությունները հաշվի առնելով, սուտ է:
«Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարություններն այսքանով չեն ավարտվում: «Իմ խորին համոզմամբ՝ խորհրդարանական համակարգն առավել արդյունավետ կառավարման հնարավորություն է ընձեռում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` հավելելով,-խորհրդարանական համակարգը նաեւ հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին, ընդհանրապես քաղաքացիական հասարակությանը, ավելի ակտիվ մասնակցել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը եւ երկրի կառավարմանը: Դա նաեւ հնարավորություն է տալիս ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում քաղաքացիներն ավելի քիչ դժգոհության պատճառներ կունենան»:
Որքան հիշում ենք` սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկին Սերժ Սարգսյանը դեմ էր Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը: 2014թ. ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ասել էր. «Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»: Արդեն 2015թ. մարտին, երբ Ս. Սարգսյանը հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին, ասել էր. «Կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռեւս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարեւորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը եւ կառավարման համակարգի կայունությունը, ինչը, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում»:
Ու հիմա նրա հայտարարությունները, թե խորհրդարանական համակարգն առավել արդյունավետ կառավարման հնարավորություն է ընձեռում, տարօրինակ է: Չնայած, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանել է, թե ինչու է գնացել այդ քայլին. խորհրդարանական համակարգի ժամանակ քաղաքացիները դժգոհության ավելի քիչ պատճառներ կունենան: Այսինքն` եթե նախկինում Հայաստանում իշխանություն ձեւավորելու համար անցկացվում էին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, եւ ամեն անգամ այդ ընտրություններից հետո հասարակությունը դուրս էր գալիս փողոց` բողոքելով ընտրակեղծիքների դեմ, հիմա միայն մեկ ընտրություն է անցկացվելու, մեկն է կեղծվելու:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 
ՀՀԿ-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՐԿՐԱՊԱՀԸ
Այսօր տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը: Ու այդ միջոցառմանը մասնակցելու համար պատգամավորը հրավիրել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին: Վերջինս էլ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, նախնական համաձայնություն է տվել, որ չի մերժի Ծաղիկ Ռուբոյի հրավերը: Տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով: Իշխանություններն, ըստ էության, երկրորդ ԵԿՄ-ն են կայացնում՝ ի հակակշիռ Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի:

 

 

ԸՆԴԴԵՄ ՊԵՏԻ
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միեւնույն է, ձայն չեն տալու: Այս լուրը շատ է հուզել «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանին: Եւ նա ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ՔԿՀ-ից ձայներ ստանալու համար դիմել է «զոն նայողների» օգնությանը: Մեր տեղեկություններով՝ Տիգրան Նավասարդյանն այս հարցում շահագրգռված է երկու պատճառով. նախ՝ ՔԿՀ-ները գործում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ, իսկ նախարարը, ինչպես հայտնի է՝ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում է: Եւ ըստ այդ, Նավասարդյանի հետագա պաշտոնավարման հարցը կապված է հենց ՀՀԿ ստացած ձայներից:

 

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչները շունչները պահած սպասում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Բանն այն է, որ վերջին մի քանի տարիներին բարեկամավանցիների սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարները վճարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Բարեկամանավանի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Օհանյանը սովորաբար էլէներգիայի վարձերի վճարման փոխանցումները կատարել է յուրաքանչյուր ամսվա առաջին տասնօրյակում: Սակայն հունվարից սկսած՝ նա դադարեցրել է այդ վճարումները: «Ժողովուրդ»-ը Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանից հետաքրքրվեց՝ Օհանյանը փոխանցե՞լ է բարեկամավանցիների սպառած էլէներգիայի վարձավճարները: Քաղաքապետը հայտնեց՝ դեռ փոխանցում չկա:
Օհանյանը նախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո, փաստորեն, որոշել է այլեւս չշարունակել վճարել մարդկանց սպառած էլէներգիայի համար: Մինչ այդ նկատենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, նախընտրական քարոզարշավը սկսելու է հենց Տավուշի մարզից:

 

 
ԿԱՍՊԵՐՍԿԻԻ ՀԵՏ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիին: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու եւ խորացնելու համագործակցությունը «Կասպերսկի լաբորատորիա»-ի հետ եւ ընդգծել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գտնվում է գործադիրի ուշադրության կենտրոնում: Եվգենի Կասպերսկին գոհունակություն է հայտնել իր գլխավորած ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատանքից եւ կարեւորել ՏՏ ու կիբեռանվտանգության ոլորտում փոխգործակցությունը: Անդրադառնալով ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորություններին՝ պարոն Կասպերսկին ընդգծել է, որ հայկական կողմի հետ ստորագրվել է տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում նախատեսված ծրագրերը կնպաստեն մասնագետների կրթական մակարդակի ու կիբերանվտանգության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում «Կասպերսկի լաբորատորիա»-ի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել էլեկտրոնային քվեարկության համակարգի ուղղությամբ ընկերության կատարած աշխատանքները:

 

 

ԾԱՌ ՏՆԿԵԼՈՎ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս հանդիպումները նոր որակ կհաղորդեն եւ հեռանկարներ կստեղծեն երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Այնուհետեւ ՀՀ եւ ՌԴ խորհրդարանների ղեկավարները ԱԺ այգում՝ Հիշողության պուրակում, տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
«Ելք» դաշինքը երեկ ներկայացրել է իր նախընտրական քարոզչության ռազմավարությունը: Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենք քարոզարշավը կիրականացնեն ամբողջ հանրապետությունով մեկ: Արամ Սարգսյանը քարոզարշավը կիրականացնի հարավային մարզերում՝ Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում եւ Սյունիքում, Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում, Սասուն Միքայելյանը՝ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում, իսկ Էդմոն Մարուքյանը քարոզչություն կիրականացնի հյուսիսային՝ Տավուշի, Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում: Մարուքյանի խոսքով՝ արդեն մարտի 19-ից դաշինքը միավորված քարոզարշավ կիրականացնի հանրապետության խոշոր քաղաքներում եւ համայնքներում: «Ելքի» քարոզարշավը կմեկնարկի ավտոերթերով՝ Վանաձորից Սպիտակ եւ Արարատից Եռաբլուր: Մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուր կգնան նաեւ դաշինքի Երեւանի կառույցի ներկայացուցիչները:

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նա ծանոթացել է հիմնադրամի ստորաբաժանումների գործունեության պայմաններին, իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Այնուհետեւ նա հանդիպում է ունեցել հիմնադրամի ղեկավար կազմի հետ:




Լրահոս