Ուղղակի Էջմիածնի քյոխեքը նստած, ուզել են ցույց տան, որ իրենց մոտ չենք կարող հարց լուծենք. Սամվել Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԼՂՀ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով այժմ աջակցում է ՕՐՕ դաշինքին:

– Պարո՛ն Բաբայան, լրատվամիջոցներում այսօր գրվեց, թե Ջրառատում տեղի ունեցած միջադեպերը Դուք եք հրահրել:

– Դե գիտեք՝  ասում են մի գիժ քարը գցել է ջրի մեջ, բոլորը ման են գալիս: Հիմա ի՞նչ անեմ, որ ինձ են մեղադրում: Ես խնդիր չունեմ:

– Այսինքն՝  Դուք որևէ կապ չունե՞ք այդ միջադեպի հետ:

– Չէ, իհարկե չունեմ:

– Պարո՛ն Բաբայան, տեսակետներ կան, թե այս միջադեպի հրահրմամբ ՕՐՕ դաշինքը փորձ է անում իր վրա ուշադրություն գրավել, որ ռեյտինգը բարձրանա:

– Հա, մենք ավտոմատը նախարարությանն ենք տվել, որ մեր վրա կրակեն, մեր ռեյտինգը բարձրանա: Էդքան գիժ լինել չի կարելի էլի: Չի′ կարելի: Երեկ ասում էին, որ այդ դեպքը կապված է հին գործողությունների, իրենց ՏԻՄ ընտրությունների հետ, այսօր արդեն դարձավ, որ մենք զենք ենք տվել այդ մարդկանց, որ մեր վրա կրակեն, որ մեր ռեյտինգը բարձրանա: Դա խելքին մո՞տ է:

– Այսինքն ՝ հին պատմությո՞ւն է:

– Ես ո′չ նա եմ հնարավոր համարում, ո′չ նա: Ուղղակի Էջմիածնի քյոխեքը նստած` ուզել են ցույց տան, որ իրենց մոտ չենք կարող հարց լուծենք: Դրա համար էլ գլուխը մեծացրել ա, էդքան մի բան: Ես տղա եմ, էլի կարող եմ թույլ չտամ, որ միտինգ անեն, էդքան մի բան, այլ բան չի եղել: Ուղղակի իշխանությունը պետք է իրա մեջ ուժ գտնի, մարդկանց պատժի. եթե չես պատժում, ուրեմն շարունակություն է լինելու:

Հիշեցնենք, որ նախօրեին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները դաժան ծեծի էին ենթարկել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբորը՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Լեռնիկ Երանոսյանին, վերջինս ատրճանակից օդ էր կրակել, խլել էին նաեւ ատրճանակը: Եւ ահա երեկ այդ միջադեպը շարունակություն է ունեցել: Անչափահասների կռիվը վերածվել է մեծերի ծեծկռտուքի:  Կռվին խառնվել է անձամբ Լյովա Երանոսյանը: Գործի է դրվել նաեւ ինքնաձիգ: ՕՐՕ դաշինքի երեք կողմնակիցներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը ստացել է հրազենային վնասվածք, մյուսը դանակահարվել է: Հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս