ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը, առողջական վիճակի վատթարացմանը նպաստող պայմանները պարզելու համար։
Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ առավել օբյեկտիվ և սպառիչ եզրակացություն ստանալու համար «Արմենիա» բժշկական կենտրոնից, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներից առգրավվել են նրա առողջական վիճակի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը։
Նախաքննության անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր գրություններ է ուղարկել նաև ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Ա.Սարգսյանի՝ ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին մասնակցության, այդ ընթացքում վիրավորվելու կամ բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև՝ ՀՀ-ում գործող քաղաքացիական այլ բժշկական հաստատություններ դիմելու և բուժօգնություն ստանալու վերաբերյալ, իսկ այդպիսիք առկայության դեպքում՝ նշված փաստաթղթերի պատճենները տրամադրել վարույթն իրականացնող մարմնին։
Ա.Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվող քննչական գործողությունների և դրանց արդյունքների մասին պարբերաբար տեղեկություն կտրամադրվի։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ բժշկական կենտրոնում Ա.Սարգսյանի մահվան դեպքի առթիվ Ա.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին