ԱԱԾ-ն կոչ է անում զգոն լինել. անչափահասները տպել են 20 հազարանոց կեղծ թղթադրամ ու իրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իրավապահ մարմինների կողմից շարունակվում են նոր բացահայտումները կեղծ թղթադրամներ պատրաստելու գործով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամ բացահայտվել է կեղծ 20 հազարանոց թղթադրամների իրացման նոր դեպք:

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է քաղաքացիներին, որ կեղծ թղթադրամներ պարտաստելու եւ իրացնելու դեպքեր են բացահայտվել՝ կոչ անելով առավել զգոն լինել: Ավելին՝ ԱԱԾ հայտնել էր, որ ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու, ինչպես նաեւ նշված հանցանքին առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ: Եվ ահա ազգային անվտանգության ծառայության կողմից կեղծ թղթադրամների բացահայտման գործընթացը նոր երանգներ է ստանում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` իրավապահներն այս անգամ էլ բացահայտել են 20 հազարանոց կեղծ թղթադրամ պատրաստելու եւ իրացնելու նոր դեպք: Ավելին՝ պարզեցինք, որ հայտնի է, թե ովքեր են պատրաստել կեղծ թղթադրամները եւ կոնկրետ որտեղ են դրանք իրացրել:

Եվ այսպես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքացի Ալեն Մկրտչյանը իր երկու ընկերների՝ Արման Գեւորգյանի եւ Կարեն Մարգարյանի հետ որոշել են կեղծ թղթադրամներ տպել: Տղաները 2016 թվականի նոյեմբերի կեսերին «HP Oficejet» ապրանքանիշի տպող սարքով, կրկնօրինակելու եղանակով պատրաստել են 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ:

Արդյունքում՝ Սյունիքի մարզի բնակիչներ Ալեն Մկրտչյանը, Արման Գեւորգյանը եւ Կարեն Մարգարյանը՝ տեսնելով, որ իրենց տպող սարքով պատրաստված թղթադրամը ոչնչով չի զիջում իրական թղթադրամին, սկսել են այն իրացնելու գործընթացը: Տեղեկացանք, որ վերոնշյալ անձինք կեղծ թղթադրամներով մտել են անհատ ձեռներեց Հակոբյանին պատկանող խանութ եւ այնտեղից կատարել գնումներ:

Այսքանով տղաների գործողությունները չեն ավարտվել: 2016 թվականի նոյեմբերի 26-ին կամ 27-ին՝ երեկոյան, Կարեն Մարգարյանը եւ Ալեն Մկրտչյանը թղթադրամը իրացնելու նպատակով մտել են նաեւ Կապանի Հ. Ավետիսյան փողոցում գտնվող խանութներից մեկը եւ թղթադրամը մանրելու պատրվակով տվել են Ազատուհի Աբգարյանին ու վերցրել մանրը:

Իսկ նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ալեն Մկրտչյանը, Կարեն Մարգարյանը եւ Արման Գեւորգյանը կեղծ թղթադրամը իրացնելու նպատակով Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում գտնվող խանութում այն տվել են անհատ ձեռներեց Արարատ Մարկոսյանին, կատարել գնումներ եւ վերցրել վերադարձված մանրը: Տղաների գործողությունները այսքանով ավարտվել են, քանի որ իրավապահները կարողացել են ժամանակին նրանց ճանապարհին կանգնել:
Ի դեպ, տեղեկացանք, որ հայտնաբերվել են այն համակարգիչները, որոնց օգնությամբ տղաները տպել են կեղծ թղթադրամները, ավելին՝ վերոնշյալ վայրում, որտեղ նրանք զբաղվել են կեղծ թղթադրամներ պատրաստելով, եղել են նախապես պատրաստված 5 հատ 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ, որոնք, ըստ էության, նրանք չեն հասցրել իրացնել:

Ի դեպ, այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ պատրաստող երեք անձանց` Ալեն Մկրտչյանին, Կարեն Մարգարյանին եւ Արման Գեւորգյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի հատկանիշներով՝ կեղծ փողեր պատրաստելը, պահելը եւ իրացնելը: Սակայն նշենք, որ տղաները անչափահասներ են, եւ վերջիններիս մասով խափանման միջոց է ընտրվել հսկողություն սահմանելը, եւ այդ հսկողությունը հանձնվել է Սյունիքի մարզի իրավապահ մարմիններին:

Հավելենք, որ այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ ՀՀ գլխավոր դատախազությունը գործը ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատավոր է նշանակվել Նապոլեոն Օհանյանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել էր նաեւ 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամների շրջանառության դեպք, եւ հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Արմեն Հակոբյանին եւ Կարեն Աբելյանին: Վերջիններս հիմնականում կեղծ թղթադրամները իրացրել էին բենզալցակայաններում: Այս գործով դատավարությունը շարունակվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Քնար Մանուկյան




Լրահոս