Երբ պաշտոնյաներն իրենց ճակատագրի տերը չեն. ովքեր կգնան ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայնտի է՝ ՀՀԿ-ն նոր խորհրդարանում կունենա 55, «Ծառուկյան» դաշինքը 30, «Ելք» դաշինքը 9, իսկ ՀՅԴ-ն 7 մանդատ: Թե, ի վերջո, կոնկրետ ովքեր կլինեն այդքան բաղձալի մանդատի տերերը, առայժմ պարզ չէ, քանի որ քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված են բազմաթիվ պետական պաշտոնյաներ, որոնք, հնարավոր է, չցանկանան հրաժարվել իրենց պաշտոններից՝ հանուն մանդատների, եւ այդպիսով նրանց մանդատները բաժին հասնեն ցուցակների հաջորդ համարներին:

Այդպիսի պաշտոնյաներ կան ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ ցուցակներում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանցից պարզել, թե ինչ որոշում են կայացրել եւ որտեղ են տեսնում իրենց հետագա ճակատագիրը՝ գործադիրում, խորհրդարանում, թե մեկ այլ կարգավիճակում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից որեւէ պատասխան ստանալ չհաջողվեց, նրա մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ընդամենն ասաց, որ դեռ որեւէ բան պարզ չէ, եւ եթե նման որոշում լինի, համապատասխան կերպով կիրազեկեն այդ մասին:

Իսկ ահա ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ, ներկայումս ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանը, ով ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր Կոտայքի ընտրատարածքում, իրեն ուղղված շնորհավորական խոսքը լսելուց հետո վրա բերեց. «Գնացե՛ք, Սասուն Միքայելյանին շնորհավորե՛ք», եւ անմիջապես անջատեց հեռախոսը՝ չպարզաբանելով՝ կլինի խորհրդարանո՞ւմ, թե՞ կմնա որպես վարչապետի խորհրդական: Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրեց, որ եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, անպայման լինելու է խորհրդարանում: Մյուս պաշտոնյաների հետ զրուցը ներկայացնում ենք ստորեւ:

Արփինե Հովհաննիսյան, ՀՀ արդարադատության նախարար

-Տիկի՛ն Հովհաննիսյան, Դուք ՀՀԿ-ի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում եք. որոշել եք Ձեր կարիերան շարունակել խորհրդարանու՞մ, թե՞, այնուամենայնիվ, ինքնաբացարկ կներկայացնեք եւ կմնաք նախարարի պաշտոնում:

-Առաջարկում եմ սպասել մինչեւ սահմանված ժամկետի ավարտը:

Արծվիկ Մինասյան, ՀՀ բնապահպանության նախարար

-Պարո՛ն Մինասյան, կշարունակե՞ք մնալ ՀՀ բնապահապանության նախարար, թե՞ հնարավոր է՝ գնաք խորհրդարան:

-Այս չափազանց կարեւոր ոլորտում կա ե՛ւ ցանկություն, ե՛ւ պատրաստակամություն շարունակելու սկսած աշխատանքը:

Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

-Պարո՛ն Ցոլակյան, հնարավո՞ր է՝ ինքնաբացարկ հայտնեք եւ մնաք Ձեր պաշտոնին, թե՞…

-Այս հարցին պատասխանելը ես հիմա ավելորդ եմ համարում, որովհետեւ չեմ կարող պատասխանել…չունեմ այդպիսի մտադրություն:

-Այսինքն՝ կշարունակեք գործել օրենսդիրո՞ւմ:

-Այո՛, ուզում եմ գնալ ազգային ժողով:

Արման Սահակյան, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ

-Պարո՛ն Սահակյան, Ձեր ընտրատարածքում առաջատարը Դուք եք եղել, այսինքն՝ կարող եք նաեւ դառնալ ԱԺ պատգամավոր, բայց Ձեր պաշտոնը թողնելուց հետո: Ի՞նչ որոշում եք կայացրել:

-Կխոսեմ, թող մի հատ վերջնական արդյունքները ամփոփվեն, ավարտվեն, կխոսենք:

-Ինչո՞ւ: Դեռեւս հստակեցված չէ՞՝ կմնաք Ձեր պաշտոնում, թե՞ կլինեք խորհրդարանում:

-Ես Ձեր հարցերին կպատասխանեմ երկու օրից: Մինչեւ ԿԸՀ-ն վերջնական արդյունքները չամփոփի, ոչինչ ես չեմ կարող վերջնական ասել: Թող ամփոփվի, հաստատվի վերջնական, նոր դրա մասին կխոսենք:

Դավիթ Լոքյան, ՀՀ տարածքային կառավարման նախարար

-Պարո՛ն Լոքյան, եթե շարունակվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցությունը, կմնա՞ք Ձեր պաշտոնում, թե՞ նախընտրում եք լինել օրենսդիրում:

-Դա որոշում է կուսակցությունը:

-Իսկ Ձեր ցանկությո՞ւնը, դա էլ պետք է հաշվի առնեն, չէ՞, Դուք ինչպե՞ս եք ցանկանում:

-Ես հիմա չունեմ այդ հարցի պատասխանը, որ Ձեզ ասեմ:

Վահե Հակոբյան, ՀՀ Սյունիքի մարզպետ

-Պարո՛ն Հակոբյան, հնարավո՞ր է՝ թողնեք Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ տեղափոխվեք խորհրդարան:

-Ես մեկնաբանություններ չեմ տալու, երբ որ ժամանակը կգա, Դուք ամեն ինչ կիմանաք:

Վահագն Հակոբյան




Լրահոս