Իշխանության քայլերն ավելի հաշվարկված էին, քան ինքնախաբված ընդդիմադիրներինը. քանի՞ քաղաքական ուժ կարողացավ ուսումնասիրել ստորագրված ցուցակները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ անցած սեպտեմբերին հաջողվեց հասնել 4+4+4 ձեւաչափով երկրորդ համաձայնությանը՝ նոր ընտրական օրենսգրքի շուրջ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, հատկապես ՀԱԿ-ը որպես մեծ հաղթանակ ներկայացրին այն, որ իշխանությունը, ի վերջո, գնաց այդքան ցանկալի զիջմանը՝ համաձայնելով ընտրություններից հետո հրապարակել ստորագրված ցուցակները:

Մինչդեռ այն ժամանակ արդեն շատ փորձագետներ նշում էին, որ այդ ցուցակների հրապարակումն առանձնապես մեծ բան չի տալու, քանի որ գործնականում հնարավոր չի լինելու կարճ ժամանակահատվածում ստուգել ամբողջ բազան եւ վեր հանել անհամապատասխանությունները:

Սակայն այդ ժամանակ ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները, այլեւ անգամ վերը նշված ձեւաչափով քննարկումներին մասնակցող քաղհասարակության ներկայացուցիչներից ոմանք նշում էին, որ դա շատ կարեւոր գործիք է, եւ ստորագրված ցուցակների հրապարակմամբ հնարավոր կլինի վեր հանել բոլոր անհամապատասխանությունները:

ԿԸՀ-ն, ինչպես հայտնի է, ապրիլի 4-ին հրապարակեց այդքան սպասված ստորագրված ցուցակները, եւ ի՞նչ: Քանի՞ քաղաքական ուժ կամ հասարակական կազմակերպություն կարողացան ուսումնասիրել այդ ցուցակներն ու արձանագրած անհամապատասխանությունների հիման վրա դիմել ԿԸՀ-ին բողոքարկելու համար:

«Ժողովուրդի» հարցմանն ի պատասխան՝ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչներն էլ ընդամենը հայտարարել են, թե իրենք դեռ ուսումնասիրում են այդ ցուցակները եւ եզրակացությունները կասեն ավելի ուշ: Այստեղ են ասել՝ ուսումնասիրում եք, որ ի՞նչ անեք: Եթե ցուցակների բողոքարկման վերջնաժամկետը արդեն սպառվել-ավարտվել է, դուք էլ չեք հասցրել դրանցում առկա անճշտություններ գտնել, էլ իմաստը ո՞րն է, ո՞ւմ են պետք լինելու ճաշից հետո մանանեխի վերածված ձեր եզրակացությունները:

Իրականում ի սկզբանե էլ պարզ էր, որ բողոքարկման համար հատկացված մեկ օրից էլ պակաս ժամկետում պրակտիկորեն անհնար էր լինելու անճշտությունները գտնել եւ դրանց ընթացք տալ, սակայն ընդդիմությունը անհասկանալիորեն փոխանակ պնդելու, որ գոնե բողոքարկման համար ավելի շատ ժամանակ տրվի, ինքնախաբեությամբ տարված՝ տոնում էր իր «հաղթանակը» եւ հայտարարում, որ այս տեսքով ընտրական օրենսգիրքը ընտրակեղծիքները նվազագույնի հասցնող հեղափոխական փաստաթուղթ է:

Սա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունները շատ ավելի հեռատես եւ հաշվարկված էին իրենց քայլերում: Ի սկզբանե կարողանալով ընդդիմության ուշադրությունը սեւեռել երկրորդային կարեւորության հարցերի վրա, որոնց շուրջ ամիսներ շարունակ բանակցելով եւ անզիջող կեցվածք ընդունելով՝ ի վերջո արեցին ինչ-ինչ զիջումներ, այդ ընթացքում ամբողջովին մոռացության մատնեցին հարցերի հարցը՝ ռեյտինգային ընտրակարգը, որտեղ էլ հենց թաղված էր շան գլուխը:




Լրահոս