«Դիլիջան ազգային պարկ»-ում կեղծ արձանագրություններ կազմելը դարձել է աշխատաոճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է Մանվել Պետրոսյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսին, աշխատելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի անտառապահ, հանդիսանալով վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մ. Պետրոսյանը իր պահաբաժնում 2016թ. հուլիսի 3-ին ապօրինի հատված ծառերն անհայտ անձի կողմից հատված լինելու փաստը քողարկելու դիտավորությամբ եւ անձնական այլ դրդումներով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքում 2016թ. հուլիսի 4-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 032 անտառխախտման արձանագրությունը, որի տակ ստորագրել է՝ հավաստելով իրականությանը չհամապատասխանող փաստ:

Մ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2016թ. նոյեմբերից մինչ այժմ ընթանում է Դիլիջանի ազգային պարկի պահպանության ինժեներ Աշոտ Սարգսյանի, տեղամասի պետեր Մհեր Հովսեփյանի, Նորայր Սարգսյանի, պահաբաժնի տեսուչներ Արամ Մանուչարյանի, Արամ Պետրոսյանի, Արարատ Թամրազյանի, Արթուր Գուլինյանի, Կամո Պողոսյանի, Կարեն Ստեփանյանի, Մանվել Պետրոսյանի, Քաջիկ Ստեփանյանի, Սամվել Ալիխանյանի, Արտյոմ Հովհաննիսյանի դատավարությունը:

Նրանք բոլորն էլ մեղադրվում են 2014 թվականի ընթացքում անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով: Ստացվում է, որ Դիլիջանի ազգային պարկում կեղծ արձանագրություններ կազմելը աշխատանքային գործելաոճ է եղել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս