ԲՀԿ-Ի ՀԵՌԱՑՈՂ ԵՎ ՄՆԱՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը արդեն իսկ մտել է եզրափակիչ փուլ: Թերեւս ամենազանգվածային հանդիպումներն անցկացնող «Ծառուկյան» դաշինքի հիմնական կորիզը ԲՀԿ-ն է, որի ոչ բոլոր պատգամավորներն են, սակայն, հայտնվել դաշինքի ընտրական ցուցակում, ինչպես օրինակ` Վահագն Մախսուդյանն ու Մուրադ Գուլոյանը, մինչդեռ Վահան Կարապետյանը առաջադրված է թե՛ ռեյտինգայինով, թե՛ համամասնականով:

Վահագն Մախսուդյանը ԲՀԿ պատգամավոր է 2007թ-ից` համամասնական ընտրակարգով: Մախսուդյանը այնքան էլ հայտնի չէ հանրությանը` հաշվի առնելով նրա հրապարակային քաղաքական գործունեության պասիվությունը: Տեսակետ կար, որ նա պատգամավոր է դարձել իր խնամի, Իրաքում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի աջակցությամբ: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` նա համարվում է միլիոնատեր պատգամավոր: 2013թ. պարզվել էր, որ ԱԺ-ում որպես իր օգնական նա գրանցել էր սեփական որդուն` Վահան Մախսուդյանին: Ինչ վերաբերում է նրա քաղաքական կեցվածքին, արժանահիշատակ է ԲՀԿ-ի կազմում Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների դեմ նրա պայքարը, ապա կարճ ժամանակ անց այդ փոփոխությունների օգտին հակվելը: Մախսուդյանը մեկն էր այն 104 պատգամավորներից, որոնք ԱԺ-ում կողմ էին քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը:
Այս պատգամավորի օրենսդրական գործունեությունը 2012-17թթ. խորհրդարանում հակասական է: Օր.` նա կողմ է քվեարկել ԱԺ կանոնակարգ-օրենքին, «1000 դրամների» նախագծին, սակայն դեմ եղել «Բյուջե 2017»-ին: Նրա կողմ քվեարկությունները կազմել են շուրջ 52 տոկոս, իսկ դեմ եւ ձեռնպահ է եղել համապատասխանաբար` 71 եւ 165 անգամ: 108 անգամ հրաժարվելով քվեարկություններից` Մախսուդյանը բացակայել է 118 նիստերից: Այդ ամենով հանդերձ` 20 անգամ հանդես է եկել հարցապնդումներով, իսկ ԱԺ ամբիոնին մոտեցել լոկ 1 անգամ: Նման ոչ վատ ցուցանիշներով, սակայն, Մախսուդյանը չի ընդգրկվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Այդ փաստը նա բացատրել է նրանով, որ ցանկանում է բիզնեսով զբաղվել: Մախսուդյանը դժգոհում է, որ գյուղատնտեսության մասին իր օրենքը իշխանությունների կողմից այդպես էլ չի ընդունվում, եւ այդ պատճառով էլ իրեն խաբված ու չգնահատված զգալով` որոշել է կրկին խորհրդարան չգնալ:

Մուրադ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է, որի որդին այսօր Կոտայքի մարզպետն է: Մ. Գուլոյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է 2003 թվականից, ՀՀԿ-ի համամասնական ցուցակով: 2007թ. նա արդեն ԲՀԿ-ի պատգամավորն էր, իսկ 2012թ. մանդատ ստացավ թիվ 27 ընտրատարածքից: Նա նույնպես 2015թ. լքեց ԲՀԿ-ն, որի շարքերում մինչ այդ պայքարում էր սահմանադրական փոփոխությունների դեմ: Սակայն խորհրդարանում նա եւս կողմ քվեարկեց այդ նախագծին: Գուլոյանի ունեցվածքի մասին մամուլը բազմիցս է գրել` նրան վերագրելով բիզնեսներ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, ինչպես, օրինակ, Բելգիայում: Հիշենք, որ «Վիկիլիքսի» հրապարակումներից մեկում, որն առնչվում էր բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին, շոշափվում էր նաեւ Գուլոյանի անունը: Ըստ փաստաթղթի` Այվազյանը «Global gold» ընկերությանը ոսկու հանքավայրի լիցենզիայից չզրկվելու դիմաց պահանջել էր 3 մլն ԱՄՆ դոլար եւ գումարն առաջարկել էր փոխանցել Գուլոյանին:
2012-17թթ. ընթացքում Գուլոյանը բացակայել է Աժ նիստերի մոտ 30 տոկոսից: Նա կողմ է քվեարկել 366 անգամ, դեմ` 38, ձեռնպահ` 51: 225 անգամ էլ նա հրաժարվել է քվեարկություններից: Ի դեպ, կողմ է քվեարկել իշխանության գրեթե բոլոր աղմկահարույց նախաձեռնություններին, այդ թվում` «Բյուջե-2017», «Աժ կանոնակարգ-օրենք», «1000 դրամների» նախագիծ եւ այլն: Նա այս տարիների ընթացքում երբեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, հարցեր չի տվել, ԱԺ ամբիոնից չի խոսել: Այս ընտրություններում էլ չի առաջադրվել` պայմանավորելով դա իր ցանկությամբ: Նա հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե իր չառաջադրվելը պայմանավորված է ՀՀԿ-ի հանդեպ իր որդու հակվածությամբ: Այդուհանդերձ, Գուլոյանը պնդում էր, որ պատրաստվում է զորավիգ լինել ԲՀԿ-ի հաղթանակին:

«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 27-րդ հորիզոնականում է հանգրվանել ու թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը: Նա ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել 2012թ.` ԲՀԿ համամասնական ցուցակով: Մամուլի հրապարակումների համաձայն` նա մի շարք բիզնեսներ ունի, որոնց թվում նշվում է նաեւ «Չերրի» ռեստորանը: Ի տարբերություն իր գործընկերների` Կարապետյանը հրապարակավ չմասնակցեց Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների անցկացման գործին: Իսկ ահա այսօր նա «Ծառուկյան» դաշինքի կազմում հանդես է գալիս ԱԺ-ում մեծամասնություն վերցնելու ջատագովությամբ: Նա պնդում է, որ ապրիլի 2-ին իրենք իշխանափոխություն են անելու: Միաժամանակ Կարապետյանն իրեն ու իր թիմին վարժված է համարում ընտրական լարվածությանը` դա վերագրելով ՀՀԿ-ականների հետ մրցակցությանը: Եվ դրա շրջանակներում էր, որ վերջերս մամուլը ողողվեց Կարապետյանի ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի, ՀՀ ԿԱ պետգույքի վարչության պետ, ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասներով: Թեեւ գործը չհանձնվեց իրավապահների ուշադրությանը, սակայն «Ծառուկյան» դաշինքից խոստացան մեղավորներին պատժել ապրիլի 3-ին: 5-րդ գումարման Աժ-ում Կարապետյանը կողմ է քվեարկել 464 անգամ, դեմ` 57, ձեռնպահ` 144: Նա բացակայել է 60 նիստերից, սակայն քվեարկությունից հրաժարվել 239 անգամ: Կարապետյանը նույնպես Աժ ամբիոնին չի մոտեցել, հարցապնդումներով հանդես չի եկել:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶՎԻ, ՈՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԵՏ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, 2-րդ համարի ներքո հանդես եկող, ԱԺ պատգամավորության անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը:

Քաղաքացին պետք է համոզվի, որ քվեարկության հաջորդ առավոտը եւ մյուս բոլոր օրերին տեսնելու, շփվելու եւ հաղորդակցվելու է իր թեկնածուի հետ. ես հենց այս սկզբունքով եմ գնում խորհրդարան:
«Քվեարկությունը չի որոշում իրադարձությունների ընթացքը, քվեարկությունը որոշում է նրանց, ովքեր պետք է որոշեն իրադարձությունների ընթացքը». քաղաքական մեկնաբան եւ լրագրող Ջորջ Ուիլի այս խոսքերը, ըստ էության, սահմանում են ընտրությունների ողջ բովանդակությունը, քանի որ դրանց արդյունքում ընտրված մարդիկ պետք է ընդունեն օրենքներ, սահմանեն քաղաքական առաջնահերթությունները, կազմեն երկրի զարգացման հիմնական սցենարները: 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ընտրողը իր ձայնը կտա առաջադրված թեկնածուներից, կուսակցություններից կամ դաշինքներից որեւէ մեկին՝ այդպիսով վերջիններիս հանձնելով իր ապագայի կառուցման բանալին: Նրանցից մեկը, ով պատրաստ է իր վրա վերցնել այդ՝ իրականում բավականին ծանր բեռը, ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանն է: Ժողովրդին ավելի հայտնի «սնխչի Հարութ»-ը առաջին անգամը չէ, որ մասնակցում է ընտրություններին ոչ միայն որպես ընտրող, այլ նաեւ որպես թեկնածու:
«Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելն ինքնանպատակ երբեք չի կարող լինել, համենայն դեպս ինձ համար: Սա շատ ծանրակշիռ ու պատասխանատու քայլ է, որի շուրջ ես երկար եմ մտածել: Ունեմ որպես թեկնածու հանդես գալու փորձ, բայց այս անգամ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ ընտրությունների գործընթացին: Նախ՝ այս ընտրություններով մենք բացում ենք մեր պետական գործունեության մի նոր էջ, որը պետք է գրվի առանց ջնջումների ու սխալների: Խորհրդարանական Հայաստանը պետք է լինի ավելի լավը, ավելի զարգացած ու պատրաստ մարտահրավերներին: Որոշումների ընդունման գործընթացը, օրենսդրական գործունեության ծավալումը բոլորովին նոր որակ են ստանում, քանի որ մեծանում է Ազգային ժողովի պատասխանատվության մասնաբաժինը: Այն պետք է լինի ժողովրդի դիմագիծը եւ ժողովրդի ձայնը, հետեւաբար այստեղ գտնվելը ոչ թե արտոնություն կամ անձեռնմխելիություն պետք է դիտարկվի, այլ մեծ պատասխանատվություն ու ծանր աշխատանք»:
Այն պնդմանը, որ ոչ բոլորն են մտածում այդպես, որ մարդկանց մոտ արմատացած է պատգամավորի՝ առաջին հերթին ուզածի պես վարվելու եւ ոչ ոքի հաշվետու չլինելու պատկերացումը, թեկնածուն պատասխանեց. «Ձեր նշած պնդման մեջ կա իհարկե ճշմարտություն, բայց ժամանակն է հիմնովին փոխել այն: Պատգամավորն իր գործունեությամբ ու իր օրինակով պետք է ցույց տա ընտրողին, որ կախված է ու հաշվետու է նրան»: Իսկ ինչպես է պատրաստվում իր օրինակով դա ցույց տալ, նշեց հետեւյալը. «Շատ պարզ, առաջին հերթին կապը միշտ պետք է ամուր լինի ընտրողի հետ: Ես այս ընթացքում էլ ու միշտ էլ շփվել եմ մարդկանց հետ: Պետք է տեղեկացված լինել ընտրողի խնդիրներից, պետք է հնարավոր լուծումներ փնտրել, առաջարկել, բարձրաձայնել, ձեռքը պետք է միշտ հասարակական-քաղաքական զարգացումների զարկերակին պահել: Քաղաքացին պետք է համոզվի, որ քվեարկության հաջորդ առավոտը եւ մյուս բոլոր օրերին տեսնելու, շփվելու եւ հաղորդակցվելու է իր թեկնածուի հետ: Ես հենց այս սզկբունքով եմ գնում խորհրդարան»:
Պարոն Կարապողոսյանին խնդրեցինք նաեւ ներկայացնել ընտրողների հետ շփման արդյունքում ստացած տպավորությունների մասին, ինչպիսի՞ն է այսօր ընտրողը, ի՞նչ կերպ է վերաբերվում ընտրական գործընթացին ընդհանրապես:
«Նախ ասեմ, որ մարդկային այդ անմիջական շփումը քարոզարշավի ամենադրական կողմերից է: Մարդիկ եւս հակված են շփվել թեկնածուի հետ, ով եկել է, կտրել նրանց իրենց գործերից իրենց հետ հանդիպելու, իր ծրագրերը, քաղաքական հայացքները ներկայացնելու նպատակով: Մեր քարոզարշավի պարտադիր բաղադրիչներից է հարց ու պատասխանը, անմիջական զրույցները, խնդիրների հետ ծանոթանալը, ապագայի զարգացման հեռանկարների քննարկումը եւ այլն: Կարծում եմ՝ ընտրողը կարեւորում է ընտրական գործընթացը եւ, անկախ ամեն ինչից, գնահատում է իր ձայնի կարեւորությունը: Կցանկանամ, որ հնարավորինս շատ քաղաքացիներ այդ կերպ մտածեն»:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս