Թբիլիսիում ավարտված Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են յոթ մեդալ: Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից երեքը հաղթանակ են տարել:
ՀԲՖ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակիչում պարտվել են եւ նվաճել արծաթե մեդալ, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ:
Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ: