Հարց քաղաքացիներից` այլ անձ կարո՞ղ է լիազորագրով մեքենայի առուվաճառքով զբաղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ուզում եմ վաճառել մեքենաս, սակայն մոտ օրերս նախատեսում եմ մեկնել Հայաստանից: Ունե՞մ հնարավորություն որեւէ հարազատի լիազորագիր տրամադրել սույն գործընթացն ավելի ուշ կազմակերպելու համար: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ որտե՞ղ դիմեմ, ի՞նչ ժամկետի համար կտրվի լիազորագիր, եւ որքա՞ն վճարում է ենթադրում այդ գործընթացը:

Դավիթ Դավթյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի՝ երրորդ անձանց առջեւ ներկայացվելու համար: Իսկ նույն օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Հետեւաբար, Դուք կարող եք Ձեր հարազատին լիազորագիր տալ վերը նշված հոդվածներով սահմանված կարգով: Լիազորագիրը սահմանված կարգով եւ պայմաններով կազմելու համար կարող եք դիմել ցանկացած նոտարական գրասենյակ:

Ինչ վերաբերում է նոտարի կողմից լիազորագրի վավերացման համար նախատեսված վճարի չափին, ապա հայտնում ենք, որ այն բաղկացած է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքից եւ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի թիվ 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 733-Ն որոշմամբ սահմանված,՝ նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների համար նախատեսված սակագների չափից։

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ավելացնենք, որ լիազորագրի դադարման հիմքերի սպառիչ ցանկը սահմանված է քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածով։ Այդ հիմքերից են, օրինակ, լիազորագրի ժամկետի լրանալը, լիազորողի կողմից այն վերանայելը, լիազորվածի հրաժարվելը լիազորագրից եւ այլն։ Լիազորագիրը դադարելու պահից ուժը կորցնում է նաեւ վերալիազորումը։




Լրահոս