ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 4 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Թադեւոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր դպրոցի տնօրինությունն իրեն նկատողություն է տվել: Պատճառը` դասաժամերի ընթացքում հուղարկավորության մասնակցելն է եղել: Սակայն ինչպես Լուսինե Թադեւոսյանն է պնդում ինքը հուղարկավորության գնալու համար զգուշացրել է դպրոցի տնօրենի քարտուղարին եւ ուսմասվարին: Իսկ ուսմասվարն ու տնօրենի քարտուղարը հրաժարվում են`նշելով, որ իրենց Թադեւոսյանը չի զգուշացրել: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է դպրոցի տնօրինությունը մեկ այլ պատճառ է գտել ուսուցչուհի Լ. Թադեւոսյանին նախատելու համար:
Լուսինե Թադեւոսյանը ArmLur.am-ին պատմեց, որ ինքը Բյուրականի գյուղապետի մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում բացասական գրառում է կատարել: «Ես օրեր առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում մի հոդվածի տակ Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանի մասին բացասական մեկնաբանություն եմ գրել: Եւ որոշ ժամանակ անց`գյուղապետը հայտնվեց դպրոցում. դպրոցի տնօրենի աշխատասենյակում ինքը սկսեց հոխորտալով խոսել, թե իբր ես ստորացրել եմ Դաշնակցությանն ու ԲՀԿ-ին», -պատմեց Աշտարակի թիվ 4 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Թադեւոսյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ Բյուրականի գյուղապետն իրեն «սպառնացել է եւ հայտարարել, որ հարկ եղած դեպքում իր լծակները կօգտագործի իրեն վատություն անելու համար»: Մենք տեղեկացանք նաեւ, որ Աշտարակի թիվ 4 դպրոցի ուսուցչուհին դիմել է մարզպետարան:
Խնդրի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց նաեւ Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ կապ ունի ինքը Լուսինե Թադեւոսյանի հետ: Հարցին ի պատասխան գյուղապետն ասաց. «Ես հայ տղամարդ եմ երդվում եմ Քրիստոսով, իմ Աստծով, որ նման բան չի եղել: Ուսուցչուհի Լուսինե Թադեւոսյանի հետ կապ եմ ունեցել 5 րոպե, ինձանից ինքը ներողություն է խնդրել: Իր տնօրենի ներկայությամբ ես էլ ասեցի հայ մնա քույրիկ ջան, ինչու եք նման բառեր օգտագործել»: Գյուղապետը ArmLur.am-ի հետ զրույցում չցանկացավ նշել, թե կոնկրետ ինչ է գրել ուսուցչուհին իր հասցեին, բայց փոխանցեց, որ դրանք անձնական բնույթի վիրավորանքներ են եղել: