Ինչու է «ԱրմենՏել»-ը դատի տվել «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ին. ո՞րն է վեճի առարկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. մարտի 13-ին «ԱրմենՏել» ՓԲԸ-ն գումարի բռնագանձման հայցով «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի դեմ հայց է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հայցի ապահովման համար «ԱրմենՏելը» միջնորդել է ճանապարհաշինական ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը:
Իսկ ո՞րն է վեճի առարկան: «ԱրմենՏել»-ը դատարանին հայտնել է, որ Իջեւանի ճանապարհաշինական ընկերության հետ 2014թ. հունիսի 6-ին կնքել է Hi-Line ինտերնետ ծառայությունների մատուցման պայմանագիր: «Իջեւանի ՃՇՇ»-ն ինտերնետ ծառայության դիմաց չի վճարել, նրա պարտքը կազմել է 83 հազար 75 դրամ, որի պատճառով 2015թ. օգոստոսի 26-ին «ԱրմենՏելը» պայմանագիրը լուծել է: «ԱրմենՏելը» դատարանին խնդրել է «Իջեւանի ՃՇՇ»-ից բռնագանձել 83 հազար 75 դրամ, ինչպես նաեւ վճարված պետական տուրքի գումարը՝ 1661 դրամ: Քանի որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մարտի 29-ի վճռով «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել, ուստի «Սնանկության մասին» օրենքի համաձայն՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Արմեն Կուրեխյանը հունիսի 1-ին վճռել է քաղաքացիական գործի վարույթը կարճել:

«Իջեւանի ՃՇՇ»-ի ֆինանսական վիճակը վատացավ 2014թ., երբ փոխվեց Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցապատողը: «Իջեւանի ՃՇՇ»-ն պետբյուջեի միջոցներով էր կառուցում շրջանցիկ ավտոճանապարհը, սակայն 2014թ. սեպտեմբերին կիսատ մնացած ճանապարհի շինարարությունը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Այդ ճանապարհին կատարած աշխատանքների համար «Իջեւանի ՃՇՇ»-ն պետբյուջեից քիչ գումար ստացավ, ծագեցին հարկային ժամկետանց պարտավորություններ, որոնք հանգեցրին ընկերության սնանկացմանը:

Հավելենք, որ Դիլիջանի ճանապարհաշինական «Հաղարծին» ՓԲԸ-ի գործերը եւս վատ են: Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհից դեպի Ճամբարակ ճանապարհի խաչմերուկից մինչեւ Դիլիջանի ավտոմոբիլային թունել ճանապարհի ձմեռային եւ ընթացիկ պահպանության աշխատանքները նախկինում «Հաղարծին» ՓԲԸ-ն էր կատարում: Այժմ այդ գործը տրված է Տավուշի հարեւան, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի ՃՇՇ-ին, եւ Տավուշի ճանշինները սկսել են «խեղճանալ»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս