ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՐԵՍ ԵՆ ԹԵՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի սկզբանե ակնհայտ էր, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում 3 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու խոստումներն ընդամենը նախընտրական բլեֆ էին՝ արված հանուն ՀՀԿ-ի: Հիմա գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ վարչապետին ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի հաջողվի իրականացնել այդ խոստումը: Սա մի քանի պատճառով:

Նախ՝ վարչապետը խոստացել է 3 մլրդ դոլարի ներդրումներ ապահովել հինգ տարվա ընթացքում, բայց հազիվ թե Կարապետյանին հաջողվի պաշտոնավարել այդքան երկար (ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանն ինքն է ցանկանում 2018թ. ապրիլից հետո դառնալ վարչապետ): Եվ հետո՝ Հայաստանում այս ընթացքում տեղի չի ունեցել այնպիսի փոփոխություն, որի արդյունքում բարելավվեր ներդրումային միջավայրը: Ընդհակառակը, գործոնները, որոնք օտարերկրյա բիզնեսների համար Հայաստանում գումարներ ներդնելու խոչընդոտ են եղել, շարունակում են պահպանվել, իսկ որոշ դեպքերում իրավիճակը նույնիսկ ավելի է վատթարացել:
Եւ այսպես՝ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում իրականացված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը: Ըստ պաշտոնական ցուցանիշների՝ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում իրականացվել է 19 մլրդ 743.2 մլն դրամի ուղղակի ներդրում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 4.7 մլրդ դրամով: Իսկ ընդհանրապես Կարեն Կարապետյանի պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում Հայաստանում իրականացվել է 37 մլրդ 990 մլն դրամի ներդրում:
Բայց նկատենք, որ չնայած ԱՎԾ արձանագրած աճին՝ այս տարվա ընթացքում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներն ուղղակի նվազեցրել են իրենց ներդրումները: Օրինակ՝ ՌԴ-ն Հայաստանում այս տարի իրականացրել է ընդամենը 4.7 մլրդ դրամի ներդրում, ինչը 13 մլրդ դրամով պակաս է 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից: Ուշադրություն դարձրեք մեկ հանգամանքի վրա. երկիրը, որի հետ Հայաստանն ամենասերտ տնտեսական ու քաղաքական հարաբերություններն ունի, այս ընթացքում պարզապես պակասեցրել է Հայաստանում ներդրումները: Սա, համաձայնեք, կարելի է համարել գործող կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը, առավել եւս, երբ Կարեն Կարապետյանը համարվում է ռուսական շրջանակների հետ սերտ հարաբերություններ ունեցող մարդ, եւ հետո, երբ խոստանում էր ներդրումներ բերել, առաջին հերթին ակնարկում էր, որ գումարները գալու են հենց ՌԴ-ից: Այնինչ՝ հիմա, ընդհակառակը, պարզվում է, որ Ռուսաստանից ներդրումներ ոչ միայն չեն եկել, այլ դրանք նվազել են:
ԵՄ անդամ երկրներից շատերն էլ Հայաստանից պարզապես արտահանել են իրենց կապիտալը, իսկ որոնք, այնուամենայնիվ, ներդրումներ են արել, ապա չնչին չափերի: Օրինակ՝ Ֆրանսիան այս տարի եւս շարունակել է Հայաստանից հանել կապիտալը՝ 1.8 մլրդ դրամի չափով, Գերմանիան եւս Հայաստանից հանել է իր կապիտալը՝ 6.1 մլրդ դրամի չափով: Իսկ ԵՄ անդամ երկրներից Իտալիան 141 մլն դրամի ներդրում է արել, Նիդերլանդները՝ 108.5 մլն դրամի, Լյուքսեմբուրգը՝ 145 մլն դրամի. համաձայնեք՝ այս թվերն այնքան փոքր են, որ որեւէ լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ: Այնպես որ, պատկերը բավական տխուր է:
Իշխանություններին ներդրումային ոլորտում աճ հնարավոր է եղել գրանցել միայն օֆշորային երկրների հաշվին: Ընդ որում, օֆշորային երկրները հիմնական ներդրումներն իրականացրել են հանքարդյունաբերության ոլորտում: Ըստ ԱՎԾ-ի՝ միայն Ջերսիից 5.7 մլրդ դրամի ներդրում է իրականացվել, Կիպրոսից՝ 3 մլրդ դրամի, Միացյալ Թագավորություններից՝ 1 մլրդ դրամի ներդրում: Այսինքն՝ իրենք իրենց գումարներն են օֆշորային գոտիներում պտտեցրել ու հետ բերել մեր երկիր՝ մատուցելով որպես ներդրում:
Նկատենք, որ հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ներդրումների մեծ մասը նախկին պայմանավորվածությունների եւ համաձայնությունների արդյունք է, այլ ոչ թե նոր իրողություն: Այդպես է օրինակ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում, եւ Ջերսիից արված ներդրումներն ամենեւին էլ նոր կառավարության շնորհիվ չէ, այլ պարզապես հին ծրագրի շարունակություն: Այնպես որ, Հայաստանում օտարերկրյա ներդրումների, առավել եւս ներդրումների աճի մասին խոսելը, մեղմ ասած, տեղին չէ:
Եւ վերջապես, այս համատեքստում մեկ ուշագրավ փաստ եւս: «Եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ ՀՀ տնտեսությունում»,- երեկ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: ԵՄ դեսպանի կողմից նման նախազգուշացումը, համաձայնեք, պատահական չէ. նա անուղղակի կերպով իշխանություններին մեղադրել է կոռումպացված լինելու մեջ՝ ակնարկելով, որ հենց այդ պատճառով էլ ԵՄ անդամ երկրները ներդրումներ չեն անում: Ի հավելումն սրա, նկատենք՝ ԵՄ անդամ երկրներն այս տարվա ընթացքում ոչ միայն չեն ավելացրել իրենց ներդրումները Հայաստանում, այլեւ մոտ 9 մլրդ դրամի արտահոսք է եղել: Մի փաստ, որը հազիվ թե լինի պատահականության հետեւանք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ
Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարել է, թե ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշան է։ Միաժամանակ, նախարարը տեղեկացրել է, որ կոշտ օրենսդրական փոփոխություններ են լինելու, որոնցով կհաստատվի հասարակական վայրերում ծխելու եւ գովազդի ամբողջական արգելքը։ Մինչ չծխողները կողջունեն Ալթունյանի հայտարարությունները, իսկ ծխողները կքննադատեն նրան, նկատենք՝ նրա տրամաբանությամբ մտածելու շարժվելու դեպքում կարելի է ասել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անհաջողակներ են. չէ՞ որ նրանք ակտիվ ծխողներ են:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրական տվյալներից պարզեց, որ ծխախոտի արտադրության ծավալները նվազել են 1.5 տոկոսով: Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-ապրիլ ամիսներին արտադրվել է 7 մլն 295 հազար 100 հատ սիգարետ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում` 7 մլն 405 հազար 600 հատ:

 

 

ՀՀԿ-Ի ՄԵՍԻՋԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին հստակ պատասխան չի տվել հարցին, թե ով կլինի վարչապետը 2018 թվականի ապրիլից հետո: Նա նշել է, որ իրենք պատրաստ չեն խոսել 2018 թվականի զարգացումների մասին: Այստեղ հետաքրքիր մի հանգամանք է առաջանում՝ ՀՀԿ-ն պատրաստ է երկարաժամկետ ծրագրեր մշակել եւ 2040 թվականի վերաբերյալ խոստումներ ներկայացնել, բայց պատրաստ չէ ընդամենը մեկ տարի հետո տեղի ունեցող փոփոխությունների մասին խոսել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ներկայիս իշխանությունների կողմից հայտարարությունը արված է ոչ հայ հանրության, այլ ներքին լսարանի՝ ՀՀԿ-ի համար, եւ այդպես եթե ՀՀԿ-ի ներսում կամ անգամ այդ շրջանակներից դուրս Կարեն Կարապետյանին համարող կա որպես իրավահաջորդ, ապա այնպես չէ, որ այդ որոշումը կայացված է: «Սա ուզում են ասել, որ այս մեկ տարվա ընթացքում հանկարծ ներիշխանական խմբավորում չձեւավորվի Կարեն Կարապետյանի շուրջ, որովհետեւ ուզեն, թե չուզեն խորհրդարանական ընտրություններն են տվել նման հիմք ոչ միայն Կարեն Կարապետյանի ռուսաստանահայկական թիկունքը, այլեւ այն փաստը, որ իր անձով դարձավ ՀՀԿ-ի վերարտադրության իմիջը, այս առումով թերեւս ՀՀԿ-ում գիտակցում են, որ այս երկու գործոնները այնքան էլ թույլ գործոններ չեն, որպեսզի անորոշության պայմաններում, որ հայտարարված չէ, թե ուր կգնա Սերժ Սարգսյանը, հանկարծ իշխանության ներսում որոշակի շրջանակներ, որոնք սիրում են ապագան կանխավ երաշխավորել, փորձեն ձեւավորել այդ թիմը,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով,- ուղղակի սրանով հասկացնում են Կարեն Կարապետյանին, որ նա կախված է Սերժ Սարգսյանից եւ ավելորդ ինքնագործունեություն չծավալի»:

 

 
ՀԱՆԳԱՄԱՆԱԼԻՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հայաստան – Եվրոպական միություն գործակցության, Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցության, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ հանգամանալից քննարկում է ծավալվել Եվրամիության անդամ պետություններ Սլովակիայի, Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի եւ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների հետ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ երեկ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

 

 

ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ ԵՆ
Ռուսաստանը Միջերկրական ծովում գտնվող իր ռազմանավից եւ սուզանավից արձակված հրթիռներով Սիրիայում ռմբակոծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախները: հրթիռակոծվել են Պալմիրա քաղաքի մոտ գտնվող իսլամիստների օբյեկտները, մասնավորապես ծանր զինտեխնիկայի պահեստը: ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ արձակված չորս հրթիռները խոցել են թիրախները: Գործողության մասին նախապես տեղեկացվել են ԱՄՆ-ը, Թուրքիան եւ Իսրայելը:

 

 

ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով երեկ վերանշանակվել են Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը: Մինասյանը նշանակվել է բնապահպանության, Լոքյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման, իսկ Մկրտչյանը՝ կրթության եւ գիտության նախարար: Վերանշանակվել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

 

ՉԻ ՀԵՌԱՆԱ
«Եթե խորն ուսումնասիրեք, թե վերջին տասը տարին ես ինչով եմ զբաղված, կհասկանաք, որ ինձնից ամուր Հայաստանի հողի վրա կանգնած շատ քիչ մարդ կա»: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ երբեք չի լքի Հայաստանը: «Մամուլը մի օր գրում է՝ ես նարկոբիզնեսով եմ զբաղվում, մի օր՝ կանանց վաճառքով, մի օր զենքի վաճառքով»,-նշել է նա: Անդրադառնալով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի վաճառքին՝ Հայրապետյանն ասել է, թե ինքը վերջին տարիներին հայտարարել է` զրո կոպեկով կտա ակումբը այն մարդուն, ով պատրաստ կլինի հովանավորել ու պահել ակումբը: Հայրապետյանի խոսքով՝ ակումբի համար իրեն չեն վճարել, ինքն էլ միշտ սխալ է համարել, որ ֆեդերացիայի նախագահը լինի նաեւ ֆուտբոլային ակումբի տերը:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գագիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ Հիշեցնենք, որ նա մինչ այս զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:




Լրահոս