ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի գլխավորած պատվիրակությանը` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԳ-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին օժանդակելու համար` առանձնացնելով նաև օրերս Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացումը:
«Ավստրիայի զարգացման գործակալությունը կարևոր առաքելություն է իրականացնում մեր երկրում, հատկապես օրգանական գյուղատնտեսության ոլորտում, որում ներգրավվածների քանակն օրեցօր ավելանում է: Բայց մենք դեռևս շատ անելիքներ ունենք այս ոլորտում, քանի որ ցանկանում ենք բոլոր առումներով մրցունակ արտադրանք ստեղծել», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերը և դրանց արդյունքները` հույս հայտնելով, որ դրանք կարող են նաև հետաքրքիր լինել Ավստրիայի զարգացման գործակալության համար ներդրումներ իրականացնելու տեսանկյունից:
Ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է օրգանական գյուղմթերքի արտադրության ընդլայնումը և նկատի ունենալով Գործակալության հետ համագործակցության հաջող փորձն այս ոլորտի զարգացման ուղղությամբ` նախարարն առաջարկել է երկուստեք ուսումնասիրել գլոբալ ծրագրի իրականացման հնարավորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացմանը, ինչը թույլ կտա լուծել սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը:
Նախարարը նաև առաջարկել է քննարկել եվրոպական փորձի ներդրմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության ներքո գործող գիտական կենտրոնների բարելավման, արդիականացման և կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապեր բաժին