ՀԱՐՑ. Ունեմ հաշմանդամ ծնող՝ հայրս, 1-ին կարգի հաշմանդամ է: Ես համարվում եմ նրա խնամակալը: Խնդրում եմ ասեք՝ խնամակալներին իրավունք ունե՞ն վարժանքների եւ զորավարժանքների տանելու:
Հարություն Գեւորգյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորահավաքային հրահանգի 6-րդ գլխի 90-րդ կետի` զորքերի համալրման համար չեն կցագրում այն զինապարտները, ովքեր`
-իրենց խնամքի տակ ունեն առողջական վիճակի պատճառով մշտական խնամքի (հսկողության) կարիք ունեցող կամ 1-ին խմբի հաշմանդամ հայր, մայր, հարազատ քույր կամ եղայր, տատ, պապ, որդեգրող կամ մինչեւ 16 տարեկան ընտանիքի անդամ, եթե չկան այլ անձինք, ովքեր օրենքի համաձայն պարտավոր են խնամել նրանց, նման կարգավիճակ ունեցող անձինք խաղաղ ժամանակ ենթակա չեն կանչվելու վարժանքների:
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Գ. Հայրապետյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ մշտական աշխատանք չունեցող քաղաքացիները զինվորական վարժանքի կամ զորավարժության ավարտից հետո միանվագ ձեւով վճարվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությանը համարժեք չափով եւ կարգով:
Ի դեպ, զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացու մշտական աշխատանքի վայրում պահպանվում են քաղաքացու աշխատատեղը եւ միջին աշխատավարձը: Գործատուի կողմից սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: