Օրեր առաջ իր հրաժարականը ներկայացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը: Նախագահի` անվտանգության գծով հատուկ խորհրդականի հեռանալուց հետո սա Թրամփի թիմում երկրորդ խոշոր փոփոխությունն է: Սակայն, ի տարբերություն Ֆլինի, Սփայսերը հրաժարական է տվել նախագահի հետ ունեցած անհամաձայնության արդյունքում: Նկատելի է, որ մամլո խոսնակների հաճախակի փոփոխությունը ընդունված պրակտիկա է, եւ Թրամփի վարչակազմն այս հարցում օրիգինալ չէ:
Շոն Սփայսերի թեկնածությունը որպես նախագահի մամուլի խոսնակ դժվար թե կարելի է համարել Թրամփի լավագույն ընտրությունը: Իր խառնվածքով, խոսելու եւ բառերի ընտրության ունակությամբ ու վարքագծով Սփայսերը այնքան էլ չէր համապատասխանում այս պաշտոնին: Մամուլի խոսնակը պետք է առավելագույնս պարզորեն ներկայացնի նախագահի կարծիքն ու մոտեցումները կոնկրետ հարցերի շուրջ, մինչդեռ Սփայսերը մեկ անգամ չէ, որ խայտառակվել էր բրիֆինգների ժամանակ: Նա բազմիցս սխալ էր արտասանում օտար պետությունների առաջնորդների անունները եւ հաճախ էլ չէր կարողանում ձեւակերպել իր մտքերը:
Ամենախոշոր սկանդալներից մեկը բարձրացավ այն ժամանակ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադիին նա համեմատել էր Հիտլերի հետ` նկատելով, որ վերջինս քիմիական զենք չէր օգտագործել «Հոլոքոստի կենտրոններում»: Մի կողմ թողած վերջին ձեւակերպման անհեթեթությունը` Սփայսերը անթույլատրելիորեն խեղաթյուրել էր հայտնի փաստը, ըստ որի` Հիտլերն առաջինն էր քիմիական զենք օգտագործել անմեղ բնակչության նկատմամբ: Եվ փորձելով շտկել իր սխալը` նա ավելի վատ դրության մեջ էր ընկել, երբ հայտարարել էր, որ Հիտլերը գոնե իր համաքաղաքացիների նկատմամբ չէր այդպես վարվել: Սփայսերի հանդեպ համացանցը դաժան գտնվեց նաեւ այն ժամանակ, երբ նա թվիթերում երկու անգամ շփոթվել եւ հրապարակավ գրել էր իր գաղտնաբառը: Եվ այսքանից հետո ոչ թե Թրամփն է հեռացնում նրան աշխատանքից, այլ Սփայսերն է, ի նշան դեմարշի, հրաժարական տալիս:
Սփայսերի հրաժարականը պայմանավորված էր Սպիտակ տան հաղորդակցության եւ հանրային կապերի բաժնի նոր ղեկավարի ընտրությամբ: Այդ պաշտոնում Թրամփը նշանակել է գործարար-ֆինանսիստ Էնթընի Սքարամուչիին, որին այդ պաշտոնին անհամապատասխան էին համարում Թրամփի բազմաթիվ կողմնակիցներ: Սփայսերն էլ արտահայտել է իր դժգոհությունը եւ ի նշան Թրամփի նշանակմանն իր ցուցաբերած անհամաձայնության` լքել պաշտոնը: Խոսնակը համոզված էր, որ Սքարամուչիի նշանակումը խոշոր սխալ էր նախագահի կողմից: Եվ այդ պատճառով էլ մերժել է նախագահի խնդրանքը պաշտոնավարումը շարունակելու հարցում: Հատկանշական է, որ այս կադրային նշանակման հետ կտրականապես համաձայն չէր նաեւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրայբուսը, որին ինչ-որ առումով Թրամփը հրապարակային ապտակ է հասցրել այդպիսի նշանակմամբ: Ամերիկյան քաղաքական ու հանրային շրջանակները քաջատեղյակ էին Փրայբուսի դիրքորոշմանը, որն առիթը բաց չէր թողնում Թրամփին հակառակում համոզելու համար: Եվ ահա այժմ խոսվում է, որ Փրայբուսը գուցե նույնպես լքի պաշտոնը, թեպետ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ նա «100 տոկոսով պաշտպանում է» նախագահի քայլը:
Այդուհանդերձ, կարծիք կա, որ Թրամփը այսպիսի նշանակումներով փորձում է ազատվել իր ազդեցիկ կադրերից, որոնց անձամբ հեռացնելու համարձակություն չունի: Միաժամանակ շեշտելի է, որ Թրամփի նշանակումները մեկը մյուսից անհամարժեք են, ինչի մասին բազմիցս արտահայտվել են թե՛ հակառակորդները, թե՛ վերլուծաբանները: Եվ ահա հիմա էլ տեղեկատվության պես կարեւորագույն ոլորտը վստահվել է ֆինանսիստ գործարարին, որը սովոր է փակ գործարքների ու բնականորեն պիտի խուսափի հրապարակայնությունից, թեեւ ժամանակին CNBC հեռուստաընկերության եթերում հաղորդում է վարել:
Սփայսերը մամուլի խոսնակ է աշխատել 182 օր` ավելի երկար, քան Բիլ Քլինթոնի առաջին եւ վերջին խոսնակների պաշտոնավարումները` համապատասխանաբար 138 եւ 112 օր: Բուշ Ավագը իր նախագահության 4 տարիներին ունեցել է միայն մեկ խոսնակ, Քլինթոնը 8 տարում` 5, Բուշ Կրտսերը նույնպես 8 տարում` 4, Օբաման` 3: Հաշվի առնելով Թրամփի խառնվածքը` նա հազիվ թե ետ մնա իր նախորդներից նաեւ այս ճակատում: Ի դեպ, ամերիկյան այս թվաբանությունը գործածական է նաեւ Հայաստանում: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ունեցել է 3 խոսնակ` Ռուբեն Շուգարյանը (1992-93), որը հետագայում դարձավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Արամ Աբրահամյանը (1993-95)` «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, եւ Լեւոն Զուրաբյանը (1995-98)` 5-րդ գումարման ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Ռոբերտ Քոչարյանն ունեցել է 4 խոսնակ. Կասյա Աբգարյան (1998-99), որը նախագահական էր տեղափոխվել կառավարությունից, այնուհետ Վահե Գաբրիելյան (1999-2003), որին Քոչարյանը նշանակել էր Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, Աշոտ Քոչարյան (2003-05), որը Ասիայի մի շարք երկրներում եղել է ՀՀ դեսպան եւ Վիկտոր Սողոմոնյան (2005-08), որն այսօր էլ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է: Սերժ Սարգսյանի առաջին խոսնակը ՄԻԱԿ-ից Սամվել Ֆարմանյանն էր (2008-10), որն այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, երկրորդը Արմեն Արզումանյանն էր (2010-13)` ներկայումս Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ ասոցացվող «Պանարմենիան Մեդիա Գրուպի» տնօրենը, իսկ 3-րդը` այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը (2013-15): 2015թ. ցայսօր Սերժ Սարգսյանի խոսնակն է Վլադիմիր Հակոբյանը, որի գերքչախոսությունը ինքնին ավելի աղմկարար է:
Մամուլի խոսնակների ընտրությունը կարելի է ցուցիչ համարել, թե ինչպես է երկրի ղեկավարը պատկերացնում եւ կառուցում իր հարաբերությունները հանրության հետ: Արդ, ինչպիսին Թրամփի քաոտիկ խառնվածքն է, այդպիսին էր նրա նշանակած խոսնակը, եւ ինչպիսի գաղտնապահ ու մեկուսի է Սերժ Սարգսյանը, այդպիսին է նրա խոսնակը:
Ն. Հովսեփյան