Հարց քաղաքացիներից` վերելակի հոսանքի գումարն ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ վերելակի հոսանքի գումարն ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում: Այսինքն՝ կա՞ որոշակի ֆիքսված գումար, որը պարտադիր է բոլորի համար, թե յուրաքանչյուր ընտանիք վճարում է իր անդամների թվաքանակի չափով: Խնդրում եմ ներկայացնել կարգը:

Կառլեն Կուրղինյան (58 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վերելակի համար ծախսված էլեկտրաէներգիայի գումարի վճարը գանձվում է ըստ տեղադրված էլեկտրական հաշվիչի ցուցմունքի: Բնակիչներից գանձվում է կա՛մ ըստ վերելակից օգտվող բնակիչների թվի, կա՛մ բնակարանների: Օրենսդրությամբ որեւէ կարգ սահմանված չէ: Հաշվիչի տվյալ ամսվա ցուցմունքով հաշվարկված գումարը բաժանվում է վերելակից օգտվող բնակիչների թվի կամ բնակարանների թվի վրա:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ թեեւ ըստ ցուցմունքի պետք է վճարել, սակայն բազմաբնակարան շատ շենքերում ֆիքսված գումար են վճարում: Թե ավելն ու պակասը ում գրպանն է մտնում կամ դուրս գալիս, դժվար է ասել:
Մյուս կողմից էլ պետք է ընդգծենք, որ թեեւ բնակիչները բարեխղճորեն վճարում են վերելակի ծառայություններից օգտվելու համար, սակայն դրանց անվտանգության համար ոչ ոք որեւէ երաշխիք տալ չի կարող: Ու հաճախ են ողբերգական դեպքեր գրանցվում վերելակների անսարքության պատճառով, քանի որ դրանք տեխնիկական զննության չեն ենթարկվում եւ գրեթե չեն հիմնանորոգվում: Բայց գլխավորն այն է, որ գումարները կանոնավոր եւ անխախտ գանձվում են:




Լրահոս