Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը այս տարվա 10 ամիսների արդյունքներով նվազել է 4.1 տոկոսով` կազմելով 735 մլրդ 677.7 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 10 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 756 մլրդ 587.3 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4 տոկոսով:
Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 439 մլրդ 180 մլն դրամ, այն անցած տարվա ցուցանիշին զիջում է 8 տոկոսով: Ըստ մասնագետների` բուսաբուծության ոլորտում արձանագրված անկման հիմնական պատճառը եղել է ամռան ամիսներին ողջ հանրապետությունում արձանագրված երաշտը:
Գյուղատնտեսության ոլորտում տարին բավական ծանր սկսվեց. եղան ցրտահարություններ, ինչի արդյունքում գյուղատնտեսական աշխատանքները սովորականից մեկ ամիս ուշ սկսվեցին, ապա տեղումների բացակայության արդյունքում ջրամբարներում անհրաժեշտից շատ քիչ ջուր կուտակվեց:
Այնուհետեւ, ամռան տապն ուղեկցվեց երաշտով եւ գյուղացիական տնտեսությունները չկարողացան իրենց բոստանները անհրաժեշտ ծավալով ոռոգել եւ բոստանային կուլտուրաների բերքի ծավալները սովորականից պակաս ստացվեցին:
Մյուս կողմից էլ խոտհարքերի բերքը եւս շատ քիչ ստացվեց, եւ անասնակերի պաշարները նախատեսվածից քիչ եղան: Այս ամենին ավելացնենք նաեւ այն փաստը, որ պետական աջակցության շրջանակներում գյուղացիներին հատկացվելիք պարարտանյութը եւ դիզվառելիքը ուշացումով բաշխվեցին: Ուստի նման պայմաններում գյուղատնտեսության համախառը բերքի ծավալների անկումը լրիվ սպասելի արդյունք է:
Անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 296 մլրդ 497 մլն 700 հազար դրամ, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2,3 տոկոսով:
Այլ կերպ ասած՝ այս տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակն ավելացրել են: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 10 ամիսների արդյունքներով 2.8 տոկոսով աճել են նաեւ մսի արտադրության ծավալները: Այս մի ցուցանիշը կարող է ուղղակի կապ ունենալ երաշտի եւ քիչ անասնակեր պահեստավորելու հանգամանքի հետ: Բանն այն է, որ անասնակերի դեֆիցիտի եւ մսի գնի բարձրացման պայմաններում սեպտեմբերից սկսած անասունների մորթի քանակն էապես աճել է: Ինչի արդյունքում էլ մսի արտադրության ծավալներն ավելացել են:
Վերը նշվածը ապացուցում է նաեւ այն փաստը, որ ընդհանուր կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսների արդյունքներով նվազել են: Օրինակ՝ նշված ժամանակահատվածում պանրի արտադրության ծավալները նվազել են 16.9, թթվասերինը՝ 20.1, մածունինը` 0.4, իսկ կաթնաշոռինը` 12 տոկոսով:
Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի՝ կաթի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսներին ոչ միայն չեն նվազել, այլեւ դեռ մի բան էլ մի փոքր՝ 0.5 տոկոսով, ավելացել են:
Ըստ ոլորտի մասնագետների` կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է կանթնատվության կրճատման հետ, ինչն իր հերթին անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունք է: Սակայն, ինչպես տեսնում ենք, կաթի արտադրության պաշտոնական թվերով անկում չի արձանագրվել:
Այսօր արդեն ակնհայտ է, որ երբ 2017 թվականի արդյունքներն ամփոփվեն, անասունների գլխաքանակն էապես նվազած կլինի: Բայց բացառված չէ, որ պաշտոնական վիճակագիրներն ամեն ինչ այլ կերպ ներկայացնեն, ասենք՝ աճ ներկայացնեն՝ այդ կերպ պնդելով, թե անասունների մորթի արդյունքում գլխաքանակի նվազում տեղի չի ունենում:
Ի դեպ, ավարտին մոտեցող տարվա ընթացքում բնության պատճառած տհաճ անակնկալները եւս մեկ անգամ փաստեցին, որ գյուղատնտեսության ապահովագրությունը առավել քան ռիսկային է, եւ այն կարող է ներդրվել միայն պետական գործուն աջակցության դեպքում: Իսկ գյուղատնտեսության ապահովագրությունն էապես կկայունացնի ֆերմերների տնտեսական գործունեությունը:
Սյունէ Համբարձումյան