«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործերով դատավոր Ավագ Գաբրիելյանն իր վարույթում գտնվող գործերից մեկով արդեն ութ ամիս է՝ որեւէ դատական նիստ չի նշանակել: Սա հարուցել է փաստաբան Գեւորգ Գյոզալյանի դժգոհությունը, եւ նա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով:
Այնտեղ, սակայն, մերժել են փաստաբանին, որից հետո նա դատական հայց է ներկայացրել հանձնաժողովի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գյոզալյանը տեղեկացրել է, որ այդ հայցից բացի` ինքը բողոք է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ նույն խնդրանքով: «Կարծում եմ, որ այստեղ ծանրաբեռնվածության հարց չկա, քանի որ այս գործով ընդհանրապես նիստի օր չի նշվում: Ծանրաբեռնված է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, որը այսօր ընդունում է վերաքննիչ բողոքը վարույթ եւ դատական նիստ է նշանակում 2019 թվականի ապրիլին, սա ես հասկանում եմ ինչ-որ մի տեղ, բայց այս դատավորը ընդհանրապես նիստ էլ չի նշանակում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: