Խաբելը ՀՀ իշխանության վերնախավի մոտ դառնում է սովորություն. Տավուշում իրավիճակը լուրջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի Տավուշի մարզի գյուղատնտեսությունը կարկտահարությունից մեծ վնասներ է կրում, ոչնչանում են տասնյակ հեկտարների ցանքեր, վնասվում է պտղատու եւ խաղողի այգիների բերքը:

2015թ. պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ Նոյեմբերյանի տարածաշրջանում եւ Դեբեդի հովտում տեղադրվեցին հակակարկտային 10 կայան: Նախկինում նույն տարածքում գործում էր հակակարկտային 3 կայան: Սակայն հակակարկտային 13 կայանները, միեւնույն է, կարկտահարությունից չեն պաշտպանում նույնիսկ Դեբեդի հովտի այգիներն ու ցանքատարածությունները, էլ ուր մնաց հարակից տարածքները: Կայանների աշխատանքը փաստացի արդյունավետ չէ, եւ դրանք հուսալի պաշտպանություն չեն ապահովում:

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գոտում, Իջեւանի, Բերդի, Դիլիջանի տարածաշրջաններում հակակարկտային ոչ մի կայան չկա, այդ տարածքների այգիներն ու ցանքատարածություններն ամբողջությամբ անպաշտպան են: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզխորհրդի դեռեւս 2017թ. հուլիսի 27-ի նիստում հայտնել էր, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը հայտ է ներկայացվել Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի մի հատվածում հակակարկտային սարքավորումներ տեղադրելու համար:

Նրա խոսքերով՝ որպես պիլոտային ծրագիր` Լոռիում փորձարկվում են հակակարկտային հրթիռային համակարգեր, որոնց արդյունավետությունը ստուգելուց հետո Տավուշի մարզին կարող են հատկացվել նման համակարգեր: Մարզպետն այդ օրը նաեւ հայտարարեց, թե ամեն դեպքում կարկուտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը համարվում են հակակարկտային ցանցերը: Ամիսներն անցան եւ գյուղացիական տնտեսություններին կարկուտից պաշտպանելու ուղղությամբ այդպես էլ ոչ մի կոնկրետ քայլ չարվեց:

Մի խոսքով` հնչեցված խոստումներն իրագործելու հարցում հետեւողական չլինելն ու հանրությանն, ըստ էության, խաբելը ՀՀ իշխանության վերնախավի մոտ դառնում է սովորություն:

Ինչեւէ, նման իրավիճակում Տավուշի մարզի գյուղացիական տնտեսություններին, ինչպես միշտ, մնում է հուսալ միայն, որ բնությունն իրենց հանդեպ բարեհաճ կգտնվի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս