ԱԱԾ նկուղում քանի՞ «թարմ» ահաբեկիչ է պահվում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ տարածված ԱԱԾ հաղորդագրությունը ֆեյսբուքյան ահաբեկչի մասին լայն արձագանք գտավ Հայաստանում: Եղան քննարկումներ, հարցազրույցներ, ֆեյսբուքյան ստատուսներ, որոնք հիմնականում այն մասին էին, որ 2018-ին երկրում սպասվող քաղաքական փոփոխությունների համատեքստում իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում, իրեն ապահովագրելու համար անցանկալի զարգացումներից: Մեծ հաշվով հաղորդագրությունը լուրջ չընդունվեց եւ ընկալվեց որպես մանիպուլյացիայի փորձ:

Գուցե այս վերլուծությունները հիմնազուրկ չեն, որովհետեւ մոտենում է Սերժ Սարգսյանի տասնամյա ղեկավարության ավարտը, իսկ ինքը, ինչպես վստահ են քաղաքական մեկնաբանները, չի պատրաստվում հեռանալ իշխանությունից: Սա նշանակում է յուղ լցնել հասարակության դժգոհությունների կրակին, ինչը հղի է ամենատարբեր հետեւանքներով: Հայաստանում բռնության ճանապարհով քաղաքական փոփոխությունների հասնելու փորձերի մեղադրանքով այս պահին բանտերում մի քանի տասնյակ մարդ կա: Ժիրայր Սեֆիլյան եւ ընկերներ, Սամվել Բաբայան եւ ընկերներ, Սասնա ծռեր, Վահան Շիրխանյան եւ զինված խմբի անդամներ, Շանթ Հարությունյան եւ ընկերներ:

Հայաստանն այս առումով յուրահատուկ չէ, համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի զինված հեղաշրջումների, իսկ ժամանակակից պատմության մեջ, բոլոր այն երկրներում, որտեղ պետության գլուխը կառչած է իշխանությունից եւ ոչ մի կերպ չի ուզում հանձնել այն, ուշ թե շուտ լինում են կամ թավշյա, կամ զինված հեղափոխություններ, եթե, իհարկե, տվյալ երկրի ժողովուրդը չի տեղավորվում թուրքմենական կամ հյուսիսկորեական մոդելի մեջ:

Հայաստանում ժողովուրդը, համենայնդեպս՝ նրա առանձին զավակներ, մերժում են այս տարբերակները եւ ուղիներ փնտրում քաղաքական փոփոխությունների համար: Բնականաբար, արտաքին ուժերն էլ օգտվում են այս հանգամանքից եւ ըստ անհրաժեշտության նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնելով, փորձում են իրենց շահերն առաջ մղել: Սա արդեն վերածվում է փակ շրջանի, նաեւ մամլիչի՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համար, ովքեր որեւէ այլ ելք չտեսնելու պատճառով ընկնում են «միայն զենքով կլինեն փոփոխություններ» թակարդը:

Ի՞նչ է սպասվում այս անգամ, Հայաստանի պաշտոնյաների նկատմամբ բռնություններ կազմակերպելու մեղադրանքով քանի՞ ՀՀ քաղաքացի կհայտնվի անազատության մեջ, ովքե՞ր են նրանք: Եվ ինչպես կարող է մի պետություն համարվել ժողովրդավարական, երբ տարվա մեջ մի քանի անգամ մարդկանց խմբեր են հայտնվում, ովքեր որոշում են երկրում քաղաքական փոփոխությունների նպատակով զենք վերցնել: Ստացվում է՝ կամ Հայաստանն ամեն դեպքում ժողովրդավարական չէ, կամ Հայաստանը ժողովրդավարական է, հիմա արդեն նաեւ Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրած, սակայն Հայաստանում ապրում են հոգով ահաբեկիչներ, որոնց ահաբեկչական էությունը ժամանակ առ ժամանակ դուրս է հորդում տարբեր անձերի եւ խմբերի տեսքով:

Չնայած այն կարծիքներին, որ ԱԱԾ վերջին հաղորդագրությունը ընդամենը նախազգուշական բնույթի էր, ակնհայտ է, որ գործ ունենք կոնկրետ մեղադրանքների եւ կոնկրետ մարդկանց եւ գործողությունների հետ:

Խորհուրդներ եւ ցուցումներ ասվածը դեռ կարելի է վերագրել ֆեյսբուքյան նամակագրությանը, մեկնաբանել որպես պարզապես քննարկում, կարծիքների փոխանակում, բռնկման պահին ասված խոսք, բայց «միջոցներ տրամադրել»-ը շատ կոնկրետ է, նշանակում է գումար փոխանցել/ուղարկել: Եթե ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար գումար է փոխանցվել, նշանակում է այդ գումարով զենք, զինամթերք է ձեռք բերվել:

Ասում են՝ ԱԱԾ-ն բոլոր նման իրավիճակներում մարդկանց պոչին նստում է հենց այն պահից, երբ զենք է ձեռք բերվում, որովհետեւ սեւ շուկան ամբողջությամբ վերահսկում է, եւ ցանկացած նոր դեմք, որ մուտք է գործում այդտեղ, հայտնվում է օպերատիվ հսկողության տիրույթում: Այսինքն, առնվազն հաղորդագրությունից բխում է, որ ԱՄՆ-ից Հայաստան գումար է փոխանցվել, ու այդ գումարով ահաբեկչություն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ են ձեռք բերվել:

Ու չնայած նշվում է նաեւ, որ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ, ավելի հավանական է, որ հենց այս օրերին արդեն ԱԱԾ նկուղում այս գործով անցնող մարդիկ են հայտնվել, որոնց մասին չգիտես ինչու առայժմ ոչինչ չի ասվում:

Հաղորդագրությունից հետո վերլուծաբանները հարց էին առաջ քաշում, թե ինչու է ԱԱԾ-ն զգուշացնում ենթադրյալ հանցակիցներին, որոնք կարող են թաքնվել կամ փախչել: Ենթադրվում է, որ կառույցն արդեն բացահայտել է նշված անձանց շրջանակը, գուցե նաեւ ոմանց կալանավորել, սակայն 100 տոկոսով վստահ լինելու համար, որ որեւէ մեկը չի սպրդել ուշադրությունից, այսպիսի հաղորդագրություն է տարածում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս