Դատական համակարգն ամբողջությամբ կվերակազմավորվի. ինչ փոփոխություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դատական համակարգն առաջիկա ամիսներին լրջագույն կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվելու: Առաջիկա փոփոխությունները համեմատելի են միայն Հայաստանի անկախացումից հետո դատական համակարգում իրականացված գործընթացների հետ:

Դատական համակարգի կառուցվածքի փոփոխությունների առիթը նոր խմբագրությամբ Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերվող 7-րդ գլխով նախատեսված կարգավորումներն են: Չնայած այդ գլուխը ուժի մեջ է մտնելու եկող տարվա ապրիլի 9-ից, սակայն մի շարք գործընթացներ իրականացվելու են առաջիկա երկու ամիսներին:

Բարձրագույն դատական խորհուրդ

Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի փոխարինելու է ներկայիս արդարադատության խորհուրդին: Սակայն, ի տարբերություն արդարադատության խորհրդի, բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ավելի ընդլայնված կլինեն: Այն գործնականում լինելու է դատական համակարգի կառավարման բարձրագույն օղակը, որի վրա դատական համակարգի ղեկավար կազմը, մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, որեւէ ազդեցություն չեն ունենալու եւ այդ կառույցի անդամ լինելու իրավունք էլ չունեն:

Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է լինելու տասն անդամներից, որոնցից հինգին նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս հինգին՝ խորհրդարանը: Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմը, ըստ Սահմանադրության 214-րդ հոդվածի, պետք է ընտրվի ոչ ուշ, քան հանրապետության նոր նախագահի լիազորությունները ստանձնելուց մեկ ամիս առաջ: Ներկայումս խորհրդարանը քննարկում է դատական նոր օրենսգրքի նախագիծը, որով բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի ընտրության համար որպես վերջնաժամկետ սահմանված է եկող տարվա մարտի 1-ը:

Այսինքն` դատական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ԱԺ նախագահությունը պետք է սահմանի բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակացույցը: Այդ խորհրդի անդամներին առաջադրելու իրավունքը տրված է խմբակցություններին: Խորհրդարանի խմբակցություններից ամեն մեկը կարող է բարձրագույն դատական խորհրդի ամեն մի տեղի համար մեկական թեկնածու առաջադրել: Այլ կերպ ասած` խմբակցությունները կարող են առավելագույնը հինգական թեկնածուներ առաջադրել: Ի դեպ, բարձրագույն դատական խորհրդի անդամները նշանակվելու են հինգ տարի ժամկետով: Սակայն առաջին կազմի ոչ բոլոր անդամներին է բախտ վիճակված հինգ տարի պաշտոնավարել:

Բանն այն է, որ բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի վեց (ԱԺ եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից նշանակվածներից երեքական) անդամներն են նշանակվելու հինգ տարի ժամկետով, իսկ չորսը (ԱԺ եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից նշանակված անդամներից երկուականները) պաշտոնավարելու են երեք տարի:

Դատարանների նախագահներ

Նոր խմբագրությամբ Սահմանադրության դատական իշխանության վերաբերող գլխի` ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի բոլոր դատարանների դատավորները շարունակելու են պաշտոնավարել որպես դատավորներ: Սակայն նույնը չի կարելի ասել դատարանների նախագահների եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ քաղաքացիական ու վարչական պալատների նախագահների մասին:

Ըստ Սահմանադրության` բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո, բայց ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում, պետք է նշանակվեն դատարանների նոր նախագահներ: Այլ կերպ ասած` դատարանների նոր նախագահների նշանակման համար վերջնաժամկետը եկող տարվա սեպտեմբերի սկիզբն է: Ի դեպ, վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է խորհրդարանը վեց տարի ժամկետով, վճռաբեկ դատարանի կազմից:

Հարկ է նշել, որ միեւնույն անձը միայն մեկ անգամ կարող է լինել վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի պալատների, վերաքննիչ եւ ընդհանուր իրավասության դատարանների նախագահներին,ն նրանց նշանակում է հանրապետության նախագահը՝ բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ՝ երեք տարի ժամկետով:

Այլ կերպ ասած` նշանակողը բարձրագույն դատական խորհուրդն է, իսկ հանրապետության նախագահը պետք է պարզապես հաստատի: Ի տարբերություն վճռաբեկ դատարանի նախագահի` մնացած դատարանների նախագահները անընդմեջ չեն կարող երկու ժամկետ պաշտոնավարել: Ստացվում է, որ նշված դատարանների նախագահները կարող են մեկ ու մեջ պաշտոնավարել:

Ի դեպ, վճռաբեկ դատարանի դատավոր կարող են նշանակվել քառասուն տարեկանից բարձր, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող եւ առնվազն տասը տարվա աշխատանքային փորձ ունեցող, բարձրագույն կրթությամբ իրավաբանները: Այս չափանիշի շնորհիվ երիտասարդ դատավորներից շատերը, որոնք իրենց կապերի շնորհիվ կարող էին հավակնել վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին, իրականում մրցավազքից դուրս են մնում:

Իսկ ինչ մնում է ՀՀ վճռաբեկ դատարանի գործող նախագահ Արման Մկրտումյանին, նրա վերանշանակումն իր պաշտոնում իրատեսական չէ: Մինչեւ սահմանադրական փոփոխությունները, Մկրտումյանի շուրջ բուռն իրադարձություններ էին զարգանում. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի ետեւից մեղադրանք էր առաջադրում դատական դեպարտամենտի աշխատակիցներին:

Դատական համակարգի աշխատակիցները չէին թաքցնում, որ այդ ամենի նպատակը Մկրտումյանի հրաժարականին հասնելն է: Սակայն նա հրաժարական չէր տալիս, իսկ ԱԱԾ-ն դատական դեպարտամենտի աշխատակիցների կյանքը դարձրել էր դժոխք: Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե իբր Մկրտումյանը հանրապետության ղեկավարությանն ասել էր, որ ինքը հրաժարական կտա միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանն իրեն այդ մասին անձամբ ասի: Սակայն նա նման բան չէր կարող ասել, որովհետեւ նման քայլը կլիներ քրեորեն պատժելի արարք կատարել, որի համար կարող են նույնիսկ պաշտոնանկությունից հետո՝ տարիներ անց էլ պատասխանատվության ենթարկել:

Ինչեւէ, սահմանադրական փոփոխությունների ընդունվելուց հետո, երբ այլեւս ակնհայտ էր, որ 2018 թվականի ապրիլից հետո վճռաբեկ դատարանի նոր նախագահ պետք է նշանակվի, Արման Մկրտումյանի շուրջ ծավալված գործընթացները դադարեցին, եւ արդեն երկու տարի է` դատական դեպարտամենտից ոչ մեկին ԱԱԾ-ն չի ձերբակալել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս