Էդվարդ Նալբանդյանը Ժերար Կոլոնի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ առանց վիզային ռեժիմի հնարավորության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի պետական նախարար, ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հետ։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վաղեմի բարեկամին, ով մեծ ներդրում ունի երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում՝ այդ թվում միջխորհրդարանական և ապակենտրոնացված բնագավառներում։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրին։ Այս համատեքստում արծարծվեց ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը։ Նախարար Նալբանադյանը նշեց, որ վերոհիշյալ հարցում հայկական կողմը ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի արժեքավոր աջակցությունը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հավելեց, որ Ֆրանսիան ԵՄ առաջին երկիրն էր, որի հետ Հայաստանը դեռ 2008թ.-ին սկսեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը։

Հանդիպմանը գոհունակություն հայտնվեց արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության շուրջ։




Լրահոս