Ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքում» աշխատանքային խումբ է ստեղծվել՝ ներկայիս Հայաստանի տարածքում ալբանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով։
Գանձասարի շուրջ վերջին օրերի զարգացումներից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ իրականացվող տեղեկատվական արշավը կարծես նոր փուլ է մտնում։ Եթե նախկինում Բաքուն իր թեզերը հիմնականում տարածում էր ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների և լրատվամիջոցների միջոցով, ապա այժմ դրանք ավելի ակտիվորեն ներկայացվում են նաև օտարերկրյա դիվանագետներին, իսկ հաջորդիվ արդեն հայտարարվում է Հայաստանի ներկայիս տարածքում «ալբանական ժառանգությունն» ուսումնասիրող աշխատանքային խմբի ստեղծման մասին։
Ադրբեջանական պետական AZERTAC լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքում» աշխատանքային խումբ է ստեղծվել՝ ներկայիս Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Զանգեզուրում և Սևանի լճի ավազանում գտնվող եկեղեցիների, վանքերի, մատուռների ու խաչքարերի պատմությունն ու «պատկանելիությունն» ուսումնասիրելու համար։
Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ ուսումնասիրությունները պետք է իրականացվեն արխիվային փաստաթղթերի և այլ սկզբնաղբյուրների հիման վրա։ Միաժամանակ AZERTAC-ի հրապարակման մեջ ներկայացվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանի տարածքում գտնվող “Կովկասյան Ալբանիայի” միջնադարյան հուշարձանները դիտարկվում են որպես ադրբեջանական կողմի ժառանգության մաս։
Ուշագրավ է, որ այս հայտարարությունը հնչում է Գանձասարի շուրջ տեղի ունեցած զարգացումներից անմիջապես հետո։ Սեպտեմբերին Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների այց է կազմակերպվել Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ։ Ադրբեջանական կողմը այդ այցի ընթացքում ներկայացրել է իր պատմական մեկնաբանությունը՝ հայկական քրիստոնեական հուշարձանները կապելով Կովկասյան Ալբանիայի ժառանգության հետ։
Առավել ուշագրավ է հենց AZERTAC-ի հրապարակման այն հատվածը, որտեղ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող բազմաշերտ կրոնական և մշակութային ժառանգությունը դիտարկում է որպես իր «սեփական ժառանգության» մաս։ Ավելին՝ հրապարակման համաձայն՝ այդ ուսումնասիրությունը պետք է ծառայեցնի նաև «տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի» պատմական ու մշակութային հիմքերի փաստաթղթավորմանը։
Այս ձևակերպումն արդեն դուրս է գալիս զուտ պատմագիտական ուսումնասիրության շրջանակից։ Մշակութային ժառանգության ուսումնասիրությունը ադրբեջանական կողմի հրապարակման մեջ ուղղակիորեն կապվում է տեղահանված ադրբեջանցիների վերադարձի օրակարգի հետ, իսկ «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպմամբ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է Բաքվի կողմից առաջ մղվող քաղաքական հայեցակարգի շրջանակում։
Այսպիսով, ադրբեջանական պետական լրատվամիջոցը շարունակում է միջազգային տեղեկատվական դաշտում շրջանառել պատմամշակութային ժառանգության վերաբերյալ Բաքվի թեզերը՝ դրանք ներկայացնելով որպես գիտական ուսումնասիրության ենթակա հարց։ Սակայն հրապարակման քաղաքական ենթատեքստը դժվար է անտեսել․ «Կովկասյան Ալբանիայի ժառանգության» մասին պնդումները զուգակցվում են «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի և ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք «վերադարձի» օրակարգի հետ։
Հատկապես մտահոգիչ է, որ այս արշավը վերջին օրերին ավելի է ակտիվացել։ Գանձասարի և Դադիվանքի շուրջ ադրբեջանական կողմի կողմից օտարերկրյա դիվանագետներին ներկայացված միակողմանի մեկնաբանություններից հետո նույն թեզերն արդեն տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ձևակերպվող օրակարգ։ Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է շրջանառել այդ պնդումները, այլև հայտարարում է դրանք ուսումնասիրելու համար առանձին աշխատանքային խմբի ստեղծման մասին։
Արդյունքում՝ խոսքը միայն հերթական ադրբեջանական հրապարակման մասին չէ։ Վերջին զարգացումների համադրությունը ցույց է տալիս, որ Բաքուն պատմամշակութային թեման ավելի ակտիվորեն ներառում է իր դիվանագիտական և քաղաքական օրակարգում՝ փորձելով միջազգային լսարանին ներկայացնել Հայաստանի տարածքի վերաբերյալ իր պատմական մեկնաբանությունները որպես գիտական ուսումնասիրության և ապագա «վերադարձի» հիմք։
Ա․ Վարդանյան




























