Նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի մանրամասները. նա շատ հեռու չի գնա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեռ Ամանորից առաջ լուր տարածվեց, որ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դիմում է գրել՝ խնդրելով իրեն ազատել պաշտոնից։ Եվ չնայած նախարարությունից հերքում էին, սակայն օրեր անց նա ամանորյա կորպորատիվի ժամանակ հաստատել էր դիմում գրելու փաստը։ Լուրեր շրջանառվեցին, որ նախարարի փոփոխության մասին պաշտոնապես կհրապարակվի տոներից հետո։ Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ մոտ օրերս հայտարարությունը կարվի։ Նախարարին փոխարինողի անունն էլ է հայտնի, սակայն լրացուցիչ ճշտումների կարիք կա, ինչը կանենք մոտ օրերս։ Այս պաշտոնը վարչապետ Կարեն Կարապետյանի իրավասության տիրույթում է, եւ նա է առաջարկելու թեկնածուին, այսպես ասած՝ նրա մարդն է լինելու։

Այն, որ Մանուկյանը հեռանում է, երեկ հայտարարել է նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ ԱԺ հայ-իրանական բարեկամական խմբի հետ հանդիպման ժամանակ, պատգամավորներին ասելով՝ «դե, նախարարն էլ հրաժարական տվեց»: Ինչ վերաբերում է Աշոտ Մանուկյանի ապագային, ապա նա շատ չի «հեռանում»՝ տեղափոխվում է «Տաշիր գրուպ», որտեղ տնօրինելու է էներգետիկ ոլորտը, որը ԲԷՑ-ի՝ բարձրավոլտ ցանցի՝ ՀԷՑ-ին միանալուց հետո ահռելի տնտեսություն է դարձել եւ մասնագետի կողմից կառավարվելու կարիք ունի։ «Տաշիրի» սեփականատեր Կարեն Կարապետյանի կրտսեր որդին՝ Նարեկ Կարապետյանն է մինչ օրս համակարգել այդ աշխատանքները, սակայն հետագա կառավարումը մասնագիտական փորձ ու պատրաստվածություն է ենթադրում, իսկ Մանուկյանը ժամանակին աշխատել է «Հրազդան ՋԷԿ»-ում, «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն է եղել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս