Կրկին տուն. «Ելք» դաշինքի ամենահզոր երթն ավարտվեց ինչպես միշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ «Ելք» դաշինքի երթը ընդդեմ թանկացումների: Նկատենք, որ երեկվա մարդաշատ երթին, բացի «Ելք» դաշինքից, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չէին մասնակցում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արժանահավատ չհամարեց քաղաքական ուժերի այն տեսակետը, թե չեն մասնակցում, քանի որ դաշինքն իրենց չի դիմել: «Չեմ կարծում, որ «Ոչ թանկացումներին» լոզունգը քաղաքական ուժերին չմիանալու կոչ անելու համար հարմար առիթ էր: Ես կարծում եմ, որ սա այն խնդիրն էր , որը հուզում է ՀՀ հանրությանը: Այս երթը «Ելք» դաշինքինը չէ, դաշինքը չի, որ խնդիր է դրել, սա հանրությանն է:

Այստեղ քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները հանրության մի մասն են, եւ եթե իրենք չեն գտնում, որ երթով հնարավոր է` խնդիր լուծեն, չեն մասնակցում: Այստեղ որեւէ դիմելու կամ քաղաքական հրավեր ուղարկելու խնդիր չկա», – նշեց նա:
Ինչպես արդեն նշեցինք` որպես հաջորդ քայլ դաշինքը դիտարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ ներկայացնելն ու այն խորհրդարանում անցկացնելը: «Քննարկումներ շատ-շատ ենք արել: Քննարկել ենք բոլոր հնարավոր լավատեսական եւ վատատեսական տարբերակները ու բոլոր պարագայում էլ անելիքներ ունենք:

Տարին թանկացումներով է գնալու: Երբ թանկացումների ուժն արդեն հարվածում է գրպանին, ինքը բողոքելու է: Որքանով է այս պահին բնակիչը զգում, երթը ցույց տվեց: Եվ դա միանշանակ նրանք զգալու են արդեն մայիսին, իսկ հանրային ակտիվությունն ավելանալու է», – հավելեց Սարգսյանը:

Արամ Սարգսյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ ժողովուրդը հավատը կորցրել է անգամ ընդդիմադիր ուժերի հանդեպ եւ նույնիսկ պայքարելու փորձեր չի անում: «Մենք կարող ենք մշտապես ասել, որ հանրությունը հուսահատված է, հիասթափվելու առիթներ ունեցել է, բայց դրանով ոչ մի խնդիր չենք լուծում: Ես հակված եմ ասել, որ հանրությանը պետք է հանել հուսահատությունից, հանրությունն այնքան էլ հուսահատված չէ, որ հանրությունն իրեն հասանելի գործը միշտ էլ արել է, խնդիրը կազմակերպիչներինն է: Եթե ինչ-որ բան չի ստացվել, պետք է այնպես անել, որ հետո ստացվի: Եթե քաղաքականությամբ ես զբաղվում, քո խնդիրն է հանրությանը հույս տալ», – եզրափակեց նա:

Երթի վերջում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արձանագրեց, որ երեկվա երթը դաշինքի պատմության մեջ ամենահզորն էր՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում դաշինքը կանցկացնի ՀՀ պատմության մեջ ամենահզոր երթը: Ամփոփելով արդյունքները` Նիկոլ Փաշինյանը հայտնեց բողոքի երթի հաջորդ օրը՝ փետրվարի 5՝ նշելով, որ մինչ այդ իրենք խորհրդարանին կներկայացնեն «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իրենց նախագիծը եւ կպահանջեն, որ քաղաքական մեծամասնությունն ընդառաջ գնա եւ ընդունի այն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս