Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբնական շրջանում ջանում էր հնարավորինս ինքնատիպ երեւալ եւ խոսելով առկա խնդիրների մասին` իրավիճակը նկարագրելու համար դիմում էր ժողովրդական բանահյուսությանը: Այդ շարքից էր սննդամթերքի անվտանգության մասին նրա հայտարարությունը, որը բավական լայն արձագանք ստացավ: «Ուղղակի դա շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր Կարապետյանը: Եւ ահա ժամանակը ցույց տվեց, որ այս հայտարարությունները եւս շոուի ժանրից էին: Ավելի քան մեկ տարի անց «շանտղությունը» ոչ միայն շարունակվում է, այլեւ ավելի ու ավելի սոսկալի բնույթ կրում:
Օրեր առաջ բացահայտվեց, որ հայկական շուկայում տավարի մսի անվան տակ վաճառվում էր ձիու եւ ավանակի միս: Հիմա էլ «շանտղություն» է թռչնամսի շուկայում. այստեղ էլ բացահայտվել է հակաբիոտիկների, սալմոնելա խմբի մանրէների անթույլատրելի քանակ: Թե ի՞նչ վիճակ է դեռեւս չհետազոտված ապրանքատեսակների առումով, մնում է միայն ենթադրել. դեռեւս լուրջ փորձաքննություն չի իրականացվել մսամթերքի, ձկնամթերքի, երշիկեղենի շուկայում:
Մինչ այդ, փաստենք, որ ՀՀ քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն անորակ, անգամ՝ վտանգավոր սննդամթերքից` անկախ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի` իրականությունից կտրված հայտարարություններից ու ներկայացրած վիճակագրությունից:
Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո լարված իրավիճակը հանդարտվելու փոխարեն ավելի է սրվում: Ինչպես հայտնի է՝ համայնքապետի թեկնածուներից ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի օր առաջ Խուդոյանի կողմնակիցները՝ Ավետիք Սմբատյանի գլխավորությամբ, գնացել են մարզեպտ Սարգսյանի մոտ, պահանջել, որ նախկին գյուղապետ Մամիկոն Սմբատյանը չդառնա Եղեգիսի համայնքապետի տեղակալ: Մարզպետը հստակ պատասխան չի տվել` ասելով, թե դա իր լիազորություններից դուրս է: Եւ Ավետիք Սմբատյանն ու նրա կողմնակիցները հանդիպումից անմիջապես հետո եկել են գյուղամեջ, կոտրել են գյուղապետարանի աստիճանները: Նախկին եւ ներկա համայնքապետերի թիմակիցների միջեւ բախումն ու ծեծը շարունակվել է անգամ ոստիկանների ներկայությամբ, ավելին` վեճին միջամտած ոստիկանները եւս վնասվածքներ են ստացել:
Մինչեւ վերջերս «Ծառուկյան» դաշինքում շատերը համոզված էին, որ 2018թ. ապրիլից հետո իրենք կդառնան իշխող կոալիցիայի անդամ: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ՀՀԿ-ն հենց առաջին դեմքով արդեն հասկացրել է որոշ շրջանակների` ապագա կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի համար «ազատ տեղ չկա», ու մտադիր են հետայսու եւս կոալիցիոն գործընկերությունը շարունակել միայն ՀՅԴ-ի հետ: Որպես պատճառաբանություն նշվել է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը եւս իշխանության մաս կազմի, խորհրդարանում բավական տխուր պատկեր կարող է ստեղծվել. ընդդիմադիր դիրքերից հանդես կգա միայն «Ելք» խմբակցությունն իր 9 պատգամավորով: Մինչդեռ հարկավոր է միջազգային հանրությանը ցույց տալ, թե խորհրդարանում ոչ թե մեկ, այլ երկու ընդդիմադիր ուժ կա: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել դաշինքի ապագային առնչվող հարցերի:
Դեկտեմբերի 1-ին Հայաստան պետք է այցելեր Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին: Սակայն վերջին պահին նա անակնկալ կերպով չեկավ Հայաստան՝ հայտարարելով այցն անորոշ ժամանակով հետաձգելու մասին: Պատճառն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել է այն, որ Վրաստանի խորհրդարանը դեռեւս չէր հաստատել կառավարության կազմը: Չնայած վրացական կողմը խոստացել էր, որ իրենց վարչապետն ավելի ուշ կգա Հայաստան, փոխարենը երեկ Վրաստան էր մեկնել Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն հայտարարել է. «Առաջին հերթին պետք չէ այցի հետաձգումը կապել հայ-վրացական հարաբերությունների հետ: Մեծ հավանականությամբ այցի չեղարկման պատճառ կարող էին դառնալ ներքին խնդիրները, այդ թվում՝ լարված ներքաղաքական իրավիճակները: Բանն այն է, որ լարված պայքար է ընթանում հենց իշխանական կուսակցության ներսում: Հստակ կարող եմ ասել, որ դա կապված չէր հայ-վրացական հարաբերությունների հետ»,- ասել է նա:
ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ
Իշխանությունների եւ տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների միջեւ շարունակվում է հեռակա բանավեճը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է այդ թեմային: Ու որքան էլ նա փորձում էր ցույց տալ, թե ուսանողների ակտիվության մասով խնդիր չունեն, ակնհայտ էր՝ այս ընթացքում հնչած որոշ արտահայտություններից նեղված է. «Որքան էլ մեզ ուսանողները հուշեն, որ պետք է հրապարակավ խնդրել ՀՀ քաղաքացիներին մեզ խղճալ՝ մեզ, եւ գնալ հայրենիքը պաշտպանել, մենք այդպիսի բաներ չենք անելու, որովհետեւ հայրենիքը միայն մերը չէ, հայրենիքը բոլորինն է: Բացի դրանից` այն հայտարարությունները, որ հնչում են ՀՀ-ում, մի քանի րոպե հետո դառնում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ թուրքերի ու մնացած բոլորի սեփականությունը»,- ասել է նա: Բացի այդ` Ս. Սարգսյանը հայտարարել է, թե իրենք խնդիր չունեն ուսանողների ցանկացած առաջարկությունները լսելու. «Քննարկումները նորմալ են, առանց դրանց չի կարող մեր հասարակությունը զարգանալ, բայց երբ քննարկումների արդյունքում որոշումներ են կայացվում, մեզնից յուրաքանչյուրի գործը պետք է լինի գոնե իր մասով այդ որոշումներն իրականացնել»:
Սկսենք նրանից, որ բարոյախրատական ճառը, թե «հայրենիքը միայն մերը չէ, հայրենիքը բոլորինն է», մի տեսակ խորթ է հնչում թեկուզ այն պատճառով, որ հենց այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է ՀՀ քաղաքացին երես թեքել իր պետությունց. մի մասը պարզապես հեռացել է, մի մասն էլ, մնալով այստեղ, հայրենիքն ընդունում է որպես սոսկ բնակավայր, ոչինչ ավելի: Մի տեսակ հիմնազուրկ էին նաեւ Սերժ Սարգսյանի պնդումները, թե ՀՀ-ում հնչած հայտարարությունները դառնում են ադրբեջանցիների, թուրքերի կամ մյուսների սեփականությունը: Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է ընդհանրապես որեւէ քննադատական խոսք չհնչի, այլապես ցանկացած խոսք կարող է դառնալ այլ պետությունների սեփականություն: Այնպես որ, իշխանությունները միգուցե ճիշտ կանեին, եթե նախ եւ առաջ իրենց գործելաոճին հետեւեին, որովհետեւ նույն հաջողությամբ թուրքերն ու ադրբեջանցիները տեսնում են նաեւ դա:
Ու վերջապես տարկետման իրավունքի սահմանափակումների մասին. Ս. Սարգսյանը` հայտարարելով, որ յուրաքանչյուրի գործը պետք է լինի որոշումները կատարելը, պարզ հասկացրել է՝ իշխանությունն իր որոշումը կայացրել է եւ նահանջելու միտք չունի: Այնպես որ, իրենք պատրաստ են քննարկումների, բայց ոչ ավելին: