Մսամթերքը երբեք մի պահեք այլ մթերքների կողքին. օգտակար խորհուրդներ մսի և ձկնեղենի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ուզում եք որոշել մսի թարմ լինելը, իմացեք` լավորակ միսը կտրելիս գրեթե չոր է լինում, մատով սեղմելիս նրա վրա գոյացող փոսիկն արագորեն ուղղվում է։ Թարմ մսից եփած արգանակը հաճելի համ ու հոտ ունի: Այդպիսի արգանակի վրա լողում են ճարպի խոշոր կաթիլներ:

Տավարի կոշտ միսը դառնում է փափուկ և շուտ է եփվում, եթե վրան քսեք մանանեխի փոշի: Եփելուց առաջ միսը հարկավոր է լվանալ սառը ջրով։

Եթե հին միս եք եփում, ապա վրան լցրեք մեկ գդալ քացախ կամ մեկ գդալ կիտրոնի հյութ, դրանք նպաստում են մսի արագ եփվելուն:

Միսը արագ է եփվում նաև, երբ նախապես վրան ցանում եք սոդա և թողնում 3-4 ժամ կամ մեկ գիշեր։ Եփվելուց առաջ լավ լվացեք հոսող սառը ջրով:

Միսը հոտ ունի թե ոչ` ստուգելու համար հարկավոր է դանակը կամ պատառաքաղը տաքացնել և դրանով միսը ծակել։ Եթե վատորակ է, ապա դանակից կամ պատառաքաղից վատ հոտ է գալիս։

Մսի կամ ձկան կոտլետները պետք է պատրաստել 10-15 րոպե տևողությամբ , իսկ այնուհետև՝ 5-7 րոպե դնել ջեռոցը: Կոտլետներն այդպես պատրաստելիս միկրոբները լիովին ոչնչանում են։ Պատրաստի կոտլետը կտրելիս մեջը գորշագույն է լինում, իսկ չեփված կոտլետը` վարդագույն։

Աղալուց հետո, լավ կլինի մսին մի քիչ ջուր կամ կաթ ավելացնել և լավ տրորել, որպեսզի կոտլետները չոր չստացվեն:

Հում միսը կտրելուց հետո օգտագործված դանակն ու տախտակը պետք է խնամքով լվանալ տաք ջրով և ապա օգտագործել այլ մթերքներ կտրտելու համար:

Անհրաժեշտ է գիտենալ, որ հում միսը, նույնիսկ թարմ ու բարձրորակ, կարող է սերմանված լինելով միկրոբներով, այդ պատճառով այն երբեք չպետք է պահել այլ մթերքների հետ անմիջական շփման մեջ։

Միսը և ձուկը պետք է լվանալ եփելուց անմիջապես առաջ: Դրանք ջրի մեջ պահել չի կարելի, քանի որ դրանից կորչում է նրանց մեջ պարունակված սպիտակուցների և աղերի մի մասը։

Տապակելու ենթակա միսը կամ այլ մթերքներն ավելի քիչ յուղ կներծծեն, եթե յուղի մեջ ավելացնեք մեկ թեյի գդալ քացախ։

Լյարդը տապակելիս աղը ցանեք վերջում. նախապես ցանելու դեպքում լյարդը պնդանում է։

Լյարդը, երիկամները կրակի վրա երկար չպետք է պահել, որովհետև որքան շատ եփվեն, այնքան կպնդանան:

Ինչպես որոշել` ձուկը թա՞րմ է, թե՞ ոչ: Թարմ ձկան թեփուկը հարթ է ու փայլուն և ամուր կպած է մարմնին, աչքերը դուրս ընկած ու թափանցիկ են. խռիկները` վառ կարմիր, փորը փքված չէ, միսը դժվարությամբ է պոկվում փշերից։ Այդպիսի ձուկըը ջրի մեջ գցելիս իջնում է ամանի հատակը։ Լավորակ թարմ ձկան արգանակը թափանիկ է և լավ հոտ ունի։

Խաշած ձկան հետ որպես խավարտ մատուցվում է խաշած կարտոֆիլ, իսկ տապակածի հետ` խաշած կամ տապակած։ Շոգեխաշած կամ խորոված ձկան հետ կարելի է մատուցել բրինձ:




Լրահոս