Երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթում երեկ հետաքրքիր ակնարկներ կային:
«Ես կարծում եմ, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք ավարտին կհասցնենք մինչեւ 2030 թվականը Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման ռազմավարությունը: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կառավարությունը 2017 թվականին լավ արդյունքների է հասել, չեմ կարծում, որ շեղումները շատ մեծ կլինեն, մենք թերեւս կունենանք 7,4-7,7 տոկոսի միջակայքում տնտեսական աճ: Սա, անշուշտ, լավ ցուցանիշ է: Բայց մենք նաեւ պետք է հաշվի առնենք, որ մեկ տարվա լավ տնտեսական աճը չի կարող ազդեցություն ունենալ մեր հասարակության լայն շրջանակների վրա: Եվս երկու-երեք տարի այսպիսի աճ, ես կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր` մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար»,- հայտարարել է Ս. Սարգսյանն ու մի քանի անգամ շեշտել, թե տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի եւ հատկապես սոցիալապես խոցելի խավերի համար:
Թեեւ Ս. Սարգսյանն արտաքուստ գոհունակություն է հայտնել 2017թ. արձանագրված տնտեսական ցուցանիշների առնչությամբ, բայց եւ անհարմար դրության մեջ է դրել վարչապետ Կարեն Կարապետյանին` հասկացնելով, որ չնայած պաշտոնական թերին` ՀՀ քաղաքացին իր մաշկի վրա չի զգում այդ աճի հետեւանքները: Այսինքն՝ նա, այնուամենայնիվ, դժգոհություն է հայտնել կառավարության գործունեությունից:
Մյուս կողմից` խոսելով իր ժողովրդագրական վիճակը բարելավելու ծրագրի մասին (հիշում եք՝ Ս. Սարգսյանը խոստացել է 2040 թվականին ՀՀ բնակչությունը հասցնել 4 միլիոնի)` նա ըստ էության իրականանալի է համարել դա:
Ու մինչ Ս. Սարգսյանը փորձում է համոզել, թե տնտեսական աճի արդյունքում իրենք «շատ լավ հիմքեր» են դրել ժողովրդագրական ծրագրերն իրականացնլու հարցում, շտապենք հիասթափեցնել. Հայաստանում ժողովրդագրական վիճակը գնալով ավելի ու ավելի է վատթարանում. ասվածի ապացույցը ավելի քան 7 տոկոս տնտեսական աճի պայմաններում 2017թ. ցուցանիշներն են. նախորդ տարի ծնելիությունը կտրուկ նվազել է` գրանցելով վերջին տասը տարվա ամենացածր ցուցանիշը՝ 37.6 հազար երեխա, երբ 2016թ. 40.6 հազար էր: Բնական հավելաճը եւս սարսափելի փոքր է՝ 10.3 հազար, մինչդեռ 2016թ 12.3 հազար էր, նվազել է նաեւ մշտական բնակչության թիվը՝ մեկ տարվա ընթացքում 13.2 հազարով եւ այսպես շարունակ: Այնպես որ, չնայած Ս. Սարգսյանի հայտարարություններին` իրավիճակը ողբերգական է: