ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
11.03.2018թ.՝ ժամը 01:00-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել մի քաղաքացի և հայտնել, թե վրաերթը կատարել է ինքը: Նույն օրը վերջինս ձերբակալվել է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացու հայտնած տվյալներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները, օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտե