«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր, թե ինչպես է Տավուշի մարզպետի որոշմամբ ֆինանսական օգնություն տրամադրվել քաղաքացիներին: Հիշեցնենք` ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով «Քաղաքացիական, դատական եւ պետական ծառայողների պարգեւատրում» հոդվածով Տավուշի մարզպետարանին հատկացվել է 30 միլիոն 459 հազար 400 հազար դրամ, որից մարզպետարանի աշխատողների պարգեւատրման գումարը կազմել է 30 միլիոն 299 հազար 200 դրամ:
«Ժողովուրդ»-ը նաեւ գրել էր, որ հանրությունը չի իմանում, թե մարզպետարանի աշխատակիցներից ովքե՞ր են պարգեւատրվել, ինչքա՞ն գումարով, ի տարբերություն դրա, մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են պետական բյուջեից որպես սոցիալական օգնություն դրամական աջակցություն ստացած մարզի բնակիչների անուն-ազգանունները եւ նրանց ստացած գումարների չափերը: Եվ ահա մարզպետ Հովիկ Աբովյանը այդ տարբերակումը վերացրել է, մարզպետարանի պարգեւատրում ստացած աշխատողների անուն-ազգանունները չեն հրապարակվել, այլ դրամական աջակցություն ստացած մարզի բնակիչների անուն-ազգանուններն այլեւս չեն հրապարակվում:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018թ. փետրվարի 26-ին մարզպետը որոշել է պետական բյուջեից սոցիալական աջակցության նպատակով 62 քաղաքացու հատկացնել 2 միլիոն 560 հազար դրամ միանվագ դրամական օգնություն, իսկ մարտի 14-ին նույն կերպ 55 քաղաքացու տրվել է 2 միլիոն 770 հազար դրամ օգնություն: Այդ որոշումների մեջ նշված է, որ դրամական օգնությունները տրվում են համաձայն հավելվածի, սակայն մարզպետարանի ինտերնետային կայքում հավելվածները չեն հրապարակված, թեեւ նախկինում դրանք հրապարակվում էին: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում մարզպետարանի հաստիքացուցակը ներկայացված է 2017թ. օգոստոսի 7-ի դրությամբ:
Այնտեղ նշված են 113 պաշտոն եւ դրանք զբաղեցնող պաշտոնյաների անունները: 113 հաստիքից 8-ը նշված է որպես թափուր: Անցյալ տարվա նշված ժամանակահատվածում 105 աշխատակից ունեցած մարզպետարանի աշխատողներին պարգեւատրելու համար 2017թ. պետբյուջեից հատկացվել է 30 միլիոն 299 հազար 200 դրամ, իսկ մարզպետի 2018թ. փետրվարի 26-ի եւ մարտի 14-ի որոշումներով սոցիալական եւ առողջական խնդիրներ ունեցող ընդհանուր թվով 117 քաղաքացիներին օգնելու համար` ընդհանուր առմամբ 5 միլիոն 330 հազար դրամ: Եթե նկատի ունենանք, որ մարզպետարանի ոչ բոլոր աշխատողներն են պարգեւատրվել, իսկ սոցիալական եւ առողջական խնդիրներ ունեցող տավուշցիները դրամական աջակցության որքան կարիք ունեն, ապա պետբյուջեից մարզպետարանի աշխատողներին եւ մարզի հասարակ քաղաքացիներին տրվող գումարների չափերի տարբերությունն ավելի ակնառու է դառնում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ