Առանձին դիմում ենք ՀՀԿ և ՀՅԴ շարքային անդամներին՝ սթափվե՛ք, միացե՛ք բողոքին. «Հանուն Հայաստան պետության» ճակատը հայտարարություն տարածեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականին բռնությամբ և արյամբ ձեռք բերված Սերժ Սարգսյանի իշխանությունն այս անգամ կեղծված հանրաքվեի միջոցով մեզ պարտադրված սահմանադրության օգնությամբ երկարաձգելու ծրագրի իրագործումը մոտեցել է ավարտական փուլին: 19.03.2018-ին tert.am կայքին տված հարցազրույցով նա, բռնված գրպանահատին հարիր աճպարարությամբ ու փաստարկներով, ըստ էության հայտնեց, որ դրժելով հրապարակայնորեն տրված պաշտոնական խոստումը, կառչած է մնալու երկրի ղեկավարի պաշտոնից:

Իր ապօրինի իշխանավարման 10 տարիներին երկրի համար կենսական բոլոր ոլորտներում տապալված, սեփական ժողովրդին կեղեքած և զանգվածային արտագաղթի մղած, ստի, կեղծիքի ու կոռուպցիայի մեջ թաղված այս անփառունակ գործչին նման բան թույլ տալը հղի է հետևյալ կործանարար հետևանքներով.

· Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման ժամկետի գնալը, ինչ սոուսով էլ այն փորձեն համեմել ու մատուցել, հանգեցնելու է Հայաստանի և Ադրբեջանի նույնականացմանը՝ որպես արևելյան տիպի ավտորիտար պետություններ՝ զրկելով մեզ քաղաքակիրթ աշխարհի առանց այդ էլ մսխված վստահության ու համակրանքի վերջին փշրանքներից, ինչն աններելի, թուլացնող հարված կհասցնի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի դիրքերին միջազգային ասպարեզում:

· Սերժ Սարգսյանի՝ ստելով ու իշխանական զոռբայությությամբ պաշտոնավարման երրորդ ժամկետի գնալը հուսալքության և արտագաղթի նոր, մեծ ալիք կառաջացնի, ինչն է՛լ ավելի կամայացնի և կենսունակությունից կզրկի մեր երկիրը, պարարտ հող կստեղծի այլևայլ՝ այդ թվում նաև բռնի մեթոդներով ապօրինի իշխանություններին հեռացնելու առկա մտայնությունների խորացման և տարածման համար:

· Սերժ Սարգսյանի տասնամյա պաշտոնավարման դառը փորձից միանշանակ հետևում է, որ նրա պաշտոնավարման երրորդ ժամկետում էլ այս համակարգը շարունակելու է իր պետականակործան գործունեությունը. հիբրիդային գաղութացման քաղաքականության իրականացման այս փուլում գաղութարարին են հանձնվելու երկրի ինքնիշխանության վերջին, նույնիսկ խորհրդանշանական ատրիբուտները, շարունակելու են հարստանալ և բարգավաճել ինքն ու իր մերձավորները, իր թույլատրածի չափով, բյուջետային կերակրատաշտի մոտ հավաքված համակարգապաշտպան հանրապետադաշնակցականները, իսկ ժողովրդի հարստահարումը, կեղեքումն ու արտամղումը երկրից նոր թափ կստանան:

· Շարունակվելու և ուժգնանալու են քաղաքական հալածանքները, զանգվածաբար ոտնահարվելու են մարդկանց հիմնարար ազատությունները, ավելի է խստացվելու զանգվածային լրատվամիջոցների վերահսկողությունը, բանտերը լցված են մնալու քաղբանտարկյալներով:

Այս ամենից խուսափելու միջոցը համաժողովրդական ընդվզումն է:

Կոչ ենք անում ողջ հայ հանրությանը, Հայաստանի (ներառյալ Արցախը), սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին միասնական բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրան սատարող հացկատակների ծրագրերի:

Գտե՛ք համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու ձեր ձևը՝ սկսած հրապարակայնորեն ձեր բողոքն արտահայտելուց, վերջացրած քաղաքացիական անհնազանդության գործողություններին գործուն մասնակցությամբ:

Առանձին դիմում ենք ՀՀԿ և ՀՅԴ շարքային անդամներին՝ սթափվե՛ք, միացե՛ք բողոքին, մի՛ սատարեք ձեր ընչաքաղց վերնախավերի պետականաքանդ ծրագրերին:

Հայրենակիցնե՛ր, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, իսկ դրան անխուսափելիորեն հաջորդող հանցավոր ռեժիմի փլուզումից հետո կկերտենք նոր Հայաստան, նոր սահմանադրությամբ և կառավարման համակարգով:

Իսկ նա կկանգնի նորացված և օրինավոր Հայաստանի անկախ դատարանի առջև:

«Հանուն Հայաստան Պետության» ճակատ




Լրահոս