ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու պաշտոնյաներից ոչ մեկը չայցելեց Եռաբլուր. մոռացե՞լ էին ապրիլյան պատերազմը, թե՞…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցը: Բայց արի ու տես, որ ողջ օրվա ընթացքում այդպես էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ապրիլյան պատերազմի զոհերի մի մասի շիրիմներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը չայցելեց. այնտեղ չէին ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ վարչապետ Կարեն Կարապետյանը, ո՛չ էլ նախարարները: Միայն ՊՆ ներկայացուցիչներն էին երեկ «Եռաբլուրում» եղել, եւ վերջ: Ավելի վաղ՝ ապրիլի 1-ի ուշ երեկոյան, «Եռաբլուր» էր այցելել պաշտպանության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի ու երիտասարդների հետ` սա էլ հավանաբար կուսակցական PR-ի շրջանակներում սելֆի անելու համար:

Դժվար է ասել՝ բարձրաստիճան պաշտոնյաները մոռացե՞լ էին օրվա խորհուրդը եւ այդ պատճառով չէին այցելել, թե՞ պարզապես խուսափել էին զոհերի շիրիմների մոտ նրանց հարազատներին առերեսվելուց, աչքերին նայելուց: Ի վերջո, քառօրյա պատերազմը բացահայտեց այս իշխանությունների իրական դեմքը. տարիներ շարունակ ԶՈՒ-ում իրականացված անխնա թալանի, բացթողումների եւ, մեղմ ասած, սխալ քաղաքականության հետեւանքն էր, որ անսպասելի պատերազմում հայկական կողմը չորս օրում ավելի քան 100 զոհ տվեց, երբ զինվորը ստիպված էր կռվել 80-ականների զենքերով, փամփուշտները վերջանալուց հետո՝ բահով, իսկ զինտեխնիկան հնարավոր չէր եղել արագ գործի դնել: Ամեն դեպքում, իշխանությունների պահվածքը տգեղ էր, շատ տգեղ:

Հ.Գ. Ի դեպ, Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթթահ ալ Սիսիին՝ վերընտրվելու կապակցությամբ:




Լրահոս