Դոնալդ Թրամփը գտել է հերթական թշնամության թիրախը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտել է հերթական թշնամության թիրախը` հանձին ամերիկյան խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից մեկի` Amazon-ի: Թրամփը ակտիվ քննադատություն է տեղում խոշոր բիզնեսի նկատմամբ` պաշտպանելով ամերիկյան միջին ու մանր գործարարության շահերը: Իր բոլոր թերություններով հանդերձ` ԱՄՆ նախագահն այս առումով, թվում է, մրցակից չունի եւ հենց խոշոր ֆինանսատնտեսական կորպորացիաների դեմ արշավի խոստումներով էլ ժամանակին վաստակեց շարքային ամերիկացիների ընտրական քվեն:

Համաշխարհային նշանակության համացանցային այս օնլայն խանութի` Amazon-ի միջոցով միլիոնավոր ամերիկացիներ գնում են իրենց անհրաժեշտ գրեթե ամեն ինչ` առանց ստիպված լինելու տանից դուրս գալու ու խանութներում ժամանակ ծախսելու: Amazon-ը դարձել է ոչ միայն կենցաղային ապրանքների, այլեւ առօրյա սննդի մատակարար, ինչը ծանր վնաս է հասցնում ամերիկյան միջին ու մանր գործարարներին։ Առեւտրական հարաբերությունների վիրտուալացումը օրինաչափորեն խաթարում է միջին ու մանր գործարարության եկամուտները: Դրա հետ մեկտեղ այն շղթայաբար ազդում է նաեւ աշխատատեղերի քանակի նվազման վրա: Բնականորեն խոշոր բիզնեսի հասցրած հարվածը մանր ու միջին գործարարներ դասին, դրա արդյունքում նաեւ աշխատատեղերի նվազումը սպառնում է ամերիկյան հասարակության տնտեսական կորուստներին։ Փոխարենը ուժեղանում է խոշոր բիզնեսը, որը ոչ մի դեպքում չի կարող լինել ամուր պետության հենարան: Սա տնտեսագիտական տարրական կանոն է, որը հասկանում է խելացի ու պետության ապագայով մտահոգ վերնախավը:

ԱՄՆ նախագահ Թրամփը, իր էքսցենտրիկության ու էգոիզմի դրսեւորումներով հանդերձ, չափազանց լավ է պատկերացնում գործարար աշխարհը: Լինելով վերջինիս ներկայացուցիչ` Թրամփը միաժամանակ գիտակցում է, որ խոշոր բիզնեսը չի կարող ապահովել համընդհանուր բարեկեցություն: Նա տնտեսական հարաբերություններում կենտրոնական տեղը վերապահում է միջին դասին, որը պետության ողնաշարն է ու ճգնաժամային պահին իր ուսերի վրա է կրում պետության համար անհրաժեշտ բեռը: Թրամփը դեռեւս նախընտրական շրջանում էր հայտարարում, որ մրցակից Հիլարի Քլինթոնը խոշոր բիզնեսի ու ֆինանսա-կորպորատիվ շրջանակների սպասարկուն է, որոնք կեղեքում են շարքային ամերիկացիներին: Այդ քարոզչությունն իրականում լուրջ նշանակություն ունեցավ ընտրության ելքի համար: Թրամփը ամերիկացիներին համոզեց, որ ինքն է միջին խավի շահերի պաշտպանը, իսկ այժմ նախագահի պաշտոնում քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

Թիրախավորելով Amazon-ին` Թրամփը հայտարարում է, որ վերջինիս վճարած հարկերը տեղական ու նահանգային մակարդակներում չնչին են, փոստային գրասենյակների հատուկ պայմաններով օգտագործումը խոշոր վնաս է հասցնում ԱՄՆ-ին եւ մրցակցությունից դուրս է մղում բազմաթիվ միջին ու մանր գործարարների: Հակառակ Թրամփ պնդումների` մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ Amazon-ը վճարում է միլիարդավոր հարկեր թե՛ նահանգային, թե՛ տեղական մակարդակներում, չի օգտվում փոստային ծառայության հատուկ պայմաններից, այլ պարզապես օրական միլիոնավոր ծանրոցներ ուղարկելու շնորհիվ ստացել է զեղչեր եւ, վերջապես, օգնում է մանր ու միջին առեւտրականներին իր օնլայն հարթակի միջոցով վաճառել սեփական ապրանքը:

Կարծիք կա, որ Թրամփը թիրախավորել է Amazon-ը վերջինիս սեփականատիրոջ` Ջեֆֆ Բեզոսի պատճառով, քանի որ նրան է պատկանում նաեւ Washington Post պարբերականը, որը Թրամփի ամենախիստ քննադատներից մեկն է: Անշուշտ, դա չի բացառվում` հաշվի առնելով Թրամփի բնավորությունն ու անհանդուրժողականությունը իր հանդեպ նվազագույն իսկ քննադատության հանդեպ: Դրանով հանդերձ` Թրամփը բարձրացնում է չափազանց կարեւոր խնդիր` խոշոր եւ մանր ու միջին բիզնեսի հակադրության հարցը: Աշխարհի ցանկացած անկյունում այդ հակադրությունը կա, ինչը լիովին բնական է: Խոշոր բիզնեսը շարունակաբար ընդլայնվելու, փոքր մրցակիցներին կլանելու բնական հատկություն ունի, իսկ մանրերի խնդիրն է դիմակայել այդ մրցակցությանը: Սակայն բիզնես հարաբերությունների կարգավորման առաջին պատասխանատուն պետությունն է:

Պետական իշխանության վարած քաղաքականությունը պետք է միտված լինի, խոշորների առկայությամբ հանդերձ, ամուր պահել մանր ու միջին գործարարությանը` վերջինիս զարգացման համար պայմաններ ստեղծելով: Բավականին բարդ առաջադրանք է հավասարակշռության պահպանումը, ինչն առաջին հերթին խոսում է իշխանական վերնախավի մտավոր ունակությունների մասին, ապա նաեւ սահմանում` արժանի է այդ վերնախավը շարունակելու իր իշխանավարությունը, թե ոչ: Իսկ դրա պատասխանը տրվում է ընտրությունների ժամանակ, երբ ժողովրդավարական կարգերում, ֆորս-մաժորները բացառած, փոխվում է այն վերնախավը, որը կորցրել է հավասարակշռությունը մի կողմից` խոշոր, մյուս կողմից` մանր ու միջին բիզնեսի միջեւ:

Հայաստանին այս հեռանկարը, սակայն, չի սպառնում: Ավելի քան 20 տարի է, ինչ Հայաստանում վարվում է բիզնեսի հետեւողական խոշորացման քաղաքականություն` քայլ առ քայլ ջարդելով միջին խավին: Եվ սա բնական է, քանզի խոշորների միջոցով նախ առավելագույնս վերահսկողություն է սահմանվում շուկայի նկատմամբ, ապա եւ կայուն է ստվերային եկամուտը: Ի վերջո, մանր ու միջին գործարարության աճը կարող է սասանել հիմքում օլիգարխիկ իշխանության դիրքերը: Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ փոքր երկրում մի հոգի պետք է շաքար ներկրի: Նրա երեք վարչապետները` Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, եղել են խոշոր բիզնեսին արտոնություններ տրամադրելու ու դրա շուրջը երկրի տնտեսական կյանքը կազմակերպելու քաղաքականության կրողներ եւ իրականացնողներ: Այսպիսի մտածողությամբ ու նեղ-անձնական շահերով առաջնորդվող վերնախավով Հայաստանը չի կարող ապագա ունենալ, քանի որ հատկապես փոքր երկրի համար միջին խավի վրա հիմնված ազատ տնտեսական հարաբերությունները օդ ու ջրի պես անհրաժեշտ են: Իսկ հակառակի արդյունքը կոռումպացված, թուլացող ու դատարկվող ներկայիս Հայաստանն է:

Ն. Հովսեփյան




Լրահոս