«Սլավմեդ» ԲԿ-ում հրաշքով փրկել են ծայրահեղ ծանր վիճակում ծնված նորածնի կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սլավմեդ» ԲԿ-ում հրաշքով փրկել են ծայրահեղ ծանր վիճակում ծնված նորածնի կյանքը:

Երեխայի մոր խոսքով` դեռ հղիության 4-րդ ամսում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկները տեղեկացրել են հնարավոր խնդիրների մասին, սակայն մասնագետների քննարկումների և մոր համաձայնության արդյունքում որոշում է կայացվել պահպանել պտուղը: Անցյալում յոթ ինքնաբեր վիժումներից հետո հղիության ցածր գեստացիոն ժամանակահատվածում կեսարյան հատման ճանապարհով կինը ծննդալուծվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Վիրահատող բժշկի խոսքով` երեխայի քաշը ծայրահեղ ցածր էր և նրա ապրելու շանսերը գրեթե հասցված էին նվազագույնի, քանի որ առկա էին շնչառական խանգարումներ և ներարգանդային ինֆեկցիա:

«Նա այնքան փոքր էր, որ տեղավորվեց ափիս մեջ։ Մաշկն այնքան բարակ էր, որ բժշկական ձեռնոցների հետքերը երևում էին մաշկի վրա, ու այս ամենից բացի խնդիրն այն էր, որ փոքրիկը մեծ դժվարույթամբ էր ինքնուրույն շնչում»,-ավելացրեց մանկաբարձ գինեկոլոգ Դավիթ Իգնոյանը:

Ծնարանում նախնական կայունացման գործողություններ իրականացնելուց հետո փոքրիկին անհապաղ տեղափոխել են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները նորածնի կյանքը փրկելու համար՝ կատարվել է ներշնչափողային ինտուբացիա, շնչառության օժանդակություն հատուկ սարքավորման օգնությամբ, ինչպես նաև դեղորայքային համապատասխան բուժում:

Իրականացված հետազոտությունների ցանկում են՝ տեսողության և լսողության սկրինինգները, գլխուղեղի նեյրոսոնոգրաֆիկ հետազոտությունը և մի շարք այլ հետազոտություններ: Նորածնի մոտ կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերված խնդիրը վերացվել են և փոքրկն այժմ գտնվում է մոր և մանկան համատեղ կեցության հիվանդասենյակում:

Նորածնային բաժանմունքի վարիչ Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ բուժկենտրոնում առկա նորագույն սարքավորումների և մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ փոքրիկի վիճակն այժմ գնահատվում է բավարար: Առհասարակ, նման երեխաների փոքր տոկոսն է ողջ մնում, սակայն, հուրախություն բոլորիս, այսօր փոքրիկն ապրում է, շնչում է ինքնուրույն և օրական յուրացնում է 250 մլ. սնունդ և մոտ ժամանակներս պլանավորվում է դուրս գրման գործընթացը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկների ձեռնարկած հրատապ և ճշգրիտ որոշումների շնորհիվ հաջողվեց փրկել ևս մեկ նորածնի կյանք: Նորածնի հետագա բուժման ու վերականգնման գործում անմիջական մասնակցություն ունեն բուժկենտրոնի նորածնային բաժանմունքի առաջատար մասնագետերը: Այսօր արդեն փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում։ Ամուսինները խոսքեր չեն գտնում իրենց երախտագիտությունը հայտնելու համար:
Հիշեցնենք նաև, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երևան քաղաքում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին:




Լրահոս