ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՐՔԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օմբուդսմեն Արման Թաթոյանը կարծես մտադրվել է ամեն գնով հիմնավորելու տեսակետը, որ ինքը ոչ թե քաղաքացիների, այլ իշխանությունների, մասնավորապես ՀՀԿ-ի իրավունքների պաշտպանն է: 2017թ. տարեկան զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձ է կատարել նաեւ ընտրական իրավունքին՝ խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունների համատեքստում: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ զեկույցի տասը էջերում /այդքան է հատկացված ընտրական իրավունքին/ ՄԻՊ-ը շատ հմտորեն շրջանցել է ընտրությունների վրա լրջագույն ազդեցություն ունեցած գործոնի՝ ընտրակաշառքի թեման: Այնինչ` հիշում եք` ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ Երեւանի ավագանու ընտրություններին փողը հոսում էր գետի նման եւ հոսում էր ոչ միայն ՀՀԿ, այլեւ շատ ուրիշ կուսակցությունների թեկնածուների շտաբերից: ՄԻՊ-ը շրջանցել է նաեւ քվեարկության օրը ընտրողների ահաբեկման ու վերահսկման թեման: Մինչդեռ, հիշեցնենք, այդ ամենը արձանագրել էին միջազգային դիտորդները, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ իր զեկույցում նշելով. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները եւ ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»: Անգամ ՍԴ որոշման մեջ անդրադարձ կար ընտրակաշառքի թեմային, եւ արձանագրված էր, որ քաղաքական կոռուպցիան խարխլում է երկրի անվտանգությունը: Բայց արի ու տես, որ Արման Թաթոյանը զլացել է զեկույցում խոսել այս մասին, չէ՞ որ այդ դեպքում կստացվեր` նա դուրս է գալիս իշխանության դեմ, այն իշխանության, որն իրեն ՄԻՊ է դարձրել:

 

 

Ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդն օրենքով սահմանված կարգով անցնելու է իր գործառույթների իրականացմանը՝ նշանակելով դատարանների նախագահների: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ԲԴԽ-ն պատրաստվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Արման Մկրտումյանի փոխարեն նշանակել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Հիշեցնենք՝ նա 2005-2007թթ. եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, 2008-2010թթ.` ՀՀ վարչական դատարանի նախագահ: Իսկ Մուկուչյանին կրկին դատական համակարգ են վերադարձնում՝ գնահատելով ընտրությունների ժամանակ նրա կատարած թվանկարչությունը: Իր նշանակման վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` երեկ Մուկուչյանը պատասխանել է. «Ես այսօր ԿԸՀ նախագահն եմ, հետեւաբար որպես ԿԸՀ նախագահ եմ պատասխանում հարցերին, եւ այս դաշտը դուրս է իմ գործառույթների տիրույթից, հետեւաբար ինձ կոմպետենտ եւ կոռեկտ չեմ համարում տեսակետ ներկայացնել»:

 

 

 

ՀՀ կառավարությունը քննարկում է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած` ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը խստացնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ, վարորդները պետք է պարտադիր ունենան մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր, եւ գազալցակայանի աշխատողը վարորդից պետք է պահանջի դրանք, հակառակ դեպքում մեքենան չի լիցքավորի: Այդ փաստաթղթերի բացակայության դեպքում օրենքով նախատեսված են բավական լուրջ տուգանքներ՝ 100 հազարից մինչեւ 1 մլն դրամի չափով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս թեմայով անցկացվել են հետազոտություններ, եւ պարզ է դարձել, որ վերջին 6 տարիների ընթացքում տեղի ունեցած 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները: Միայն 2012-2018թթ. ընթացքում գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել է երկու մարդ: Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաեւ 537 պայթյուն: Իսկ այս ամենի վերահսկողությունը դրվելու է ԱԻՆ-ի եւ ճանապարհային ոստիկանության վրա:

 

 

 

ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների լարման համատեքստում դժվար կացության մեջ է հայտնվելու Հայաստանը, որ մի կողմից ԵԱՏՄ անդամ է, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ նախորդ տարի ստորագրեց համաձայնագիր: Ինչպես հայտնի է` արեւմտյան 22 երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ պետություններ որոշում են կայացրել ռուս դիվանագետների արտաքսելու մասին, իր հերթին ՌԴ-ն է նման որոշում կայացրել նրանց նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը պնդել է, թե այս ամենը Հայաստանի վրա չի անդրադառնա, քանի որ ՀՀ-ն ԵՄ անդամ չէ: «Ես կարծում եմ, որ դա Հայաստանի հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ խնդիրն ավելի շատ Բրյուսել-Մոսկվա, Վաշինգտոն-Մոսկվա տիրույթում է,- ասել է նա, սակայն հավելել,-կա ռազմաքաղաքական բնույթի վտանգ: ԱՄՆ-ը հիմա սահմանափակումներ է մտցնում որոշ երկրների այն ընկերությունների դեմ, որոնք Ռուսաստանից զենք են գնում»: Նշենք, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է համարվում եւ ՌԴ-ից բավական մեծ քանակությամբ զենք է գնում, ինչպես եւ՝ Ադրբեջանը:

 

 

ՄԻՆՉԵՎ ԱՌՈՒՆ ՋՈՒՐ ԳԱ
Իշխանություններն ամեն գնով որոշել են հասարակությանը համոզել, որ ոչ միայն տնտեսական աճ կա, այլեւ այդ աճը մարդիկ զգում են իրենց մաշկի վրա: Օրինակ` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մինասյանը երեկ ասել է, թե հասարակության որոշակի շերտեր իրենց մաշկի վրա զգում են տնտեսական աճը, իսկ հասարակության լայն խավերը կենցաղում կզգան, երբ աճը շարունակական լինի: «Եթե դուք անդրադառնաք մեր նախորդ տարիների իրավիճակին, կհասկանաք, որ տնտեսական աճը մեկ տարվա ընթացքում չի կարող տեսանելի դառնալ հասարակության բոլոր շերտերի համար: Տնտեսական աճը կարելի է զգալ, եթե այն տեւական ժամանակ է տեղի ունենում: Այսինքն՝ եթե 5, 6 տարի անընդհատ ունենանք այսպիսի տնտեսական աճ, ապա հասարակության բոլոր շերտերն իրենց վրա կզգան դրա ազդեցությունը»,- հայտարարել է նա:
Ինչպես ժողովրդական հայտնի խոսքն է ասում. «Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա»:
Համաձայնեք` մինչեւ Հայաստանում 5-6 տարի շարունակ տնտեսական աճ գրանցվի, մինչեւ մարդիկ սկսեն իրենց մաշկի վրա զգալ այդ աճի ազդեցությունը, բավական ժամանակ անցած կլինի: Այդ ընթացքում հասարակության մի զգալի հատված առնվազն արտագաղթած կլինի:
Եւ հետո` իշխանությունները դեռ պետք է կարողանան շարունակական աճ ապահովել, ինչը ոչ ոք չի կարող երաշխավորել: Առավել եւս, երբ Հայաստանի տնտեսությունը սպառել է երկարատեւ զարգացման համար անհրաժեշտ ներքին ռեսուրսները, մյուս կողմից` Հայաստանի տնտեսությունն առավել քան կախված է համաշխարհային գործընթացներից: Ըստ այդմ, հատկապես ռուսական տնտեսության մեջ ամենաչնչին ցնցումն անգամ կարող է բացասաբար անդրադառնալ այստեղ, ինչպես եղել է նախկինում:
Այնպես որ, պայծառ ապագայի խոստումները վաղուց արդեն կորցրել են իրենց ուժը: Եւ հետո` մեկ փաստ էլ. Հայաստանում սովորաբար բարձր տնտեսական աճը միշտ եղել է թվային մանիպուլյացիաների միջոցով պայմանավորված կոնկրետ քաղաքական գործընթացներով: 2016թ. ընդամենը 0.5 տոկոս տնտեսական աճից հետո` 2017թ. տնտեսության մեջ տեղի ունեցած դրական տեղաշարժի դեպքում բնական է, որ մեծ աճ պետք է արձանագրվեր՝ 7 տոկոսի չափով: Հիմա խիստ հարցական է՝ արդյո՞ք այս տարվա վերջում էլ կհաջողվի նման արդյունք գրանցել: Առավել եւս, երբ հիմա այլեւս իշխանություններն «ապացուցելու բան չունեն». նոր կառավարությունը ապրիլի վերջում արդեն ձեւավորված կլինի:




Լրահոս