ԵՐԲ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀԿ-Ն, ԱՅԼԵՎ ԼՀԿ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքում բացահայտ տարաձայնությունները գնալով ավելի են խորանում, եւ ամենեւին սխալված չենք լինի, եթե ասենք, որ նրանց պառակտումն այլեւս իրողություն է: Ընդ որում, արձանագրենք, որ այս դաշինքը չդիմացավ առաջին իսկ փորձությանը:

Ինչպես հայտնի է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից սկսել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն իր իսկ հռչակած ծրագրով, իր մշակած ճանապարհային քարտեզով: Սակայն դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն ի սկզբանե դեմ են եղել Սարգսյանի վարչապետության դեմ այդ ձեւաչափով պայքարելուն:
Եվ եթե «Հանրապետություն» կուսակցությունը կողմ է եղել Սարգսյանի դեմ նաեւ փողոցում պայքար մղելուն, ապա «Լուսավոր Հայաստանը» ոչ միայն դեմ է դրան, այլ կուսակցության տարբեր անդամները չեն զլացել բացահայտ քննադատելու դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ երեկ էլ ԼՀ-ի վարչության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ Նիկոլ Փաշինյանին եւ իր կուսակիցներին արդեն իսկ մեղադրել է ժողովրդին եւս մեկ անգամ հիասթափության տանելու մեջ: Ասել է, թե այս օրերին Փաշինյանին ու ՔՊ-ին քննադատում են ոչ միայն իշխանությունները, այլեւ հենց իրենց գործընկերները՝ դաշինքի անդամ կուսակցության ղեկավարը, ընդ որում՝ քննադատում է բավական կոշտ բառապաշարով:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր հոդվածում մասնավորապես գրել է. «Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ չենք հավատում մեր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում, որ ժողովուրդը թույլ չտա, ԻՀԱՐԿԵ ՈՉ: Պարզապես մենք ելնում ենք այն իրողությունից, որ ժողովուրդն ուղիղ մեկ տարի առաջ թույլ է տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: Սերժ Սարգսյանին, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն ի սկզբանե պարտված է՝ թե՛ իրավական առումով, թե՛ ռեսուրսների պայքարում, թե՛ քաղաքագիտորեն: Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների, որոնց չափազանց դժվար է լինելու բացատրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց խոստացված հեղափոխությունը»:
Ընդ որում, Էդմոն Մարուքյանն իր հոդվածում կրկին առաջ է տանում իրենց այն թեզը, թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ կարող են պայքարել հենց խորհրդարանում: «Մենք անկեղծ ենք մեր գործընկերների եւ մեր քաղաքացիների հետ: Մենք մեր քաղաքական վերլուծություններում, մեր ռեսուրսների հաշվարկում եկել ենք այն եզրահանգման, որ կարող ենք մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձեւավորելու, իսկ հետո նրանց բացատրելու, թե ինչու չստացվեց այն, ինչին ինքներս էլ չէինք հավատում»: Այսինքն` ի սկզբանե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր գործընկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին մեղադրում է մարդկանց խաբելու եւ անօգուտ պայքար սկսելու մեջ: Սակայն որքանով է ԼՀ-ի պահվածքը գործընկերային, երբ, օրինակ, քաջալերելու կամ առավել եւս նրանց կողքին լինելու փոխարեն «Լուսավոր Հայաստան»-ը մեղադրում է նրանց՝ այդպես նմանվելով Հանրապետական կուսակցությանը: Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ի մյուս անդամները այլեւս չպետք է զարմանան եւ վիրավորվեն ՀՀԿ-ի մեղադրանքներից, քանի որ իրենց դաշնակիցն է անգամ իրեն այդպես պահում:
Հետաքրքիր է, որ այս պարագայում, երբ դաշինքի երկու կուսակցություններ, կարելի է ասել, իրար դեմ են դուրս եկել, չեզոք դիրք է գրավել «Հանրապետություն» կուսակցությունը: Չնայած նրանք ի սկզբանե ասել են, որ կողմ են փողոցային պայքարին, սակայն չմիացան Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզին, սակայն չեն էլ պաշտպանում «Լուսավոր Հայաստան»-ին՝ փորձելով չեզոք մնալ եւ չփչացնել հարաբերությունները գործընկերների հետ: Երեկ ստեղծված իրավիճակի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին հրաժարվեց մեկնաբանություն տալ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ հայտարարելով, թե իր անձնական որոշմամբ չի մեկնաբանելու ստեղծված իրավիճակը: Սակայն Զեյնալյանն ամեն դեպքում արդեն իսկ անիմաստ համարեց դաշինքով վարչապետի թեկնածուին առաջադրելու մասին խոսակցությունները: Սակայն նկատենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության անդամ Արարատ Միրզոյանը նշել էր, թե այդ թեմայով քննարկումներ չկան, սակայն չէր բացառել դրանք: Սակայն այս պարագայում թերեւս դրա մասին խոսելն իսկապես անիմաստ է:
Ի վերջո, որքանով էին գործընկերային Էդմոն Մարուքյանի ձեւակերպումները. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե այդ հոդվածում այնպիսի բան առկա չէ, որի մասին ՔՊ-ի իրենց գործընկերներին չեն ասել: «Հոդվածում գրված ամեն ինչ կամ դեռ մի բան էլ ավել մենք մեր գործընկերներին ասել ենք: Ամենայն անկեղծությամբ մենք իրենց ասել ենք մեր մտահոգությունները: Հոդվածում գրված է մեր մոտեցումն ու տեսլականը, որովհետեւ մեր համախոհները, մեր ընկերները մեզ շատ էին հարցնում, թե որն է մեր մոտեցումը, եւ ինչու չենք միանում»,- նշեց նա:
Նրա խոսքով` այդ հոդվածում հստակ մեսսիջներ կան ուղղված իշխանություններին: «Մեր թիրախը եղել, մնում է ՀՀԿ-ն , գործող իշխանությունն իր ամբողջ համակարգով: Մենք մեր մոտեցումներն ասել էինք բազմիցս, մի քանի անգամ քննարկումների ժամանակ: Եղել է այն, ինչ եղել է: Մենք չենք կարողացել գալ ընդհանուր հայտարարի, բարի ճանապարհ, ես ոչինչ չունեմ ասելու», – հավելեց նա: Հարցին` ի վերջո, Դո՞ւք էլ եք կարծում, որ ՔՊ-ն ժողովրդին տանում է հիասթափության, նա ընդգծեց. «Հոդվածում նշված ամեն ինչ, մի քիչ էլ ավել, մենք մեր գործընկերներին ասել ենք»:
Իսկ ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հոդվածին, երեկ լրագրողների հետ զրույցում գործընկերներին խորհուրդ էր տվել ավելի քիչ կենտրոնանալ Սերժ Սարգսյանի ցանկությունների վրա, այլ կենտրոնանալ հասարակական ցանկությունների վրա: Այլ կերպ ասած` Փաշինյանն էլ իր հերթին անուղղակի Մարուքյանին մեղադրել է Սերժ Սարգսյանի ցանկություններն իրականացնելու մեջ: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, մինչեւ «Ելք»-ի ձեւավորումը Փաշինյանն ու Մարուքյանը միմյանց մեղադրում էին կեղծ ընդդիմություն լինելու մեջ, բայց հանուն խորհրդարանական մանդատի` ժամանակավորապես նրանք մի կողմ դրեցին տարաձայնությունները եւ դաշինք կազմեցին: Բայց, փաստորեն, արհեստական դաշինքները կարճ կյանք ունեցան:
Հ.Գ. Քաղաքական կոռեկտությունը պահանջում էր, որպեսզի գործընկեր կուսակցությունն անհամաձայնության դեպքում լռեր, այլ ոչ թե բացահայտ քննադատեր: Բայց դե՝ ունենք այն, ինչ ունենք:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎԱՏԱՌՈՂՋ ԷՐ
Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Զատկի տոնի առթիվ պատարագին ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Սերժ Սարգսյանը, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Սակայն պատարագին ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից փորձեց պարզել Կարապետյանի բացակայության պատճառները: «Վատառողջ էր, այդ իսկ պատճառով ներկա չէր արարողությանը»,- ասաց խոսնակը: Ճշտմանը` հիվանդանոցո՞ւմ է Կարապետյանը, թե՞ թեթեւակի խնդիր է եղել, խոսնակը նշեց. «Ո՛չ, մի փոքր վատառողջ էր, բայց այսօր արդեն աշխատանքի է եղել»: Նշենք, որ ապրիլի 2-ին էլ ոչ միայն Կարեն Կարապետյանը, այլեւ Սերժ Սարգսյանն ու Արա Բաբլոյանը եւս ներկա չէին «Եռաբլուրում»՝ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի օրը. երեւի իշխանական վերնախավում բոլորը վատառողջ էին մեկ օրով:

 

 

ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵՑԻՆ
ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատեց` Աշոցքի զինկոմում բացահայտված զենք, զինամթերքի անհետացման մասով հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աշոցքի զինկոմիսարիատից 48 փափմուշտ եւ երկու ինքնաձիգ է անհետացել, եւ աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցում անհետացած զինամթերքի հարցը: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին. «Մարտի 28-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՊՆ Աշոցքի զինկոմիսարիատի հերթապահ մասի մետաղյա պահոցից անհայտ անձի կողմից երկու միավոր ՊՄ տեսակի ատրճանակներ, երկու պահունակ եւ 48 հատ 9մմ տրամաչափի փամփուշտների առերեւույթ հափշտակության, պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու փաստի առթիվ»:

 

 

ԱՐՀԱՄԱՐՀԵՑԻՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՆ
Երեկ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդում: Սակայն Մուկուչյանի զեկույցը կարծես թե այնքան էլ հանձնաժողովի անդամների սրտով չէր: Եթե մյուս հարցերի քննարկման ժամանակ հանձնաժողովականները պարտաճանաչորեն նստած էին նիստին, հենց այդ հարցի մեկնարկից հետո մի քանիսը կարծես պայմանավորված լքեցին սենյակը, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ու Արփինե Հովհաննիսյանը եւ աշխատասենյակ վերադարձան բավական ուշ: Մյուսերը եւս դուրս եւ ներս էին անում՝ կարծես թե արհամարհելով իրենց հավատարիմ «թվանկարչին»:

 

 

 

ՄԻԱՅՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վաշինգտոնի «Ազգային ժողովրդավարություն» հիմնադրամի Ռուսաստան եւ Եվրասիա բաժնի գործադիր տնօրեն, հեղինակավոր վերլուծաբան Միրիամ Լանսկոյն, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ասել է.«Երբ գերտերությունները վերանայում են իրենց հարաբերությունները, ԱՄՆ-ը կարող է ավելին անել ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական ճակատում»: Ըստ նրա` քաղաքական կուսակցությունները չեն ձգտում քաղաքական փոփոխության, միայն էլեկտրաէներգիայի գին, պուրակ, եւ ոչ ավելի ընդարձակ քաղաքական կոնտեքստ: Վերլուծաբանը ներկայացրել է նաեւ Հայաստանում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները.«Սպասումներն այնպիսին են, որ Սարգսյանը կդառնա վարչապետ»,- նշել է նա: Խոսելով ապրիլյան պատերազմից եւ Ռուսաստանի դերակատարությունից` վերջինս նշել է.«Նրանք ակնկալում էին, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանին, կպաշտպանի Հայաստանին: Ապրիլյան պատերազմից հետո երկու բնույթի հիասթափություններ ի հայտ եկան: Կար նաեւ հիասթափություն, որ Ռուսաստանն ավելին չի անում»: Վերջում նա խոսել է «Սասնա ծռեր»-ի գործողության մասին` ասելով, որ պատերազմն ու «Սասնա ծռեր»-ի ճգնաժամն այն իրական խնդիրների ցուցիչներն են հայաստանյան քաղաքականության մեջ, որոնք արտահայտված չեն նորմալ քաղաքական գործընթացների միջոցով:




Լրահոս