Լուսանկարն արվել է մայրաքաղաքում
Երթուղայինի վարորդը որոշել է երիտասարդներին հումորով հորդորել իրենց տեղը զիջել մեծահասակներին, կանանց եւ երեխաներին: Հետաքրքիր է` գրությանը չհետեւելու դեպքում իսկապե՞ս վարորդն ինքն է տեղը զիջում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա ինչպե՞ս է վճարվում նրա կենսաթոշակը:
Գրետա Հարությունյան (71 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը եւ այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը:
Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Ի դեպ, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչ է իրենից ներկայացնում գույքահարկ կոչվածը: Ովքե՞ր են պարտավոր գույքահարկ վճարել:
Իլոնա Գեւորգյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գույքահարկը սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին եւ դրանց կողմից ՀՀ-ից դուրս ստեղծված կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Ավելացնենք, որ գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից ՀՀ-ից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների եւ հիմնարկների:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք: