«ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ՀԵՏ ԿԱՆԳՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան քաղաքական դաշտում իրավիճակը թեժ է։ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի փողոցային տարբերակը։ Մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակում մեկնարկած «Իմ քայլը» արշավի նպատակը հենց Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումն է։ Այնինչ` դաշինքի մյուս անդամ «Լուսավոր Հայաստան»-ը այն համոզման է, որ պետք չէ գնալ նախկին քաղաքական ուժերի տրորած ճանապարհով։ Քաղաքական թոհուբոհի ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգահան Արտավազդ Բայաթյանի հետ։ Նրա խոսքով՝ պայքարի ձեւերն արդարացված են, եթե վերջում պայքարողը հասնում է իր նպատակին, բայց, այնուամենայնիվ, պետք չէ պայքար ծավալելու ճանապարհին հասարակությանը գցել «ոտքի տակ»։ Երգահանի համոզմամբ՝ ժողովուրդը թերահավատությամբ է լցված, քանի որ պարբերաբար տեսնում է նեղ-կուսակցական շահեր հետապնդողների։

-Պարո՛ն Բայաթյան, պայքարի փողոցային տարբերակը, ըստ Ձեզ, որքանո՞վ է արդյունավետ։
-Ինձ թվում է՝ ցանկացած նման գործողություն ֆինանսավորվում է։ Եթե իրենք ֆինանս ունեն քայլարշավի համար, թող քայլեն, ի՞նչ ասեմ։ Բայց ինձ թվում է, որ դա ավելի շուտ ուշադրություն գրավելու միջոց է։
-Այդ դեպքում՝ պայքարի ի՞նչ ձեւ եք առաջարկում։ Դուք այլ տարբերակ ունե՞ք։
-Դե, բոլոր ձեւերն էլ արդարացված են, եթե վերջում պայքարողը հասնում է իր նպատակին։ Բայց պետք չէ պայքար ծավալելու ճանապարհին հասարակությանը գցել «ոտքի տակ»։ Քաղաքական ֆիգուրները պետք է շատ լավ պատկերացնեն սա եւ արկածախնդրությունից հետ կանգնեն։ Իսկ պայքարի փողոցային տարբերակի նման գործողությունները կարող են պարբերաբար ուշադրություն գրավելու համար կազմակերպվել։ Ամբողջ աշխարհում էլ կիրառվում է այդ մեթոդը։ Դա չէի ասի կարեւոր, բայց սովորական, ընդունելի բան է։
-Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը մտահոգություն է հայտնում, որ փողոցային պայքարի ընթացքում կարող են լինել ձերբակալություններ, նա չի բացառում նաեւ մարտի 1-ի կրկնությունը։ Դուք ի՞նչ կասեք, նման զարգացումները հնարավոր համարո՞ւմ եք։
-Այս աշխարհի երեսին չկա որեւէ գաղափար, կուսակցություն, որը մարդկային մի կաթիլ արցունք արժենա։ Մենք պետք է մի բան հաստատ հաշվի առնենք. ինչ անում ենք, պետք է այնպես անենք, որ պետությանը չվտանգենք։ Պայքարի ցանկացած ձեւ ընդունելի է, եթե այն պետությանը չի վտանգում։ Իսկ պայքարի արդյունավետությունը կախված է այն բանից, թե ովքեր են առաջնորդներն ու ժողովրդին ոգեւորողները։ Ամեն մարդու ու ամեն ասածի հետեւից գնալ պետք չէ։
-Ըստ Ձեզ՝ ժողովուրդը մոլորության մե՞ջ է, թե՞ կողմնորոշված է իրադարձությունների այս ֆոնին։ Ո՞վ պետք է նրան կողմնորոշի։
-Առհասարակ, ժողովուրդը մոլորության մեջ է, թերահավատության մեջ է, որովհետեւ պարբերաբար տարբեր տեսակի ծաղրածուներ են ելույթ ունենում, մարդիկ էլ հասկանում են, որ բոլորն իրենց անձնական, նեղ-կուսակցական շահերն են հետապնդում։
-Այդ դեպքում ո՞րն է լուծումը, ո՞ւմ վրա հույս դնել։
-Ես մեծ հույս ունեմ, որ երիտասարդները թարմ ու ժամանակակից մտածողություն կբերեն, եւ նրանց սերունդը կգա փոխարինելու այս հետսովետական մտածողությամբ սերնդին։ Վերջինս պետք է հեռանա…
-Դուք ասացիք, որ ժողովուրդը մոլորված է։ Իսկ նրան կողմնորոշելու հարցում ո՞րն է մտավորականության դերը։
-Նախ՝ մենք պետք է հասկանանք՝ մտավորականություն ասելով՝ կոնկրետ ում մասին ենք խոսում, որովհետեւ դա ինչ-որ վերացական հասկացություն չէ, դրանք կոնկրետ մարդիկ են։ Ես միայն մի բան կասեմ՝ այն մարդը, որն իրեն համարում է մտավորական, չպետք է ստի, չպետք է կաշառակեր լինի եւ որտեղ էլ լինի, ոչ մի պարագայում վնասակար գործողությունների չպետք է դիմի։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

«ԱՅԴՔԱՆ ԱՆՃԱՐ ՉԵՄ»

Մարտին «Հանրային հեռուստաընկերությամբ» հեռարձակվող «Եկեք հասկանանք» ծրագրի շրջանակում դերասան Ռաֆայել Երանոսյանն իր համար հարսնացու ընտրեց։ Այն, որ դերասանը դեռ չի գտել իր երկրորդ կեսին, շատ է մտահոգում նրա մտերիմներին։ Դե, իսկ հեռուստածրագիրն էլ հնարավորություն տվեց Ռաֆայելին ընտրություն կատարել ծրագրին ներկայացած երեք աղջիկների շրջանում։ Հիմա երկրպագուներից շատերը հետաքրքրվում են՝ դերասանը շփվո՞ւմ է այդ աղջկա հետ, թե ոչ։

«Դա շոու էր, իմ եւ այդ աղջկա միջեւ ընկերական շփումից բացի՝ ուրիշ ոչինչ չկա, դա ընդամենը ծրագիր էր, ոչ մի լուրջ բան։ Ես այնքան անճար չեմ, որ հեռուստատեսությամբ հարսնացու ընտրեմ։ Ուղղակի բազմաթիվ նամակներ էին ստացվել, երկրպագուները ցանկություն էին հայտնել, որ ես մասնակցեմ ծրագրին, ես էլ չմերժեցի եւ ապահովեցի շոուն»,-մեզ հետ զրույցում պարզաբանեց դերասանը։
Մենք զրուցեցինք նաեւ ստեղծագործական ծրագրերի շուրջ։ Ռաֆայելը տեղեկացրեց, որ Կամերային թատրոնում սպասվում է «Նազա՛ր, Նազա՛ր մինչեւ վերջ» ներկայացման պրեմիերան. «Այդ ներկայացման մեջ ի սկզբանե խաղացել է Հրանտ Թոխատյանը։ Մայիսի սկզբին արդեն այն կմատուցվի նորովի։ Խաղում ենք Հրանտ Թոխատյանը, ես, Իրինա Դանիելյանը»,-մանրամասնեց Ռաֆայելը։
Կրկին մայիս ամսին Կամերային թատրոնում Ռաֆայելը հանդես կգա նաեւ մոնո-ներկայացմամբ՝ սթենդ-ափ ժանրում։ Այն կարծարծի հայի տեսակի թեման, ինչպես դերասանն է նշում` անդրադարձ կկատարվի մեր թերություններին, որոնք ամբողջ աշխարհին ներկայացվում են որպես առավելություններ. «Բողոք չի լինի, փոխարենը կլինի հումոր։ Հանդիսատեսը կգա, կլսի, մեր դառը իրականության վրա կծիծաղի եւ երեւի թե մի բան մտածելով՝ կգնա տուն։ Ներկայացումը կընդգրկի երգ, պար, նմանակումներ»,-ասաց դերասանը։
Մայիս ամսին Ռաֆայելի երկրպագուներին սպասվում է եւս մեկ անակնկալ։ Իրանահայ ռեժիսոր Սեթո Գոջամանյանը կբեմադրի ներկայացում, որտեղ կընդգրկվեն ինքը՝ Ռաֆայելը, Անդրանիկ Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը եւ այլք, սպասվում է հայ-իրանական համագործակցություն։
Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին, ապա դերասանը տեղեկացրեց, որ առաջիկայում կնկարահանվի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի ֆիլմերից մեկում, նաեւ կմասնակցի ֆրանսիական արտադրության ֆիլմի քասթինգին։

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ԶԻԴԱՆԸ ԶԱՐՄԱՑԵԼ Է
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի թաքցրել զարմանքը Կրիշտիանու Ռոնալդուի շքեղ գոլին Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որում պորտուգալացի հարձակվողը շրջադարձ հարվածով գրավել էր իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը: Այդ գոլից հետո «Յուվենտուս»-ի երկրպագուները ծափահարել էին Պորտուգալիայի հավաքականի ավագին: Նշենք, որ չեմպիոնների լիգայում ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել այդքան գոլ խփել «Յուվենտուս»-ի 40-ամյա դարպասապահին: «Իհարկե, իմ գոլն ավելի գեղեցիկ էր: Դա միանշանակ է»,- ասել է Զիդանը, որը ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Ռեալ»-ում խաղացել է 2001-2006թթ:
Հիշեցնենք, որ Թուրինում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հաղթել էր 3:0 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ: Նա դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում 10-րդ խաղում անընդմեջ:

 

 

ՆՎԻՐՎԱԾ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ
Երեւանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ` Հրանտ Դինքի անվան հիմնական դպրոցում կազմակերպվել է ցերեկույթ` նվիրված հայազգի շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրին: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները կատարել են աշխարհահռչակ երգչի ստեղծագործությունները, ներկայացրել դրվագներ նրա կյանքից: Ցերեկույթն անցկացվել է զուգահեռաբար հայերեն եւ ֆրանսերեն:

 

 

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ապրիլի 15-ից 19-ը առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին կմասնակցեն 31 երկրների շուրջ 300 մարզիկներ: Առաջնությունում Հայաստանը կունենա 16 ներկայացուցիչ: Հայ սուսերամարտիկները հանդես կգան խոցասուսեր եւ ճկասուսեր մրցաձեւերում` անհատական ու թիմային պայքարում:




Լրահոս