Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017-2018 թվականների ընթացքում հանցավոր խմբի անդամները, նախապես ուսումնասիրելով «odnoklassniki.ru» սոցիալական կայքի օգտատերերի տվյալները, ընտրությամբ թիրախավորել են Արցախի Հանրապետության 26 բնակիչների, այնուհետև արտերկրում բնակվող նրանց ազգականների անվամբ ստեղծել են կեղծ էջեր և սկսել են նամակագրություն վարել վերոնշյալ քաղաքացիների հետ` համոզմունք ձևավորելով, թե իբր ֆինանսական աջակցություն են ցանկանում ցուցաբերել նրանց։ Այդկերպ մոլորության մեջ գցելով Արցախի բնակիչներին` շինծու պատրվակով նրանցից խնդրել ու ստացել են բանկային քարտերի տվյալները, այդ թվում՝ գաղտնաբառերը, որոնց օգտագործմամբ քարտային հաշիվների վրա առկա գումարները փոխանցել են իրենց իսկ կողմից տնօրինվող տարբեր էլեկտրոնային դրամապանակներին ու բանկային քարտերին, ապա` կանխիկացրել և հափշտակել:
Քրեական գործով հանցավոր խմբի 5 անդամ ձերբակալվել է, ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ նրանց հանցակիցներին բացահայտելու և տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։
Նշված հանցագործությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 011-56-27-24 և 010-57-94-07 հեռախոսահամարներով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով շարունակում է միջոցներ ձեռնարկել` օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության բնականոն զարգացման և քաղաքացիների իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ։
Հիշյալ գործառույթների իրականացման շրջանակում 2017-2018 թվականներին բացահայտվել են նաև անդրազգային հանցավոր խմբերի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, բանկերի համակարգչային ցանցեր ապօրինի ներթափանցելու, պահվող տեղեկատվությանը տիրանալու և դրա միջոցով առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր:
Այսպես`
Հայաստանում գործող բանկից հափշտակություններ կատարելու դիտավորությամբ ՌԴ մի խումբ քաղաքացիներ միջնորդավորված եղանակով ՀՀ քաղաքացիներին չնչին գումարներով շահագրգռել են բացել արտարժույթային հաշվեհամարներ և ստացած բանկային քարտերը փոխանցել իրենց: Այնուհետև հանցավոր խմբի անդամները համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ վնասաբեր ծրագրեր տարածելու միջոցով հեռակա հասանելիություն են ստացել բանկի համակարգչային ցանցին, ավելացրել այդ քարտերի զրոյական հաշվեկշիռներն ու կանխիկացման սահմանաչափը, որից հետո Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Ռիգա քաղաքներում գործող բանկոմատներից ՀՀ քաղաքացիների անվամբ բացված պլաստիկ քարտերով կանխիկացրել են շուրջ 160 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ 2 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությանն օժանդակելու համար, բացահայտվել են նաև հանցագործության կատարմանը ներգրավված և ՀՀ-ից դուրս գտնվող մյուս անձանց ինքնությունները, որոնց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող մեկ այլ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իսպանիայի Թագավորության, Լիտվայի Հանրապետության և Վրաստանի թվով 4 քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբը, Հայաստանում գործող մեկ այլ բանկից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի տիրացել է ԱՄՆ-ում գործող բանկերի համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանը՝ քարտապանների մուտքանուններին և գաղտնաբառերին: Այնուհետև, առանց այդ քարտապանների իմացության, վերջիններիս հաշվեհամարներից առցանց եղանակով ավելի քան 32 մլն ՀՀ դրամին համարժեք գումար են փոխանցել Հայաստանում իրենց անվամբ բացված դրամային և արտարժույթային հաշվեհամարներին, և փորձել են բանկոմատներից կանխիկացնել գումարները, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ ՀՀ-ում գործող բանկի աշխատակիցների կողմից գործարքները կասկածելի են գնահատվել, և հաշիվները սառեցվել են, իսկ բանկային քարտերը` արգելափակվել:
Անդրազգային հանցավոր խմբի անդամների ինքնությունները բացահայտվել են, միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Վերոհիշյալ քրեական գործերի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակցում է օտարերկրյա իրավասու մարմինների և Ինտերպոլի հետ՝ անդրազգային հանցավոր գործունեության սխեմաները բացահայտելու, առերևույթ հանցանքներին առնչակից բոլոր անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Հանցավոր խմբերի գործունեության մեխանիզմների և կիրառած եղանակների մասին հայտնվել է նաև շահագրգիռ ֆինանսական կազմակերպություններին` բանկային համակարգի խոցելիությունը բացառելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում է անվտանգության նկատառումներով և վերը ներկայացված իրավիճակներից խուսափելու նպատակով զերծ մնալ բանկային քարտերն ու դրանց գաղտնաբառերն այլ անձանց փոխանցելուց, իսկ հաշվեհամարների շարժի վերաբերյալ կասկած հարուցող տվյալների առկայության դեպքում անհապաղ դիմել սպասարկող բանկեր։