ՄԻՊ գրասենյակն այս օրերին հայտարարություններ է տարածում, որոնցում նշվում է, թե ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելում են «Իմ քայլը» շարժման` բերման ենթարկված մասնակիցներին: Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես այցելել է նրանցից մի քանիսին, սակայն պաշտպանն այդպես էլ որեւէ անգամ չի գնացել Հանրապետության հրապարակ` փորձելով տեղում կանխել մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքերից գոնե մի քանիսը: Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանի հետ:
-Տիկին Հովսեփյան, պաշտպանն այս օրերին անձամբ ի՞նչ աշխատանք է իրականացնում, երբ բազմաթիվ բերման ենթարկված քաղաքացիներ կան:
-Երեկ գիշեր պաշտպանն անձամբ այցելել է Դավիթ Սանասարյանին, աջակցել է, որպեսզի Լեւոն Բարսեղյանն ազատության մեջ լինի, ինչպես նաեւ` Ստեփան Գրիգորյանը:
-Իսկ Նիկոլ Փաշինյանին այցելե՞լ է:
-Նիկոլ Փաշինյանի մասով ոչինչ դեռ չեմ կարող ասել:
-Բայց պաշտպանը տեղյա՞կ է, թե Ն. Փաշինյանը որտեղ է գտնվում:
-Մենք այս պահին ոչինչ չենք կարող ասել:
-Իսկ ինչո՞ւ պաշտպանը չի գնում Հանրապետության հրապարակ:
-Պետք է ասեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս բարդ իրավիճակում համակարգում է աշխատակազմի գործողությունները: