Այսօր մենք այստեղ ենք՝ արցախցիների հետ հիշելու և հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է աշխատանքային այցով Արցախում գտնվող Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեինը:
Նա նշել է, որ ապրիլի 24-ը ողբերգական օր է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև համայն մարդկության համար:
«Օրվա կապակցությամբ ցանկանում եմ հայ ժողովրդին կրկին մաղթել համբերություն: Թող որ էլ երբեք նման ողբերգական դեպքեր չարձանագրվեն հայ ժողովրդի պատմության մեջ»,-նշել է Դ. Կովեինը:
Աբխազիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Արցախյան շարժման 30-ամյակին՝ նշելով, որ քանի որ տարին հոբելյանական է արցախցիների համար ցանկանում է իր շնորհավորանքի խոսքը փոխանցել:
«Յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք և այս առումով Արցախի ժողովուրդն իրացրել է այդ իրավունքը:Այս առիթով ես իմ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքն եմ փոխանցում արցախահայությանը: Աբխազիայի ժողովուրդը ևս հանուն անկախության իր պայքարի ճանապարհ է անցել, և շատ ուրախ եմ, որ միասին կերտում ենք մեր ազատ և ինքնիշխան ապագան»,- ասել է Աբխազիայի ԱԳ նախարարը: