Հանրապետական կուսակցության անդամները դեռ ուշքի չեն եկել Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Բանն այն է, որ նրանց համար այդ տեղեկությունը շատ անակնկալ է եղել, եւ այդ մասին նրանցից շատերը տեղեկացել են հայտարարությունից ընդամենը րոպեներ առաջ: Տեղյակ չլինելու փաստն ապացուցում են նաեւ հրաժարականից ժամեր առաջ նրանց վստահ հայտարարությունները եւ ոչ միայն:
Երեկ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել նաեւ կառավարության անդամներն ու ՀՀԿ-ական պատգամավորները, սակայն նրանք բոլորն ակնհայտ ընկճված էին, հուսալքված եւ ոչ մի պատկերացում չունեին ապագայի մասին: Եվ չնայած բոլորը միաբերան պնդում էին, թե այսօր քաղաքական հարցերի մասին խոսելու օրը չէ, սակայն ակնհայտ էր, որ նրանք ասելիք չունեին, այլ փորձում էին ուղղակի կրկին գովել Սերժ Սարգսյանին՝ արդարացնելով, թե արյունահեղություն է կանխել:
Սերժ Սարգսյանն անձամբ երեկ խուսափել էր գալ Ծիծեռնակաբեդ. ներկա էին վարչապետի ժամանավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, նախագահ Արմեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ պնդել է, թե Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո Հայաստանում է, թեեւ ըստ շրջանառվող լուրերի` նա մեկնել է ՀՀ-ից։