Մեզ մնում է այսուհետ ևս լինել նույնքան միասնական, որքան վերջին տասը օրերին էինք․ Նիկոլայ Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեղի ունեցած թավշա հեղափոխությանը վերջին տասը օրերին իրենց աջակցությունն էին հայտնել մի շարք արվեստագետներ՝ հրաժարվելով իրենց կոչումներից, Սերժ Սարգսյանի շնորհած մեդալներից: Շարժմանը մասնակցում էին նաեւ մի շարք շոուբիզնեսիցներ, այդ թվում՝ դերասաններ Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Գարիկ Պապոյանը, Սոս Ջանիբեկյանը, Նիկոլայ Եղիազարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նիկոլայ Եղիազարյանը նշեց, որ գուցե կային այնպիսիք, որոնք վախեցան աշխատանք կորցնել, չարտահայտեցին իրենց բողոքը, բայց իրենք նպատակահարմար գտան լինել ժողովրդի կողքին. «Մենք ծափահարություններն ու ջերմությունը ժողովրդից ենք ստացել, ուստի պարտավոր էինք լինել նրա կողքին, լինել միասնական, այլ տարբերակ չէր կարող լինել: Ինձ շատ էր ոգեւորել մարդկանց ջիգյարը, հոգին, մարդկանց դեմքերին ժպիտ է հայտնվել, հենց դա էր մեզ պակասում»,-ասաց դերասանը:

Նրա խոսքով՝ մեզ մնում է այսուհետ եւս լինել նույնքան միասնական, որքան վերջին տասը օրերին էինք. «Մենք պետք է հավատանք մեր հավատին, չբաժանվենք, տարակարծությունների չտրվենք: Համոզված եմ, որ այդ համախմբվածությունը շարունակելու է իշխել»,-մեկնաբանեց Նիկոլայ Եղիազարյանը:

Հատկանշական է, որ այս իրադարձությունները համընկան ապրիլի 24-ի հետ: Դերասանի համոզմամբ՝ մենք չպետք է մոռանանք հետ նայել, դասեր քաղել անցյալից եւ շարժվել առաջ. «Սա այն ժողովուրդն է, որը պայքարել է իր արժեքների համար, սա այն երիտասարդությունն է, որ պետք է լինի միասնական: Ամեն տարի ժողովուրդը գնացել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, բայց այս տարվա երթը եղավ հաղթանակած երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Մեր նախնիների մոտ ենք գնալու ժպիտով, հպարտությամբ, արդեն մարդիկ իրար այլ կերպ են բարեւում: Մեր երկրում իրականություն է փոխվել»,-եզրափակեց Նիկոլայը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս